Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Վ ՀԱՍԿԱՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Մարտ 22,2005 00:00

Ռուսական «Ռիա-նովոստի» գործակալության
նախաձեռնությամբ օրերս Մոսկվայում էր գտնվում հայաստանյան մի շարք լրատվամիջոցների
ներկայացուցիչներից բաղկացած խումբը: Հայ լրագրողներին եզակի հնարավորություն
էր ընձեռվել հենց Կրեմլում եւ Պետդումայում հանդիպելու ռուսաստանյան մի քանի ակնառու
պետական եւ քաղաքական գործիչների եւ, ինչպես ընդունված է ասել նման դեպքերում, անկաշկանդ
զրույց ունենալ նրանց հետ: Ընթերցողին չձանձրացնելու համար միանգամից անցնենք մեր
ունեցած հանդիպումների առավել հետաքրքիր դրվագներին: Առայժմ՝ երկու զրույց, առանց
մեկնաբանության: «Ինչ-որ մի պահի ՌԴ-ն կճանաչի ԼՂՀ-ն» ՌԴ Պետդումայի
փոխխոսնակ, ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին անգամ ճշտեց, թե հատկապես որ պահին
դա տեղի կունենա. երբ Ադրբեջանը մտնի ՆԱՏՕ: Ավելին, ըստ Վլադիմիր Վոլֆովիչի, Ռուսաստանը
կճանաչի նաեւ Աբխազիայի անկախությունը՝ համապատասխանաբար՝ երբ Վրաստանը մուտք գործի
հյուսիսատլանտյան դաշինք: Ասենք, մեր զրուցակիցը չի կարծում, թե ՆԱՏՕ-ն այդքան երկար
կյանք կունենա, ու մինչ Վրաստանն ու Ադրբեջանը ձեւակերպեն իրենց մուտքի փաստաթղթերը,
ալյանսը կքանդվի: Ժիրինովսկին մեզ հետ զրուցում էր ցուցափայտը ձեռքին եւ հաճախակի
տարբեր գեոպոլիտիկ առանցքներ էր հիշատակում, դրանք ցույց տալով իր գլխավերեւում փակցված
քարտեզին: Օրինակ՝ Մոսկվա-Պեկին-Դելի առանցքը, որը կարող է դիմակայել Արեւմտյան,
իսկ ավելի կոնկրետ՝ ամերիկյան էքսպանսիային: Մեկ այլ առանցքի վրա տեղ գտնվեց նաեւ
մեզ՝ հայերիս համար: Դա Մոսկվա-Երեւան-Թեհրան առանցքն է: «Մեկուսացումից մի վախեցեք,
եկեք մեզ մոտ, կզրուցենք, կքննարկենք, մի բան կանենք ձեզ համար»,- մխիթարում էր Վոլֆովիչը:
Իսկ ի՞նչ է մտածում ՌԼԴԿ նախագահը ԱՊՀ-ում ծայր առած գույնզգույն հեղափոխությունների
մասին: «Դրանք (մոլդավները, ուկրաինացիներն ու վրացիները- հեղ.) միլիոններով մեզ
մոտ են աշխատում, թող դա հաշվի առնեն: Իրենց ապրանքներն էլ հիմնականում մեր շուկայում
են սպառվում: Դե, թող հեռանան Ռուսաստանից, եթե կարող են», ոչ երկիմաստ շպրտեց Ժիրինովսկին:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հայ լրագրողների հարցին նա հռետորական հարցով պատասխանեց.
«Ադրբեջանը նավթ ունի, Վրաստանը՝ տարանցման հնարավորություն, դուք ի՞նչ ունեք: Շրջապատված
եք թշնամիներով ու այդ վիճակում ինքներդ որոշեք՝ մնում եք պռոռուսակա՞ն, թե՞ մտնում
եք ՆԱՏՕ»: Այս համատեքստում, իհարկե, դարձյալ շոշափվեց Ղարաբաղի եւ Աբխազիայի հարցը,
եւ ՌԴ Պետդումայի փոխխոսնակը վերահաստատեց, որ իրադարձությունների զարգացման որոշակի
սցենարի դեպքում Ռուսաստանը կճանաչի հիշյալ կազմավորումներին: «Առավոտը» փորձեց հետաքրքրվել.
«իսկ ի՞նչ իրավական հիմքերով այդ բանը տեղի կունենա»: «Հանրաքվեների հիման վրա»,
առանց մանրամասնելու՝ կտրեց Ժիրինովսկին եւ սահուն անցում կատարեց Թուրքիայի թեմային:
Ըստ նրա, Հարավային Կովկասում Թուրքիայի դերը խիստ բացասական է՝ «էքսպանսիոնիստական»:
«ՌԴ-Թուրքիա ստրատեգիական գործընկերությունն անհնար է»,- հանգստացնում էր Վլադիմիր
Վոլֆովիչը, ի պատասխան երկու երկրների հարաբերությունների վերջին ջերմացումներին
առնչվող հարցերին: Իսկ փաստը, որ ՌԴ-Թուրքիա եւ ՌԴ-Ադրբեջան ապրանքաշրջանառության
ծավալները խիստ գերազանցում են ՌԴ-Հայաստան համարժեք ցուցանիշին, Ժիրինովսկին շատ
պարզ է մեկնաբանում. «Իսկ մեր օգուտը ո՞րն է, դուք էլ մտածեք այդ մասին: Ահա, ադրբեջանցիները
որքան շատ են այստեղ՝ Ռուսաստանում: Ադրբեջանն ինքը աշխատում է մեզ հետ»: Այնուամենայնիվ,
Ժիրինովսկու համար ռազմավարական գործընկերության սխեմաներն առավել քան հստակ են.
Ռուսաստանը գործընկերություն է անելու քրիստոնեական Հայաստանի հետ, իսկ ապագայում
անգամ չի բացառվում, որ Սեւրի դաշնագիրն էլ կյանքի կոչվի: «Մի օր բոլորն էլ կճանաչեն
Հայոց ցեղասպանությունը, Արարատ սարն էլ ետ կվերադարձնեն ձեզ»,- ահա այսպես հայ լրագրողներին
երջանկացրեց Վլ. Ժիրինովսկին: Ով ում վրա թքած ունի՝ ըստ Զյուգանովի Նշենք,
որ խոսքը դարձյալ Ռուսաստան-Հարավային Կովկաս հարաբերությունների մասին է: Գենադի
Զյուգանովը մեզ վստահեցրեց, որ այսօր Ռուսաստանում չկա միասնական կովկասյան քաղաքականություն,
եւ դա շատ վատ է: «Օրինակ, ռուսաստանյան շատ ու շատ հարուստներ, որոնց հարստությունը
Ռուսաստանում չէ եւ հենց իրենք էլ արտասահմանում են, նրանք թքած ունեն Ռուսաստանի
վրա էլ, Ռուսաստանի կովկասյան շահերի վրա էլ»,- հայ լրագրողների հետ զրույցում ասաց
ՌԴ կոմունիստների առաջնորդը՝ հատուկ ընդգծելով, որ այդ իմաստով Պուտինի վարած կուրսն
առանձնապես չի տարբերվում ելցինյան քաղաքականությունից: ԱՄՆ-ն ընդհուպ ներխուժել
է Անդրկովկաս, Միջին Ասիայում ամերիկյան զորքեր են կանգնած, ամենուրեք ամեն ինչ քարուքանդ
է լինում, ուղղակի «խայտառակ վիճակ», դժգոհում էր Զյուգանովը, իր նկարագրած համընդհանուր
ավերի եւ բարոյալքման հեղեղի մեջ առանձնացնելով «կայուն եւ ծաղկող» Բելառուսին: Փորձեցինք
առարկել, թե այնտեղ էլ ժողովրդավարություն չկա: «Հիմարություն է այդ ամենը, եւ մեր
բոլոր դժբախտությունների պատճառը»,- նկատելիորեն նյարդայնացած հակադարձեց Զյուգանովը՝
իբրեւ իսկական դեմոկրատիայի նմուշներ բերելով նույն Բելառուսում անցկացված հանրաքվեի
եւ օրավուր հզորացող կոմունիստական Չինաստանի օրինակները: «Ահա եւ քեզ դեմոկրատիա.
մարդիկ կերակրեցին 1,5 միլիարդանոց ժողովրդին ու դեռ աշխարհն էլ հեղեղեցին իրենց
ապրանքներով»: Անդրադառնալով վարդա-նարնջագույն հեղափոխությունների թեմային,
Գ. Զյուգանովը նախ՝ մի չտեսնված բացահայտում արեց. պարզվում է, որ վաթսունականներին
Չեխոսլովակիայում տեղի ունեցած հակասովետական խժդժությունների ժամանակ ինքնահրկիզման
դիմած ուսանողի պատմությունն ամբողջությամբ բլեֆ էր՝ ԽՍՀՄ քայքայմամբ շահագրգիռ հատուկ
ծառայությունների հորինվածք: Ինչ վերաբերում է ներկայիս գործընթացներին, ապա, միեւնույն
է, առանց Ռուսաստանի հետ բարեկամության՝ բոլորն էլ դատապարտված են: Անգամ Մերձբալթիկան
ոչինչ չի կարող անել. «մի քանի վենտիլ ետ պտտենք, անմիջապես կվազեն մեր դուռը»,-
վստահ է ՌԴ ԿԿ առաջնորդը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ Մոսկվա-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել