Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԵՆՍԻԲԻԼԻՐՈՎՆՆԻ» ԻՐԱՎԻՃԱԿ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Մարտ 22,2005 00:00

«Ընտրական
օրենսգիրքը» հանվեց օրակարգից Այն օրից, ինչ ԱԺ-ն անցել է քառօրյա աշխատանքային
ռեժիմի, օրենսդիրների համար անասելի դժվար է դարձել օրակարգի ձեւավորումը: Մի կողմից՝
խորհրդարանն առանձնապես չի փայլում օրենքների նախագծերի առատությունից, մյուս կողմից՝
եղածն էլ մի բան չէ: Հիմնականում քառօրյաները դարձել են միջազգային այս կամ այն պայմանագրերի
«դակման» օրեր: Որեւէ լուրջ օրենսդրական նախաձեռնությամբ ոչ կառավարությունը, ոչ
էլ խորհրդարանը հանդես չեն գալիս: Թերեւս լուրջ քննարկման առիթ էր դառնալու «Ընտրական
օրենսգրքի» քննարկումը, որը ԱԺ նախագահը մտցրել էր քառօրյայի օրակարգ, սակայն հարցը
օրակարգ չմտավ, որովհետեւ ՄԱԿ խմբակցությունը եւ «Ժողպատգամավոր» խումբը դեմ էին
հարցն այդ ձեւով քննարկելուն: Հիմնավորումն այն էր, որ «Ընտրական օրենսգրքի» քննարկումներն
այդպես էլ չանցկացվեցին պետաիրավական հարցերի հանձնաժողովում, եւ պատգամավորներից
շատերի համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ են փորձում հարցն այդքան շտապ մտցնել օրակարգ
եւ քննարկել: Հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը առաջինը դեմ արտահայտվեց հարցն
օրակարգում ներառելու մասին Արթուր Բաղդասարյանի առաջարկին՝ ասելով, թե համահեղինակները
դեմ են այս պահին հարցի քննարկմանը եւ ճիշտ կլինի այն հետաձգել: ԱԺ նախագահը նախ
փորձեց ընդդիմանալ՝ ասելով, թե Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր 63
առաջարկներից 62-ն ընդունվել են բոլորի կողմից, այդ թվում նաեւ՝ ընդդիմության, եւ
երկրի համար կարեւոր է, որ հարցը հիմա քննարկվի եւ ընդունվի: Ռաֆիկ Պետրոսյանն իր
հերթին ընդգծեց, որ «Ժողպատգամավորն» ու ՄԱԿ-ը դեմ են, ու առաջարկեց, որ հենց իրենք
կոնկրետացնեն, թե ինչո՞ւ են դեմ: «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը
մեր հարցերին պատասխանելով՝ ասաց. «Վենետիկի հանձնաժողովը 60-ից ավելի առաջարկներ
է ներկայացրել, փաստաթուղթը դեռ նոր-նոր է դրվել շրջանառության մեջ եւ շատ պատգամավորներ
դեռեւս այդ նոր խմբագրումներին ծանոթ չեն: Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են շտապում: Մեր
գերխնդիրը ընդհանրապես փաստաթուղթ ունենա՞լն է, թե՞ լավ փաստաթուղթ ունենալը: Դրա
համար մարդիկ թող ծանոթանան այդ փոփոխություններին, մենք էլ կնայենք, որպեսզի միջազգային
կառույցների հետ պրոբլեմ չունենանք եւ, միեւնույն ժամանակ, նորմալ «Ընտրական օրենսգիրք»
ունենանք, որպեսզի վաղը ընտրությունների հետ կապված խնդիրներ չծագեն»: ԱԺ
նախագահ Արթուր Բաղդասարյանին հարցրինք, թե ինչո՞վ է բացատրվում հարցն այսքան շտապ
օրակարգ մտցնելը, մանավանդ խորհրդարանական ուժերը պնդում են, որ դեռեւս փաթեթը նոր
է մտել շրջանառության մեջ եւ բոլոր պատգամավորները չէ, որ ծանոթ են դրան: ԱԺ նախագահն
իր հերթին հայտարարեց. «Շտապողականության խնդիր չկա. մենք ունենք պարտավորությունների
կատարման հաստատված ժամանակացույց, եւ ես, որպես ԱԺ նախագահ, փորձում եմ այնպես անել,
որ այդ ժամանակացույցը հնարավորինս քիչ խախտվի: Այս քառօրյայում քվեարկություն կատարելու
մտադրություն էլ չկար: Խնդիրը պետք է քննարկվեր, որից հետո ապրիլի կեսերին տեղի կունենար
քվեարկություն»: Այնուամենայնիվ, անզեն աչքով էլ նկատելի էր, որ երեկ ՄԱԿ-ն
ու «Ժողպատգամավորը» ԱԺ նախագահին՝ մասնավորապես, կոալիցիային՝ ընդհանրապես հասկացրին,
որ խորհրդարանում իրենք ուժ են ներկայացնում եւ կարող են ցանկացած պահի խառնել բոլորի
խաղաքարերը: Արդյո՞ք սա չի նշանակում, որ խորհրդարանում հասունանում է նոր մեծամասնության
ձեւավորում: Մեր այս դիտարկմանն ի պատասխան, ԱԺ նախագահն ասաց, որ նման բան չկա,
եւ որեւէ արհեստական սրացում գոյություն չունի. «Մարդիկ պնդում են, որ հարցը քննարկվի
20 օր հետո, թող լինի 20 օր հետո, դրանից ոչ մի բան չի փոխվի: Քաղաքական համաձայնությունը
կայացել է: Նույնիսկ «Արդարությունը» եւ «ԱՄ»-ն այդ 62 կետի հետ կապված եկել են համաձայնության»:
ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանին եւս հարցրինք՝ արդյո՞ք «Ընտրական
օրենսգրքի» հարցն օրակարգից հանելով ուզում է հասկացնել ԱԺ նախագահին, որ ինքն այս
խորհրդարանում դժվարությամբ է կարողանալու հարցեր անցկացնել: Գ. Արսենյանը մեր հարցին
հարցով պատասխանեց. «Դուք լսե՞լ եք, որ ՄԱԿ-ը «ԸՕ»-ն քառօրյայից հանում է: Ես ի՞նչ
արեցի, ասացի որ 20 րոպե ընդմիջում եմ խնդրում, թող գնա, մի քիչ հանգստանա: Զգում
եմ, որ սենսիբիլիրովննի կարգավիճակում է, ես չեմ ուզում քեզ հետ մտնել երկխոսության
մեջ եւ մեկնաբանել այն, ինչ մեկնաբանված է»: Գուրգեն Արսենյանն առաջարկեց խորհրդարանական
մեծամասնությանը, որ գնան ու մտածեն նաեւ այն մասին, թե ինչո՞ւ խորհրդարանական մեծամասնությունը
պետաիրավական հանձնաժողովի նիստ չկարողացավ անցկացնել. «Թող գնան եւ մտածեն այդ մասին,
ՄԱԿ-ը կամ «Ժողպատգամավո՞րն» են մեղավոր, որ իրենք նիստ չեն կարողանում անցկացնել»:
ՄԱԿ-ի համար երկու սկզբունքային առաջարկ կա եւ դրանց չընդունման դեպքում իրենք կորոշեն
իրենց անելիքը. «Սկզբունքային առաջարկ համար մեկ՝ նախագահի մեկ տեղը պետք է պակասի,
հարաբերակցությունը պետք է լինի գոնե՝ երկու-մեկ-մեկ: Երկրորդը՝ վստահված անձը հանձնաժողովի
անդամի չափ իրավահավասարություն պետք է ունենա: Մենք խնդիր չունենք, մենք այնքան
ուժեղ ենք, որ մեր արդյունքները կարող ենք պահել, խնդիրն ուրիշ է՝ երկրի ընտրողը
պետք է համոզված լինի, որ իշխանություն է դարձել այն ուժը, որին ինքն ընտրել է»:
Արձանագրենք, որ Գուրգեն Արսենյանի նկարագրած sensible (հավանաբար, նկատի
ուներ sensitve՝ նեղացկոտ, զգայուն) իրավիճակը երեկ վերաբերում էր մի քանի պատգամավորի։
Մնացածը խաղաղ սնվում էին բուֆետում կամ ճեմում էին միջանցքներով: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել