Լրահոս
Օրվա լրահոսը

Ինֆուզորիանե՛ր

Մարտ 22,2005 00:00

Ինֆուզորիանե՛ր Այսպես է արտահայտվում կոալիցիոն գործընկերոջ՝ «Օրինաց երկրի» հասցեին ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Օրեր առաջ Գալուստ Սահակյանը հակադարձել էր ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի այն պարբերաբար կրկնվող արտահայտությանը, թե լուրջ չեն վերաբերվում ՀՀԿ խմբակցության ղեկավարի ասածներին, եւ հայտարարել, որ եթե ինքը լուրջ վերաբերվեր՝ Սամվել Բալասանյանը չէր լինի խորհրդարանում: Սակայն երբ «Առավոտն» այն ժամանակ փորձել էր պարզել ՕԵԿ խմբակցության ղեկավարի տեսակետն այս պնդման վերաբերյալ, պրն Բալասանյանն ասել էր. «Վերջակե՛տ ենք դնում եւ լրատվամիջոցներով արդեն չի հնչի որեւէ կարծիք»: Երկար չտեւեց այս յուրօրինակ «զինադադարը»: Պատճառը թերեւս էլի Գալուստ Սահակյանի հետեւողական քննադատությունն էր ԱԺ նախագահին կից ստեղծված խորհուրդների հասցեին: Նա շարունակում էր տարբեր առիթներով էլի պնդել. «Յուրաքանչյուր պատգամավոր կարող է ունենալ նման խորհուրդներ: Առավել եւս՝ ԱԺ հանձնաժողովները: Բայց պաշտոնական խորհուրդ՝ ԱԺ նախագահին կից, լինել չի կարող», «ԱԺ նախագահն իրավական տեսակետից նման հանձնաժողովներ չի կարող ունենալ, մանավանդ՝ այդ հանձնաժողովների գործառույթները հենց ԱԺ-ում իրավական հետեւանքներ մինչեւ այսօր չեն ունեցել եւ չեն ունենալու»: Եվ «Օրինաց երկիրը» դարձյալ անցավ հակահարձակման, եւ նույն Սամվել Բալասանյանը, խախտելով մամուլում միմյանց չքննադատելու վերաբերյալ տված խոստումը, էլի հայտարարեց. «Մենք նրա ասածները լուրջ չենք ընդունում: Գալուստ Սահակյանը վերացական բաներ է ասում, բաներ, որ չկան: Ասում է այն, ինչ տվյալ պահին մտածում է, այսինքն՝ քաղաքական գիծ չի տանում»: Եվ էլի դժգոհեց. «Երբ քո «միջի մարդն» է քեզ քննադատում, քո թիմակիցը՝ ո՞նց ընդունես դա: Չե՛մ ընդունում»: Ղեկավարի պատիվը պահեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, որը Գալուստ Սահակյանին լուրջ չվերաբերվելու մասին պնդումներին հակադարձեց. «Լուրջ վերաբերմունք ունենալու համար լո՛ւրջ պետք է լինել»: Ավելին՝ պրն Մելիքյանը հայտարարեց, թե կոալիցիան հավերժ չէ եւ, որ ՀՀԿ-ն «միայնակ էլ կարող է տանել այն ողջ ծանրությունը, որ այժմ կոալիցիայի ուսերին է»: Կոալիցիոն «ցլամարտի» հաջորդ արարը՝ մարտի 20-ին «Խորհրդարանական շաբաթ» ծրագրով ՕԵԿ-ին հատկացված 3 րոպեների ընթացքում ելույթ ունեցավ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Գագիկ Մխեյանը եւ հայտարարեց, թե մարդիկ, ովքեր խոսում են Արթուր Բաղդասարյանի ստեղծած խորհուրդների դեմ՝ «խոսում են ոչ թե ԱԺ նախագահի, այլ հաշմանդամների՛, գիտնականների՛, փախստականների՛ եւ փոքր ու միջին ձեռներեցների՛ դեմ»: Գագիկ Մխեյանը նաեւ ասաց. «Ցավն այն է, որ որոշ մարդիկ երթուղային գծերի տեր լինելով՝ նաեւ դարձել են պատգամավոր ու մի հատ էլ հաթաթա են գալիս»: Ակնարկի հասցեատերն ակնհայտ էր: Եվ մենք Գալուստ Սահակյանին խնդրեցինք մեկնաբանել հաստատված «զինադադարի» նման խախտումը. «Բնականաբար, քաղաքական գործընթացն այնպիսին է, որ զինադադարի խնդիր չկա: Ես լսել եմ այդ հայտարարությունը: Եվ դիտարկումս հետեւյալն է. երբ քաղաքական թիմն իրեն չի գտնում քաղաքական դաշտում՝ փաստորեն բռնում է ինֆուզորիաներին հատուկ սադրանքների ճանապարհը»: Թե ինչ սադրանքներ են իրականացնում ինֆուզորիաները՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը չմանրամասնեց: Փոխարենն արձագանքեց ՕԵԿ խմբակցության ղեկավարի այն հրեշավոր մեղադրանքին, թե Գալուստ Սահակյանն «ասում է այն, ինչ տվյալ պահին մտածում է»: Առանց երկար մտածելու՝ պրն Սահակյանն ասաց. «Դե, այդ են սովորեցրել՝ այդ է ասում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել