Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 22,2005 00:00

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է ԶՈՀԵՐՈՎ Շաբաթ օրը Ղրղըզստանի մի շարք քաղաքներում ընթացել են բողոքի զանգվածային գործողություններ: Դրանց մասնակիցները համաձայն չեն վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ անցյալ տարի անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներին, հաղորդում է «Արմինֆոն», հղում անելով ռուսական «Նովոստի» լրատվական գործակալությանը: Ղրղըզստանի հարավային մայրաքաղաք Օշում բողոքի գործողության մասնակիցները «ժողովրդական նահանգապետ» են ընտրել նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Անվար Արթիկովին: Որոշ աղբյուրների համաձայն, միջոցառմանը մասնակցել է 2-5 հազար մարդ, որոնց թվում են Բիշքեկից Օշ ժամանած ընդդիմության առաջնորդները: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են չեղյալ հայտարարել խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ փոխել ներկայիս իշխանություններին: «Ժողովրդական նահանգապետ» է ընտրվել նաեւ Ջալալաբադում, որտեղ ցուցարարները մարտի 4-ից գրավել են մարզային վարչակազմի շենքը: Հանրապետության խորհրդարանի ընտրություններից հետո պարտված թեկնածուների կողմնակիցները գրավել են հանրապետության յոթ մարզերից երեքի մարզային վարչակազմերի շենքերը, ինչպես նաեւ մի քանի շրջանային վարչակազմերի եւ քաղաքապետարանների շենքեր, շրջափակել մի քանի ավտոճանապարհ: Հանրապետության կառավարությունը սպասողական դիրք է գրավել՝ գործուն միջոցներ չձեռնարկելով իրավախախտների նկատմամբ: Վերջին հաղորդումների համաձայն, ընդհարումների զոհ է դարձել 4 միլիցիոներ: Ինչպես հաղորդել են Ղրղըզստանի իրավապահ մարմիններում, շաբաթ օրը Օշ է մեկնել ներքին գործերի նախարարը, ով ստանձնել է մարզի ներքին գործերի մարմինների կառավարումը: Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին եւ մարտի 13-ին խորհրդարանական ընտրությունների երկու փուլերի արդյունքում խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են կազմում կառավարամետ եւ չեզոք պատգամավորները: Խորհրդարան են մտել նաեւ երկրի նախագահ Ասկար Ակաեւի դուստրն ու որդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել