Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողները

Մարտ 19,2005 00:00

Գրողները բողոքեցին գրողներիցՈվ վճարում է, նա էլ պատվիրում է«Դպրոցական դասագրքերում հայ գրականության վիճակը եւ երեխաների գիտելիքների հստակ պատկերը օրումեջ ներկայացվում են ԱԼՄ հեռուստատեսությամբ: 11 տարեկան երեխաները ծռված վզով, խեղճ, տառապած ու մեղք տեսքով, պաթետիկ, թախծոտ արտասանում են: Նրանց նայելով ասում եմ վա՛յ դպրոց, սատկեմ ես էլ, դու էլ՝ հետս: Էս ինչ օրի ենք»,- երեկ այսպես ասաց բանաստեղծ Էդուարդ Միլիտոնյանը՝ Գրողների միությունում (ՀԳՄ) տեղի ունեցած «Հայոց լեզուն եւ ժամանակակից գրականությունը դասագրքերում» թեմայով քննարկման ժամանակ: Մատաղ սերնդի հայ գրականագիտության խնդրով՝ հատկապես տարրական դասարանների դասագրքերում հայ ժամանակակից ստեղծագործողների բացակայությամբ մտահոգվածների թիվը, պարզվեց, որ շատ է: Ներկա էին մանկագիրներ, ԿԳ նախարարության ներկայացուցիչներ եւ ուսուցիչներ: Քննարկման հենց սկզբում ՀԳՄ քարտուղար Դավիթ Մուրադյանը ներկաներին հիշեցրեց. «Կլոր սեղանը ոչ դատական նիստ է, ոչ էլ մտքերի փոխանակման վայր: Պետք է հնչեն կառուցողական կոնկրետ առաջարկներ: Ընդհանուր եզրեր գտնենք: Անենք այնպես, որ երեխան հայ գրողին ճանաչի հիմա, ոչ թե մեռնելուց հետո»: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն էլ վրդովված էր նրանից, որ դասագրքերը հրատարակվում են Համաշխարհային բանկի եւ այլ կազմակերպությունների միջոցներով եւ հենց նրանք էլ հրահանգում են տպագրել իրենց ուզածը: Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանն էլ, ի պատասխան Անանյանի մտահոգությունների, տեղեկացրեց, որ ոչ մի կազմակերպության, առավել եւս բանկի, չի հետաքրքրում հայկական դասագրքերի բովանդակությունը: Պարոն Մարտիրոսյանը համաձայնեց, որ ներկայիս ծրագրերը կաշկանդող են, բայց իրենք աշխատում են հնարավորինս ազատություն ապահովելու ուղղությամբ: Նա նշեց, որ այսօրվա դպրոցական ծրագիրը աշակերտից պահանջում է դասական գրականության լուրջ իմացություն: Եվ ծանրաբեռնվածության արդյունքում այդ գրականության ուսուցումը դառնում է ձեւական. «Երեխան չի կարդում, բայց ստանում է գնահատականներ»: Նա դժգոհեց նաեւ, որ մանուկների համար տպագրված գրքերի ծավալը քիչ է, գրախանութներում եւ այլ անհրաժեշտ վայրերում էլ դրանք չկան: Քննարկումը թեժացավ այն պահին, երբ մանկագիր Երվանդ Պետրոսյանը տարրական դասարանի դասագրքից ընթերցեց մի անհայտ բանաստեղծի ստեղծագործություն. «Խղճում եմ Շիրազին, որ իր բանաստեղծության կողքին այս թյուրիմացությունն են տպագրել»: Հետո հնչեցին ռեպլիկներ, թե ինչու պետք է Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» տխուր «նոտաներով» գործը զետեղված լինի դպրոցական դասագրքերում: Բոլորն այն կարծիքին էին, որ հայ գրականության դասագրքերը չափից շատ լուրջ են, ուստի երեխաներն ավարտում են հիվանդ հոգեբանությամբ: Ներկաները որոշեցին ստեղծել ժամանակակից հայ գրողների լավագույն ստեղծագործությունների այնպիսի քրեստոմատիա, որը հնարավորություն կտա դասագրքի հեղինակներին կատարել ստեղծագործությունների ընտրություն: Այդ նպատակով՝ կստեղծվի աշխատանքային խումբ: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել