Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱՏՐՈՆԸ

Մարտ 19,2005 00:00

«ԹԱՏՐՈՆԸ ՍԿՍԵԼ Է ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ» Հավաստիացնում է Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը – Վերջին օրերին ձեր թատրոնում անցկացված մեներգիչների մրցույթը, չգիտես ինչու, դարձել էր «երեւույթ» հայաստանյան մշակութային կյանքում: Խնդրում ենք ներկայացնել թատրոնի վերջին տարիների աշխատանքները, մասնավորապես՝ մեներգիչների մրցույթի արդյունքները: – 1991-ից առայսօր, մեր թատրոնի ստեղծագործական բնականոն աշխատանքը խաթարված էր հասկանալի պատճառով. ղարաբաղյան հակամարտություն, Ադրբեջանի կողմից շրջափակում: Զրկվելով տարրական պայմաններից (հիմնականում՝ ջեռուցման բացակայություն), աշխատում էինք ամառվա ամիսներին: Հետեւաբար, տարիների ընթացքում մեր խաղացանկը հասցվել էր նվազագույնի: Առաջատար մեներգիչներից ոմանք հեռացան Հայաստանից հասկանալի պատճառով. արտիստը չի կարող բեմ դուրս չգալ: Ի դեպ, այս երեւույթները կատարվեցին ոչ միայն մշակույթի ոլորտում: Եվ երբ երեք տարի առաջ օպերային թատրոնի շենքի հիմնական վերանորոգումը ընդգրկվեց Լինսի հիմնադրամի ծրագրում, մեզ համար դա հեքիաթի նման մի բան էր: Ասեմ, որ այս շենքում վերջին նորոգումը կատարվել էր անցյալ դարի 80-ականների սկզբին: Ու թեեւ նորոգումը տեւեց մեկուկես տարի, սակայն թատրոնի ստեղծագործական խմբերը անգործության չմատնվեցին: Այսպես. երգչախումբն ու նվագախումբը իրենց ամենօրյա փորձերն էին անցկացնում Հանրային ռադիոյի Տերյան- 2 ձայնագրման ստուդիայում, բալետի արտիստները՝ պարարվեստի ուսումնարանում, իսկ մեներգիչների համար փորձատեղի էր դարձել թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանի բնակարանը: Այդուհանդերձ, 2003-ի հունվարին հյուրախաղերի մեկնեցինք Մոսկվա, ներկայացրինք Բելինիի «Նորման», մայիսին թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Հունաստանում, տեղի օպերային թատրոնի երգչական կազմի հետ, ներկայացրեց 8 բեմադրություն, սեպտեմբերին մեր բալետային խումբը հյուրախաղերով հանդես եկավ Արցախում եւ, ի վերջո, անցյալ տարի կայացավ այնքան սպասված Արամ Խաչատրյանի «Գայանեն»: Տարիների տաղտուկը հաղթահարելու համար որոշվեց թատրոնի ստեղծագործական կոլեկտիվներում անցկացնել մրցույթ: Մինչ նշված արտերկրյա հյուրախաղերը, մրցույթ անցկացվեց թատրոնի սիմֆոնիկ նվագախմբում եւ երգչախմբում: Մրցույթը նպատակ էր հետապնդում ոչ միայն լրացնել թափուր տեղերը, այլեւ յուրաքանչյուր արտիստ պետք է վերահաստատվեր իր տեղում: Շենքի շահագործումից հետո ստեղծված են հրաշալի պայմաններ ստեղծագործական աշխատանքի համար: Ժամանակն էր անցկացնել մեներգիչների մրցույթ: Այստեղ արտառոց ոչինչ չկա, դա թատրոնի աշխատանքային շարունակական ընթացքն է: Ստեղծվել էր 15 հոգուց բաղկացած գեղարվեստական խորհուրդ, որտեղ ընդգրկված էին թատրոնի դիրիժորները, վաստակ ունեցող արտիստները, գլխավոր խմբավարը, բնականաբար՝ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Տասը բալանոց գնահատման մրցույթի արդյունքում թատրոնն ունեցավ 55 մեներգիչ: Նրանցից ոմանք մինչ մրցույթը ստաժորներ էին, ոմանք էլ բեմ են բարձրացել Երեւանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում: Օժտված երիտասարդ ձայներին հարկավոր է ուշադրություն, աջակցություն մեծ բեմ բարձրանալու, հաստատվելու համար: Նշեմ, որ երեք մենակատար տարբեր երկրներում հյուրախաղերի լինելու պատճառով, չեն մասնակցել մրցույթին: Նրանց համար առաջիկայում կկազմակերպվի ունկնդրում: Հասկանում եմ, որ ինչպես յուրաքանչյուր մրցույթ, այնպես էլ սա, կարող է որոշ երգիչների չբավարարել, բայց վստահեցնում եմ, որ գեղխորհուրդը անաչառ է եղել, ոչ մեկը կախվածություն չի ունեցել ոչ մի բանից, ու, բնականաբար, գեղխորհրդի այս կամ անդամի սուբյեկտիվ գնահատականը չէր կարող վճռորոշ լինել: Անձամբ ինձ համար ցավալի էր որոշ երգիչների ելույթը մրցույթին: Դա բացատրում եմ նրանով, որ կամ լուրջ չէին վերաբերվել մրցույթին, կամ ծրագիրը ճիշտ չէր ընտրված: Բարձրաձայնեմ, որ իրենց նախկին կարգերը զիջած մենակատարները չեն զրկվելու առաջնային դերերգեր կատարելու հնարավորությունից եւ չի բացառվում, որ հետագայում նրանց կարգը վերանայվի: Սկսված է Ռախմանինովի «Ալեկո», Չայկովսկու «Իոլանտա», Ռիմսկի-Կորսակովի «Մոցարտ եւ Սոլիերի», Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաների փորձերը, իսկ մոտ ժամանակներս կներկայացվի Տիգրան Լեւոնյանի բեմադրած Դոնիցետիի «Պողիկտոսը»: Տեղեկացնեմ նաեւ, որ մեներգիչների աշխատավարձը հունվարի 1-ից բարձրացել է 50%-ով: Ըստ կարգերի, այն տատանվում է 35-63 հազար դրամի սահմաններում: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել