Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուգատես՝ առանց ստուգողների

Մարտ 22,2005 00:00

Մշակույթի նախարարությունը շաբաթ օրը կազմակերպել էր երիտասարդ ստեղծագործողների «Դեբյուտ» ստուգատես, որն ավելի գեղարվեստորեն անվանվում էր «Գեղեցիկի առագաստներ»:

Ըստ նախապես հայտարարված ծրագրի, մասնակիցներին նախեւառաջ պետք է ողջուներ նախարար Հովիկ Հովեյանը: Բայց որքան էլ միջոցառումը հետաձգեցին, նա այդպես էլ չեկավ: Չերեւացին նաեւ երիտասարդ ստեղծագործողներին «ստուգողները»: Եվ դժվար էր պատկերացնել, թե բացի իրենց ծնողներից ու բարեկամներից, ո՞ւմ համար էին մասնակիցներն այդքան ոգեւորված ելույթ ունենում: «Դեբյուտների» համար անհասկանալի էր նաեւ, թե ինչու կամ ինչպես էին արվեստի տարբեր բնագավառներից՝ նկարչություն, երգ-երաժշտություն, հենց իրենց ընտրել:

Մինչ նրանք ելույթ կունենային, հանդիսատեսին բաժանեցին բրոշյուրներ, որտեղ նշված էին ստուգատեսի նպատակը, համերգի օրակարգն ու մասնակիցների կենսագրությունը: Ավելի ուշ պարզվեց, որ այդտեղ երիտասարդներից մի քանիսի անունները սխալ էր գրված եւ կենսագրությունն էլ չէր համապատասխանում իրականությանը: Ավելին՝ նրանցից մեկը՝ Նարինե Անանիկյանը, որին համառորեն Անահիտ էին ներկայացնում, դժգոհում էր, որ իրեն դեբյուտի համար են կանչել: «Նա արդեն օպերային թատրոնի մեներգչուհի է, բազմաթիվ համերգների է մասնակցել, մեծ հաջողությունների է հասել, ի՞նչ դեբյուտ»,- բացատրեց երգչուհու քույրը: Ըստ ծրագրի, ներկայացվեց նաեւ բանաստեղծ Գեւորգ Թումանյանի ստեղծագործական ուղին, նույնիսկ ընթերցվեցին նրա ամենահաջողված գործերից: Ի դեպ, հեղինակն էլ նախապես զգուշացրեց, որ «դրանցից դժվար թե գեղարվեստական հաճույք ստանաք»:

Դահլիճում մի քանի անգամ հայտարարվեց, որ լինելու է Գ. Թումանյանի «Անընդհատ անառակ որդի» անդրանիկ ժողովածուի շնորհանդեսը, ինչը անակնկալի էր բերել անգամ հեղինակին. «Ճիշտն ասած, ես ոչնչից տեղյակ չեմ, պարզապես ինձ մի քանի օր առաջ նախարարությունից զանգել են ու ասել, որ էսինչ օրն այստեղ գամ: Անկեղծորեն, ինքս էլ զարմացել եմ գրքիս շնորհանդեսի համար, որովհետեւ ես այն տպագրել եմ դեռ 2002-ին: Եթե շնորհանդեսն է, ինչո՞ւ պիտի այդքան ուշանար»: Գյումրեցի Գ. Թումանյանը չգիտեր նաեւ, թե ինչո՞ւ ամբողջ Շիրակի մարզից հենց իրեն են կանչել. «Միայն հասկացել եմ, որ սա մի շարունակական փառատոն է, եւ բոլորը հնարավորություն կունենան այստեղ հանդես գալու»: Հաջորդ մասնակցի՝ գեղանկարիչ Վարդան Պողոսյանի աշխատանքները ներկայացված էին Կամերային երաժշտության տան նախասրահում: Նրա կարծիքով, նման միջոցառումների հիմնական իմաստը երիտասարդ ստեղծագործողներին պետական աջակցություն ցուցաբերելն է:

Հարցին, թե պետությունն այսքան ժամանակ ինչո՞վ է իրեն աջակցել, նա, սակայն, դժվարացավ պատասխանել. «Դե, աջակցությունը հարաբերական հասկացություն է, ամեն մարդ գնահատման իր չափանիշներն ունի: Ինձ թվում է՝ հենց միայն այն, որ այս միջոցառումը կազմակերպել են, արդեն ինչ-որ բանով աջակցել են»: Այնուամենայնիվ, նա նույնպես զարմացել էր, որ իրենց կուրսի այդքան տաղանդավոր նկարիչներից միայն իրեն էին հնարավորություն տվել ստուգատեսին ներկայանալու:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել