Ինչպես հայտնի է, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 18-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ընկերական հանդիպում է անցկացրել Քուվեյթի ընտրանու հետ եւ պարտվել է 1:3 հաշվով:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ մեր թիմը Ալ Էյն քաղաքի «Խալիֆա» ստադիոնում կայացած հանդիպմանը հասել է մարտի 16-ի վաղ առավոտյան, մինչդեռ մրցակիցը ժամանած է եղել հինգ օր առաջ եւ լիարժեք նախապատրաստվել ու խաղադաշտ է մտել մեկնարկային հետեւյալ կազմով. Ապուլա Էդիմա Բետե, Վալերի Ալեքսանյան, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Ռոմեո Ջենեբյան, Ռաֆայել Նազարյան, Համլետ Մխիթարյան, Արման Քարամյան, Արամ Ոսկանյան, Դավիթ Գրիգորյան:
Հանդիպումը սպասարկել է ԱՄԷ-ի մրցավարական անձնակազմը: Թեեւ առաջին 10 րոպեներից հետո խաղային առավելությունը ամբողջովին հայաստանցիների կողմն է եղել, սակայն մեր ֆուտբոլիստները չեն կարողացել իրացնել բազմաթիվ գոլային պահեր: Այդուհանդերձ, Արման Քարամյանն առաջին խաղակեսում գրավել է մրցակցի դարպասը, սակայն մրցավարը գոլը չի հաշվել: Ընդմիջումից հետո Դավիթ Գրիգորյանին փոխարինել է Արտավազդ Քարամյանը, իսկ Արման Քարամյանին՝ Անդրեյ Մովսիսյանը, որը նույնպես ձեռքից բաց է թողել չորս գոլային ռեալ հնարավորություն: Խաղի ընթացքում Բեռնար Կազոնին դաշտ է մտցրել նաեւ Աղվան Մկրտչյանին, Լեւոն Պաչաջյանին, Արարատ Առաքելյանին:
Քուվեյթցիները հաշիվը բացել են 72-րդ րոպեին, իսկ հինգ րոպե անց կրկնապատկել են այն: 88-րդ րոպեին սեփական տուգանայինում ձեռքով խաղալու համար մրցավարի՝ Քուվեյթի դարպասին նշանակած 11 մետրանոց հարվածը հստակ իրացրել է Համլետ Մխիթարյանը: Սակայն ընդամենը երկու րոպե հետո մրցակիցը խփել է երրորդ եւ վերջին գոլը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ