ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ ՆԱԽԱԳԱՀԻՆՆ Է Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած 2004թ. հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի «Երաժշտություն» անվանակարգի թեկնածուների ընտրական ունկնդրում-համերգը: Ներկայացված էր թվով 11 աշխատանք՝ ժողովրդական, ջազային, դասական արվեստ, այդ թվում՝ կոմպոզիտորներ Դավիթ Բալասանյանի, Հովհաննես Մանուկյանի, Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները, երգչուհիներ Էմմիի, Անուշ եւ Ինգա Արշակյանների եւ ալյոց ելույթները: Մեզ հետ զրույցում հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանն ասաց, որ առաջին փուլում ժյուրին ունկնդրել է բոլոր աշխատանքները եւ որոշել հանրությանն էլ հնարավորություն ընձեռել ծանոթանալու դրանց: «Ազատ մուտքով այս ունկնդրում-համերգը հնարավորություն կտա երաժշտասերներին ոչ միայն ունկնդրել ստեղծագործություններ, որոնք հնչում են առաջին անգամ կամ գրվել են 2004-ին, այլեւ իրենց համար եզրակացություն անել երիտասարդ ստեղծագործողների այսօրվա արվեստի շուրջ, եւ, ինչու չէ, «գնահատել» ժյուրիի անաչառությունը»,- նշեց տիկին Խաչիկյանը: Ժյուրին գլխավորում է կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, անդամներն են Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսորներ, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանը, ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը, երգիչներ Արաքս Դավթյանն ու Ռուբեն Մաթեւոսյանը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ, ըստ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի կանոնադրության, ժյուրիի որոշումը ընդունում եւ վավերացնում է նախագահ Քոչարյանը. «Արդյունքները կհրապարակվեն մամուլում»: Ս. Դ.