Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտ 22,2005 00:00

Երեկ,
հաշվիչ հանձնաժողովի տվյալներով, Փաստաբանների պալատի նախագահ ընտրվեց Ենոք Ազարյանը:
Սակայն նրա հակառակորդ՝ Ռուբեն Սահակյանի կողմնակիցները գտնում են, որ Ե. Ազարյանը
«լեգիտիմ նախագահ» չէ: Մարտի 19-20-ը «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի
ունեցավ Հայաստանի փաստաբանների հիմնադիր ժողովը: Ժողովը եւ դրան հետեւած ընտրությունները
ֆինանսավորել են ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը, ԱՄՆ միջազգային զարգացման
գրասենյակը: Մինչ օրս գործող Հայաստանի փաստաբանների եւ Փաստաբանների միջազգային
միությունների միավորմամբ ձեւավորվեց միասնական պալատ: Սակայն այն, ինչ կատարվեց
երկու օրերի ընթացքում, այնքան էլ «փաստաբանավայել» չէր, չնայած ժողովը սկսելուց
առաջ նման կոչ էր արել ՀՓՄ նախկին նախագահ Միշա Փիլիպոսյանը: Փաստաբանները նախ մի
շնչով «կողմնակից» քվեարկեցին (85-ամյա նախագահող, գյումրեցի Հակոբ Հակոբյանը կողմ
քվեարկելու ժամանակ հարցնում էր՝ «ովքե՞ր են կողմնակից») ՀՀ փաստաբանների պալատի
կանոնադրությանը, Փաստաբանի վարքագծի կանոնագրքին: Սակայն ինտրիգը նորաստեղծ պալատի
նախագահի ընտրություններն էին. երկու օրերի ընթացքում երկու միությունների անդամները
միմյանց դիմեցին «մեր թեկնածուն», «ձեր թեկնածուն», «մեր հաշվիչի անդամը», «ձեր հաշվիչի
անդամը» ձեւակերպումներով, «մեր» ու «ձերով»: «Մեր» ու «ձերի» ջրբաժանի արդյունքում
հակառակորդ թիմերի ներկայացուցիչները մերթ ընդ մերթ լքում էին դահլիճը: Դա կատարվում
էր Լեհաստանի, ԵԱՀԿ-ի, ԱՄՆ դիտորդների ներկայությամբ: Օրակարգը սպառելուց
հետո առաջադրվեցին պալատի նախագահի թեկնածությունները. Ենոք Ազարյան, Ռուբեն Սահակյան,
Գագիկ Սոլոմոնյան եւ Տիգրան Ջանոյան: Վերջին երկուսը ինքնաբացարկ հայտնեցին: Առաջարկվեց
նաեւ պալատի խորհրդի կազմը՝ 11 հոգուց բաղկացած, սակայն բուռն քննարկումների արդյունքում
այդ թիվը հասավ 30-ի: Կարգապահական հանձնաժողովում 9-ի փոխարեն առաջադրվեց 24 թեկնածու,
իսկ որակավորման հանձնաժողովում՝ 6-ի փոխարեն 7 թեկնածու: Շրջաններից եկած փաստաբանները,
որոնք գիշերել էին «Անի» հյուրանոցում (մոտ 90 փաստաբան), առաջարկեցին «վերջ տալ
այդ ձանձրույթին» եւ ակնհայտորեն չարացած էին «երեւանյան մաֆիայի» դեմ: Թեկնածուների
առաջադրման ժամանակ փաստաբաններն այնպիսի ակտիվություն էին դրսեւորում, որպիսին սովորաբար
չի նկատվում ոչ դատական նիստերին, ոչ դատախազի կամ քննիչի հետ աշխատելիս: Լարվածությունը
մեծացավ, երբ Ենոք Ազարյանի «նախընտրական շտաբը» շրջանառության մեջ դրեց մի ցուցակ,
որով տարանջատեց իր թեկնածուներին՝ բոլոր տեսակի հանձնաժողովներում եւ խորհուրդներում:
Նրանից ետ չմնաց նաեւ Ռուբեն Սահակյանի թիմը՝ համարժեք մի ցուցակ ներկայացնելով:
Թեեւ երկու կողմի փաստաբաններին երբ հարցնում էինք ցուցակների մասին, նրանք ասում
էին, որ անտեղյակ են, եւ որ դրանք «լրագրողական պրովոկացիա» են: Հետաքրքիր
էին նաեւ նախընտրական ելույթները: Իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանը բաժանել էր
իր նախընտրական գունավոր բուկլետը: Ազարյանը խոստացավ Փաստաբանների պալատի կողմից
հիմնադրել փաստաբանական բարձրագույն դպրոց, փաստաբանություն ուսումնական առարկան
ներդնել բուհերում, շնորհալի փաստաբաններին պարգեւատրել «ՀՀ պատվավոր փաստաբան» կրծքանշանով:
Ե. Ազարյանի նախընտրականում տեղ էին գտել նաեւ փաստաբանների ազատ ժամանցի կազմակերպումը,
գրասենյակներում հանգստի առանձին սենյակների ստեղծումը: Ռուբեն Սահակյանը խոստացավ
բարձրացնել փաստաբանների հեղինակությունը, այնպես անել, որ միջնորդությունները տեղ
հասնեն: Խոստացավ նաեւ իր ընտրվելուց մեկ շաբաթ անց Գյումրիի եւ Վանաձորի գրասենյակներին
տրամադրել համակարգիչ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից բերվեց երկու թափանցիկ
տուփ, իսկ Ամերիկայի իրավաբանների ընկերակցությունը գունավոր թղթեր էր բերել ընտրությունները
կազմակերպելու համար: Հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման համար բանակցությունների արդյունքում
5-ը ներկայացրեց Ազարյանի թիմը, 4-ը՝ Սահակյանի: 435 արտոնագրված փաստաբանից քվեարկությանը
մասնակցեց 363-ը: Հաշվիչ հանձնաժողովը մի գիշեր լուսացրեց հյուրանոցում, իսկ հանձնաժողովի
նախագահ Կարեն Քամալյանը երեկ, ժ. 12:15-ին, հրապարակեց ընտրությունների արդյունքները.
Ենոք Ազարյանը հավաքել էր 181 ձայն, Ռուբեն Սահակյանը՝ 174: Ամերիկայի իրավաբանների
միության երեւանյան գրասենյակի տնօրեն Քերին Քենդրիկը դրական գնահատեց ընտրությունները.
«Ընտրությունների ընթացքում ծագեցին ընթացակարգի հետ կապված տարաձայնություններ,
որոնք հանձնաժողովը կարողացավ հարթել՝ համապատասխան որոշումներ կայացնելով: Իրենց
ընդհանուր ժողովով հայ փաստաբանները մեծապես նպաստեցին թե իրենց մասնագիտության,
թե քաղաքացիական հասարակության խթանմանը»: Հաշվիչ հանձնաժողովի 11 անդամից 5-ը հատուկ
կարծիք ուներ եւ պնդում էր, որ ընտրությունները տեղի են ունեցել խախտումներով: «Առավոտի»
տեղեկություններով, Ռ. Սահակյանի կողմնակիցները մտադիր են վիճարկել ընտրությունների
արդյունքը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել