Լրահոս
Օրվա լրահոսը

«Քուջուջի» տեղը չի պակասում

Մարտ 22,2005 00:00

Սառնարան,
լվացքի մեքենա, ավտոմեքենա՝ նման կենցաղային տեխնիկայի եւ սննդի մնացորդներով հագեցած
այս աղբահորը գտնվում է Կենտրոն համայնքի Բրյուսովի 19 բնակելի շենքի հարեւանությամբ:
«Գերժամանակակից» տարողությամբ այս աղբահորն ունի շուրջ տասը տարվա վաղեմություն:
Հարեւան շենքում ապրող մարդիկ հույսները կտրել են, որ փոսը կմաքրվի: Դժվար չէ պատկերացնել,
թե գարնանից մինչեւ աշուն ինչպիսի գարշահոտ է տարածվում շուրջբոլորը, քանզի տասը
տարի երբեք աղբը չի մաքրվել, այլ հակառակը՝ ավելացել է: Տեղի բնակիչները երախտապարտ
են «բոմժերին». «Էլի նրանք են գալիս, իրենց պետք եղած բաները տանում, զիբիլը չի շատանում,
թե չէ՝ ստեղ խոլերայի բուն կլիներ»,- «Առավոտին» բողոքեցին բնակիչները: Եղել են դեպքեր,
որ երեխաներն են ընկել աղբահորի մեջ: Բարեբախտաբար՝ առանց ծանր հետեւանքի: Աղբահորն
ունի մշտական բնակիչներ՝ շները, բայց նրանք էլ ամռանն այդտեղ չեն կարողանում մնալ,
հավանաբար գարշահոտն անտանելի է նաեւ շների համար: Աղբահորը լուսանկարելու
ժամանակ մի անտուն կին մեզ ծանոթացրեց այդ աղբից օգտվողների «խոհանոցին»: «Այստեղից
օգտվում եմ արդեն հինգ տարի: Ես եմ եւ էլի երեք հոգի: Իրար չենք խանգարում, կռիվ
չկա: Էս փոսից օգուտը քիչ ա, բայց լավ- լավ բաներ են լինում, մանավանդ՝ շաբաթ-կիրակի
ու տոն օրերին, երբ մարդիկ տանն են ու քեֆ-ուրախություն են անում»,- պատմեց կինն
ու ավելացրեց. «Արդեն ինձ հավ եմ զգում, լավ քուջուջ եմ կարողանում անել»: Նշենք,
որ այս փոսը փորվել է, որպեսզի բարձրահարկ շենք կառուցվի: Սակայն 1990-ականների «հեղափոխությունից»
հետո կառուցապատողների ծրագրերը ձախողվել են, եւ տարածքը մի քանի անգամ վերավաճառվել
է: Ներկայիս տիրոջ մասին բնակիչները հակասական տվյալներ ունեին: «Կենտրոն-մաքրություն»
ՓԲԸ-ից տեղեկացրին, որ իրենք հիմնականում աղբահանություն են անում շենքերից: Արտառոց
դեպքերում, երբ ինչ-որ տեղ աղբ է կուտակված՝ բնակիչները պետք է զանգեն եւ տեղեկացնեն.
«Մենք հետաքննող խումբ չունենք, որ գնան շենքի բակերը ստուգեն: Աղբի կուտակման մեղավորները
հենց բնակիչներն են»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել