Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 19,2005 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿ ՄԱՍՆԱՏՎՈՒՄ Է Խանգարում են ամբիցիաները Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ գլխատվեց ընդդիմությունը՝ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի ողբերգական սպանությամբ: Սրան հաջորդեց մասշտաբային մի ռենեգատություն, որի իրականացնողներն էին Վազգեն Սարգսյանի շնորհիվ, կարելի է ասել՝ ուղղակի նրա ձեռքերի վրա քաղաքական բեմահարթակում հայտնված, այնուհետեւ «Միասնություն» դաշինքի հովանու տակ հեքիաթային հավանականությամբ խորհրդարանում տեղ գտած, երբեմնի անշուք ու սակավաճանաչ, այսպես կոչված՝ հանրապետականները: Ինչ խոսք, որ ընդդիմադիր «Միասնություն» դաշինքի հիմնադիրներ Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի սկզբունքների նկատմամբ ռենեգատական դավաճանության սկիզբը դրեցին հենց այս կուսակցության իշխանական պնակալեզությամբ գայթակղված պարագլուխները: Այնուհետեւ դավաճանության էստաֆետը անցավ նախկինում ՀԺԿ-ի վերնախավ սողոսկած, իսկ հետագայում հոկտեմբերի 27-ից հետո, նույնպես պնակալեզությամբ գայթակղված ու իշխանություններին ծախված Գագիկ Ասլանյանին, որը մի խումբ փախստականների հետ դավաճանեց ընդդիմությանը եւ անցավ իշխանական ճամբար՝ պաշտոն ողորմելու ակնկալիքով: Հաջորդ ճեղքվածքը ընդդիմությունը ստացավ, երբ դարձավ երկբեւեռանի, հանձինս «Արդարություն» դաշինքի՝ մի կողմից եւ «Ազգային Միաբանության»՝ մյուս կողմից: Եվ սա տեղի ունեցավ այն կրիտիկական պահին, երբ պիտի որոշվեր ընդդիմության պայքարի բախտը, երբ անհրաժեշտ էր առավելագույն կենտրոնացում ու ընդդիմադիր ուժերի աներեր ու միահամուռ միասնությունը: Ավաղ, պահը կորսվեց՝ ընձեռված հնարավորության հետ մեկտեղ: Տարատեսակ խախտումները, կապված նախագահական ընտրությունների հետ, հազիվ թե որոշիչ լինեին, եթե ամբիցիան ու կորպորատիվ շահերը չգերադասվեին, տապալելով «Արդարություն» դաշինքի ակնառու շանսերը: Ինչ խոսք, որ մեղքի մեծ բաժինը այստեղ Արտաշես Գեղամյանինն էր, քանզի առավելագույն ձայների արժանացած Ստեփան Դեմիրճյանի կողքին կանգնելու ու նրան սատարելու փոխարեն, փաստորեն, իր սխալ դիրքորոշմամբ ու վճռական պահին ցուցաբերած պասիվությամբ, նոր հնարավորություններ ստեղծեց քոչարյանականների համար՝ ընտրությունների վերջին փուլում առավել սանձարձակ ընտրակեղծիքների գնալու եւ տիրանալու իրադրությանը։ Ա. Գեղամյանը վարվեց, ինչպես հայտնի առակում՝ «ոչ իրեն, ոչ մյուսին»։ Արդյունքում շահեցին զեղծարար երրորդները։ Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք։ Ցավալին այն է, որ դասեր քաղելու փոխարեն ընդդիմադիր ճամբարի որոշ գործիչներ իրենց գործելակերպով շարունակում են նորից ջուր լցնել «հակառակորդի» ջրաղացին, տարվելով «խեցգետինը, կարապը եւ գայլաձուկը» արատավոր «ռազմավարությամբ»: Տպավորություն է ստեղծվում, որ այդ այրերը ավելի շատ մտահոգված են հանրության մեջ թարմացնել երբեմնի սեփական պոպուլյարությունը, քան, դաշինքի գլխավոր գծին համաձայնեցված, հետեւողական ու համատեղ ծառայելը: Պարոնայք, հիշենք, որ «ոչինչ չի մոռացվել եւ ոչ ոք չի մոռացվել», ուշ թե շուտ գալու է իսկության պահը եւ ամենքը ստանալու են իրենցը՝ ըստ արժանվույն: Վերջապես պիտի գիտակցել, որ խաղաքարտի վրա դրված է մի ամբողջ ժողովրդի բախտը: Արդարություն եւ ժողովրդավարություն հաստատելու գործում ամբիցիաների եւ կորպորատիվ շահերի տեղը պիտի գերեզմանոցը դառնա: Ընդդիմությանը պիտի պաշտպանել թաքնված ու բացահայտ, գիտակցված ու չգիտակցված դավաճանություններից ու պառակտումներից: Վերջապես պիտի վերջ տրվի ընդդիմությանը համակրող ժողովրդի լայն զանգվածներին թյուրիմացության ու մոլորության մեջ գցող ֆոլկլորային ինքնագործունեության մակարդակի պսեվդո-քաղաքական գործելակերպին: Միայն միասնական պայքարը կարող է հաղթանակել: ՍԵՎԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ տնտ. գիտ. թեկնածու, թոշակառու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել