Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Մարտ 22,2005 00:00

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ
ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին տված
հարցազրույցում հայտարարել էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ
Պետրոսյանը, որը նաեւ ստորագրել է կոալիցիայի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների
ներքո՝ իբրեւ «Ժողպատգամավոր» խմբի ներկայացուցիչ: Ինչպես արդեն հաղորդել ենք, նա
դժգոհել էր, որ շարունակվում է քննարկվել կոալիցիայի սահմանադրական փոփոխությունների
հին տարբերակը, թեեւ արդեն իսկ իրականացվում են բարեփոխումներ՝ Վենետիկի հանձնաժողովի
առաջարկների հիման վրա: «Փոփոխությունների հարցն արդեն վտանգի տակ է,- ասել էր Ռաֆիկ
Պետրոսյանը:- ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովը
չի կատարում իր պարտականությունները եւ տեքստը չի փոփոխում քննարկման արդյունքներով…
Զգում եմ, որ Սահմանադրության ընդունումն արդեն իսկ ձախողելու տրամադրություն կա:
Ես հնարավոր է (ես չեմ՝ դա «Ժողպատգամավոր» խումբն է), որ ինչպես ՄԱԿ-ը վերջում հրաժարվեց՝
եթե այսպես շարունակվի, հնարավոր է, որ ես նույնպես իմ կողմից հրաժարվեմ մասնակցել»:
«Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանից երեկ հետաքրքրվեցինք, թե
արդյոք խմբի՞ տեսակետն էր արտահայտում Ռ. Պետրոսյանը՝ հայտարարելով, թե հրաժարվելու
են կոալիցիայի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների համահեղինակությունից:
«Մեր կողմից եղել է նմանատիպ մոտեցում,- պատասխանեց պրն Կարապետյանը:- Այո՛, ունենք
որոշակի վերապահումներ եւ Ռաֆիկ Պետրոսյանն արտահայտել է խմբի տեսակետը»: Եվրոպական
կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն
այժմ Հայաստանում չէ, ուստի չկարողացանք պարզել նրա տեսակետն ԱԺ պետաիրավական հարցերի
հանձնաժողովի նախագահի այս հայտարարությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ սահմանադրական
քննարկումների ընթացքում Տիգրան Թորոսյանը մի քանի անգամ ձայնը բարձրացրել էր կոալիցիայի
նախագիծը ներկայացնող Ռաֆիկ Պետրոսյանի վրա եւ նշել, թե նրա շատ պատասխաններ չի համարում
բավարար: Տիգրան Թորոսյանը նաեւ բազմիցս նշել է, թե Վենետիկի հանձնաժողովի առաջարկած
փոփոխությունները նախագծում ներառվելու են ԱԺ նիստերի ընթացքում նախագծերի քննարկումներից
եւ 1-ին ընթերցմամբ ընդունվելուց հետո: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել