Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԶԵՆՔ ԴՈՒՐՍ ՉԻ ԵԿԵԼ

Մարտ 22,2005 00:00

Հայաստանում ԱՄՆ դաշնային հետախուզական բյուրոյի
(ԴՀԲ) հատուկ գործակալ, տարածաշրջանում ԱՄՆ կառավարության իրավական կցորդ Բրայան
Պարմանը ասուլիս էր հրավիրել մարտի 15-ին Նյու Յորքում ձերբակալված հանցախմբի գործով:
Արդեն հայտնի է, որ խմբում կան հայեր, վրացիներ, ամերիկացիներ, ովքեր փորձում
էին Հարավային Կովկասից մաքսանենգ ճանապարհով զենք փոխադրել Միացյալ Նահանգներ: Գործով
չի ձերբակալվել ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն
Սարգսյանը, որին ձերբակալված անձանցից մեկը՝ Սպարտակ Եդիբեկյանը դիմել է, որպեսզի
նա իր համար որոշ զինատեսակների նկարներ պատրաստի եւ տրամադրի իրեն: Ս. Եդիբեկյանը
տրամադրել է նաեւ թվային տեսախցիկ, որը նախօրոք նրան ԱՄՆ-ից ուղարկել էր հանցախմբի
պարագլուխ Արթուր Սողոմոնյանը՝ նույնպես ձերբակալված: Ի դեպ, հենց այդ լուսանկարներն
են, որ ամբողջ աշխարհում լրատվամիջոցներով ցուցադրվում են: «Նշված զորամասում զինված
ուժերի հրամանատարության հետ միասին անցկացրել ենք ստուգումներ, նշված զինատեսակները
տեղում են, դրանցից բացի, մյուսներն էլ են տեղում եղել, ամեն ինչ իր տեղում է»,-
երեկ հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Հրաչյա Հարությունյանը: Ավագ լեյտենանտի
արարքը պրն Հարությունյանը միայն կարգապահական խախտում որակեց, քանզի «նշված զինատեսակները
գաղտնիք չեն ներկայացնում», բայց, Հ. Հարությունյանի խոսքով, քննությունը դեռ ցույց
կտա՝ պե՞տք է ձերբակալել լեյտենանտին, թե՞ ոչ: Թեեւ դեռ վաղ է հետաքննության
ավարտի մասին խոսելը, սակայն թե՛ ՀՀ ԱԱԾ փոխտնօրենը, թե՛ ՀՖԲ գործակալը վստահաբար
շեշտում էին, որ Հայաստանից ոչ մի միավոր զենք դուրս չի բերվել, եւ ընդհանրապես կատարվածը
Հայաստանի վարկանիշի վրա չի կարող ազդել. «Սա Հայաստանի վարկանիշի վրա ներկա պարագայում
անդրադառնալ չի կարող, քանի որ հենց այդ նկատառումով մենք բոլորս այստեղ հավաքվել
ենք եւ հերքում ենք, որ ՀՀ տարածքից է դուրս եկել զինամթերքը: Եթե Հայաստանը այդ
գործընթացին չի մասնակցել եւ Հայաստանից զենք դուրս չի եկել, ինչի՞ մասին է խոսքը»,-
հայտնեց Հ. Հարությունյանը: Հանցախմբի պարագլուխը եւ իր եղբայրը ԱՄՆ են ընկել
Գյուղակադեմիայի ուսումնական ծրագրերի շրջանակներում եւ ձերբակալվել են հենց այն
պահին, երբ ՀՖԲ գործակալի հետ քննարկելիս են եղել գործարքի պայմանները, որոնցից մեկն
էլ եղել է «Գրին քարտ» ստանալը: Գործակալը հայտնել է խմբին, թե զենքերն օգտագործվելու
են «Ալ Քաիդայի» խմբավորումներին աջակցելու համար: Եվ այս համատեքստում արդյո՞ք աշխարհը
ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի անկեղծությանը կասկածանքով չի նայի: Պրն Հարությունյանը
ասաց. «Հայաստանը եւ Հայաստանի իրավապահ մարմինները նախ համագործակցում են թե՛ ԱՄՆ-ի,
թե՛ միջազգային պետությունների համապատասխան կառույցների հետ՝ ահաբեկչության դեմ
պայքարի բնագավառում: Այդ ուղղությամբ կան բավական դրական տեղաշարժեր, եւ մեզ այսօր
որեւէ մեկը ահաբեկչության մեջ մեղադրել չի կարող, համենայնդեպս լուրջ մարդ չի կարող
մեղադրել»: Այս առնչությամբ պրն Պարմանն ասաց. «Մեր համագործակցությունը եւ հաջողություններն
այս ասպարեզում ցույց են տալիս զենքի եւ զինամթերքի մաքսանենգ փոխադրումներ իրականացնողներին,
որ Հայաստանն այն վայրը չէ, որտեղից կարելի է զենքեր փոխադրել, որ նրանք չեն կարողանա
Հայաստանում գործունեություն ծավալել, որ մենք միասին համատեղ կհետաքննենք այս գործը,
եւ ով այդ գործում ներգրավվի, պատասխան կտա արդարադատության առաջ: Մենք բարձր ենք
գնահատում ՀՀ արհեստավարժությունը եւ կոմպետենտ աջակցությունը»: Միեւնույն ժամանակ
ԱՄՆ հետախուզական բյուրոյի ներկայացուցիչը շրջանցեց հարցը, թե հնարավո՞ր է արդյոք
այսուհետ վիզային ռեժիմի խստացում հայերի նկատմամբ. «Ես մեր երկրի դեսպանը չեմ ձեր
երկրում»: Ի վերջո, «արդյո՞ք բլեֆ չէ այս ամենը», «մի՞թե հայերի գլխին, այսպես
ասած, չեն սարքել», «կամ՝ մի՞թե հնարավոր չէր այդ զենքերը գտնել ԱՄՆ-ում». լրագրողների
այս հարցերին ի պատասխան՝ ԱՄՆ ՀՖԲ գործակալը նախ ասաց, որ «ԱՄՆ-ում այդ զինատեսակները
դժվար է ձեռք բերել»: Եվ, դրանից բացի, չհամաձայնեց, որ կատարվածը կարող է կեղծիք
լինել. «Թույլ տվեք չհամաձայնել, որովհետեւ պայմանավորվածություններ կային գործակալի
հետ՝ մինչեւ զենքերը չտեղափոխվեին, նրանք փող չէին ստանա եւ այլն»: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել