Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԱԿԱՆ

Մարտ 22,2005 00:00

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Երեկ, հաշվիչ հանձնաժողովի տվյալներով, Փաստաբանների պալատի նախագահ ընտրվեց Ենոք Ազարյանը: Սակայն նրա հակառակորդ՝ Ռուբեն Սահակյանի կողմնակիցները գտնում են, որ Ե. Ազարյանը «լեգիտիմ նախագահ» չէ: Մարտի 19-20-ը «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի փաստաբանների հիմնադիր ժողովը: Ժողովը եւ դրան հետեւած ընտրությունները ֆինանսավորել են ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակը: Մինչ օրս գործող Հայաստանի փաստաբանների եւ Փաստաբանների միջազգային միությունների միավորմամբ ձեւավորվեց միասնական պալատ: Սակայն այն, ինչ կատարվեց երկու օրերի ընթացքում, այնքան էլ «փաստաբանավայել» չէր, չնայած ժողովը սկսելուց առաջ նման կոչ էր արել ՀՓՄ նախկին նախագահ Միշա Փիլիպոսյանը: Փաստաբանները նախ մի շնչով «կողմնակից» քվեարկեցին (85-ամյա նախագահող, գյումրեցի Հակոբ Հակոբյանը կողմ քվեարկելու ժամանակ հարցնում էր՝ «ովքե՞ր են կողմնակից») ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրությանը, Փաստաբանի վարքագծի կանոնագրքին: Սակայն ինտրիգը նորաստեղծ պալատի նախագահի ընտրություններն էին. երկու օրերի ընթացքում երկու միությունների անդամները միմյանց դիմեցին «մեր թեկնածուն», «ձեր թեկնածուն», «մեր հաշվիչի անդամը», «ձեր հաշվիչի անդամը» ձեւակերպումներով, «մեր» ու «ձերով»: «Մեր» ու «ձերի» ջրբաժանի արդյունքում հակառակորդ թիմերի ներկայացուցիչները մերթ ընդ մերթ լքում էին դահլիճը: Դա կատարվում էր Լեհաստանի, ԵԱՀԿ-ի, ԱՄՆ դիտորդների ներկայությամբ: Օրակարգը սպառելուց հետո առաջադրվեցին պալատի նախագահի թեկնածությունները. Ենոք Ազարյան, Ռուբեն Սահակյան, Գագիկ Սոլոմոնյան եւ Տիգրան Ջանոյան: Վերջին երկուսը ինքնաբացարկ հայտնեցին: Առաջարկվեց նաեւ պալատի խորհրդի կազմը՝ 11 հոգուց բաղկացած, սակայն բուռն քննարկումների արդյունքում այդ թիվը հասավ 30-ի: Կարգապահական հանձնաժողովում 9-ի փոխարեն առաջադրվեց 24 թեկնածու, իսկ որակավորման հանձնաժողովում՝ 6-ի փոխարեն 7 թեկնածու: Շրջաններից եկած փաստաբանները, որոնք գիշերել էին «Անի» հյուրանոցում (մոտ 90 փաստաբան), առաջարկեցին «վերջ տալ այդ ձանձրույթին» եւ ակնհայտորեն չարացած էին «երեւանյան մաֆիայի» դեմ: Թեկնածուների առաջադրման ժամանակ փաստաբաններն այնպիսի ակտիվություն էին դրսեւորում, որպիսին սովորաբար չի նկատվում ոչ դատական նիստերին, ոչ դատախազի կամ քննիչի հետ աշխատելիս: Լարվածությունը մեծացավ, երբ Ենոք Ազարյանի «նախընտրական շտաբը» շրջանառության մեջ դրեց մի ցուցակ, որով տարանջատեց իր թեկնածուներին՝ բոլոր տեսակի հանձնաժողովներում եւ խորհուրդներում: Նրանից ետ չմնաց նաեւ Ռուբեն Սահակյանի թիմը՝ համարժեք մի ցուցակ ներկայացնելով: Թեեւ երկու կողմի փաստաբաններին երբ հարցնում էինք ցուցակների մասին, նրանք ասում էին, որ անտեղյակ են, եւ որ դրանք «լրագրողական պրովոկացիա» են: Հետաքրքիր էին նաեւ նախընտրական ելույթները: Իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանը բաժանել էր իր նախընտրական գունավոր բուկլետը: Ազարյանը խոստացավ Փաստաբանների պալատի կողմից հիմնադրել փաստաբանական բարձրագույն դպրոց, փաստաբանություն ուսումնական առարկան ներդնել բուհերում, շնորհալի փաստաբաններին պարգեւատրել «ՀՀ պատվավոր փաստաբան» կրծքանշանով: Ե. Ազարյանի նախընտրականում տեղ էին գտել նաեւ փաստաբանների ազատ ժամանցի կազմակերպումը, գրասենյակներում հանգստի առանձին սենյակների ստեղծումը: Ռուբեն Սահակյանը խոստացավ բարձրացնել փաստաբանների հեղինակությունը, այնպես անել, որ միջնորդությունները տեղ հասնեն: Խոստացավ նաեւ իր ընտրվելուց մեկ շաբաթ անց Գյումրիի եւ Վանաձորի գրասենյակներին տրամադրել համակարգիչ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից բերվեց երկու թափանցիկ տուփ, իսկ Ամերիկայի իրավաբանների ընկերակցությունը գունավոր թղթեր էր բերել ընտրությունները կազմակերպելու համար: Հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման համար բանակցությունների արդյունքում 5-ը ներկայացրեց Ազարյանի թիմը, 4-ը՝ Սահակյանի: 435 արտոնագրված փաստաբանից քվեարկությանը մասնակցեց 363-ը: Հաշվիչ հանձնաժողովը մի գիշեր լուսացրեց հյուրանոցում, իսկ հանձնաժողովի նախագահ Կարեն Քամալյանը երեկ, ժ. 12:15-ին, հրապարակեց ընտրությունների արդյունքները. Ենոք Ազարյանը հավաքել էր 181 ձայն, Ռուբեն Սահակյանը՝ 174: Ամերիկայի իրավաբանների միության երեւանյան գրասենյակի տնօրեն Քերին Քենդրիկը դրական գնահատեց ընտրությունները. «Ընտրությունների ընթացքում ծագեցին ընթացակարգի հետ կապված տարաձայնություններ, որոնք հանձնաժողովը կարողացավ հարթել՝ համապատասխան որոշումներ կայացնելով: Իրենց ընդհանուր ժողովով հայ փաստաբանները մեծապես նպաստեցին թե իրենց մասնագիտության, թե քաղաքացիական հասարակության խթանմանը»: Հաշվիչ հանձնաժողովի 11 անդամից 5-ը հատուկ կարծիք ուներ եւ պնդում էր, որ ընտրությունները տեղի են ունեցել խախտումներով: «Առավոտի» տեղեկություններով, Ռ. Սահակյանի կողմնակիցները մտադիր են վիճարկել ընտրությունների արդյունքը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել