Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՑՈՒ

Մարտ 19,2005 00:00

ԳՅՈՒՂԱՑՈՒ ԳՈՐԾԸ ԻՐԵՆՑ ՎԵՐԱԳՐԵՑԻՆ «Նախորդ տարվա համեմատ այս տարի շատ բարձր ցուցանիշներ են գրանցվել գյուղատնտեսական արտադրանքի մթերման եւ իրացման հետ կապված: Եվ իսկապես կարող ենք ասել, որ մեր գործերը հալած յուղի պես են գնացել»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսին գյուղատնտեսության նախարարության աշխատանքը ներկայացրին փոխնախարարներ Սամվել Ավետիսյանն ու Սամվել Գալստյանը: Վերջինիս հավաստմամբ, իրացնող եւ վերամշակող ձեռնարկությունները նախորդ տարվա 90 հազար տոննա լոլիկի փոխարեն ունեցել են 30 հազար տոննա, իսկ կարտոֆիլի դեպքում հակառակն է՝ մարդիկ շատ են ցանել, բայց չեն կարողացել արտահանել կամ իրացնել. «Բարեբախտաբար, մենք այս տարի այլեւս նման խնդիրներ չենք ունենա, քանի որ այժմ Բագրատաշենում կառուցվում է մեծածախ շուկայի պես մի բան, որը կնպաստի մեծ ծավալով կարտոֆիլի արտահանմանը»: Սակայն անհասկանալի է մնում, թե լոլիկի պահանջարկի այդքան մեծանալու պարագայում ինչո՞ւ գինն էլ չի բարձրացել, մթերման գինը մնացել է 22-23 դրամ: Պարոն Ավետիսյանը չկարողացավ վստահ ասել, թե այժմ հանրապետությունում քանի՞ գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա. «Անցյալ տարվա տվյալներով՝ 600 հազար կլինի, բայց մեր համայնքապետերը մի փոքր շեղում են ճիշտ թիվը: Երբ աղքատության աստիճանն ենք ուզում պարզել, ցածր գլխաքանակ են ներկայացնում, իսկ սրսկման համար՝ բարձր»: Հարցին, թե ինչո՞ւ նրանք չեն խոսում նախարարության կողմից կառուցվելիք սպանդանոցների մասին, ինչը խոստացվել էր, պրն Ավետիսյանը պատասխանեց. «Էս ի՞նչ հոռետեսական տրամադրություն ունեք, բա օրենսդրական բարեփոխումները, ջրամատակարարման ու մյուս խնդիրների լուծումն ինչո՞ւ չնկատեցիք: Ինչ վերաբերում է սպանդանոցների կառուցմանը, բյուջեով դրա համար գումար չի տրամադրվել»: Փոխնախարարները մոտ 1 ժամ գովեցին նախարարության աշխատանքը, սակայն դիտարկում հնչեց, որ դա իրականում գյուղացու աշխատանքն է: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել