Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբկիրը

Մարտ 19,2005 00:00

Արաբկիրը ամենագեղեցիկների համայնքն է Համոզված է թաղապետ Լեւոն Հարությունյանը Մարտի 12-ին Փարիզի Սպորտային պալատում արդեն 58-րդ անգամ կայացավ «Միսս Եվրոպա» գեղեցկության ու նրբագեղության մրցույթը: Այս տարի 36 երկրների գեղեցկուհիների թվում Հայաստանը ներկայացրեց «Միսս Հայաստան-2003» մրցույթի տիտղոսակիր Լուսինե Թովմասյանը: Նա 18 տարեկան է, հասակը՝ 179 սմ, քաշը՝ 53 կգ: Լուսինեի ցանկությունն էր՝ հայտնվել գոնե լավագույն հնգյակում: Սակայն նա գերազանցեց բոլորի սպասելիքները՝ արժանանալով «Վիցե միսս» կոչմանը: Հայ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանին հաղթանակի առիթով առաջինը Արաբկիր համայնքի թաղապետ Լեւոն Հարությունյանը շնորհավորեց: Երեկ պարոն Հարությունյանը թաղապետարանում ընդունելություն էր կազմակերպել, որի ընթացքում հաճելի անակնկալ մատուցեց՝ հպարտանալով, որ գեղեցկուհին իրենց համայնքից է: Կարեւորելով միջազգային մրցույթում Հայաստանի մասնակցությունը, Լ. Հարությունյանը հայ գեղեցկուհու հաղթանակը մեր երկրի համար մեծ ձեռքբերում համարեց եւ «Վիցե միսս Եվրոպա» տիտղոսին արժանանալու համար հայ գեղեցկուհուն $1500 նվիրեց. «Ձեր հաղթանակը մեր ազգի հաղթանակն էր: Ձեր համարձակ քայլով աշխարհին ցույց տվեցիք, թե ով է հայ կինը»: Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանը շահելով «Վիցե միսս Եվրոպա» տիտղոսը, ոչ մի դրամական մրցանակ չի ստացել: Թաղապետի կարծիքով, չնայած ժյուրիի ընտրությանը, «Միսս Եվրոպայի» տիտղոսին արժանի էր հենց մեր հայ գեղեցկուհին՝ Լուսինեն: Լ. Հարությունյանը գեղեցկուհու հետ հանդիպման ժամանակ հպարտացավ, որ Արաբկիր համայնքը երեք «Միսս Հայաստան» է տվել. «Միսս Հայաստան 98-ը», 2001-ը եւ 2003-ը մեր համայնքից են, նշանակում է՝ մեր համայնքը ամենագեղեցիկների համայնքն է»: Հանդիպման ընթացքում թաղապետը Լուսինեից հետաքրքրվեց, թե հուզվո՞ւմ էր արդյոք մրցույթի ժամանակ կամ ի՞նչ զգացողություններ ուներ, երբ հաղթողների թվում իր անունը հնչեց: Թաղապետից ստացած գումարը Լուսինեն պատրաստվում է իր կարիքների համար ծախսել: Իսկ համայնքի եւ ապագա բոլոր գեղեցկուհիներին Լուսինեն կոչ է անում վստահել սեփական ուժերին եւ «անպայման կհաղթեն»: 2005-ը Արաբկիր համայնքի համար հոբելյանական է, քանի որ այս տարի լրանում է համայնքի 80-ամյակը: Այդ կապակցությամբ, թաղապետի խոսքերով, համայնքում տեղի ունեցող բոլոր միջոցառումները հանդիսավոր են տոնվելու: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել