Լրահոս
Օրվա լրահոսը

Բացարձակ

Մարտ 19,2005 00:00

Բացարձակ մաքուր ջուր «Նոյ»-ն այսուհետ զտում կանցնի այնպիսի սարքավորումների միջոցով, որոնցով մշակվում են աշխարհում հայտնի հանքային եւ խմելու ջրերը: Խոսքը «PALL corporation» ընկերության զտիչ սարքավորումների մասին է: Սա բավական հայտնի ընկերություն է, որն ունի ոլորտի առաջատար ձեռնարկություններին զտիչ տեխնիկա մատակարարելու երկարատեւ փորձառություն: «PALL corporation»-ի ծառայություններից են օգտվում այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են «Նեսթլե»-ն, «Դանոն»-ը, «Էվիան»-ը, «Պերիե»-ն, «Վիթթել»-ը, «Սանպելեգրինո»-ն, «Պեպսի կոլա»-ն եւ «Կոկա կոլա»-ն: «PALL corporation»-ի ներկայացուցիչը «Բջնի» հանքային ջրերի գործարանում մարտի 2-ին անցկացրեց սեմինար՝ հանքային եւ աղբյուրի ջրերի զտման տեխնիկական, տեխնոլոգիական, տնտեսական հարցերի շուրջ: Գործարանը «PALL corporation»-ից ձեռք է բերել համալիր սարքավորում՝ մեմբրանային զտիչներով, որոնք կիրառվում են հանքային ջրի զտման համար: Գործարանի լաբորատորիայի վարիչ եւ «Բջնի»-ի ու «Նոյ»-ի արտադրանքի որակի պատասխանատու Միխայիլ Գեւորգյանն այս առնչությամբ «Առավոտին» հայտնեց. «Միակ խնդիրը, որ կարող է առաջանալ խմելու, աղբյուրի ջրի շշալցման ժամանակ՝ միկրոբիոլոգիական աղտոտվածությունն է՝ զանազան բակտերիաներ, վիրուսներ, պարազիտներ եւ, Աստված մի արասցե՝ պաթոգեն միկրոֆլորա: Այս ամենի ախտահանման հետեւյալ տարբերակներն են կիրառվում՝ ջուրը քլորացվում է, օզոնացվում կամ ենթարկվում ուլտրամանուշակագույն ճառագայթման: Սակայն ախտահարման այս տարբերակները ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ Ամերիկայում լիովին անկիրառելի են համարվում սեղանի ջրերի շշալցման համար: Քլորացման հետեւանքով առաջանում են կոնցեռոգեն զանազան նյութեր, օզոնացման պարագայում՝ նույնն է եւ ամբողջովին հնարավոր չի լինում մաքրել ջուրը: Ճառագայթահարման դեպքում էլ է միկրոֆլորան փոխվում միայն 50 տոկոսով: Հայկական ջրերի քիմիական բաղադրությունը հիանալի է, եւ այդ առումով ոչինչ չենք փոխելու: Իսկ այս զտիչները որեւէ կերպ չեն փոխում ֆիզիկաքիմիական բաղադրությունը, ուստի ե՛ւ աղբյուրում, ե՛ւ շշում նույն ջուրն է: Սակայն աղբյուրում կարող են լինել միկրոբիոլոգիական զանազան աղտոտվածություններ: Եվ հենց այդ նպատակով էլ «PALL corporation»-ից ձեռք ենք բերել այս սարքավորումը՝ մեմբրանային զտիչներով: Դրանք ամբողջությամբ՝ 100 %-ով միկրոբիոլոգիապես մաքրում են ջուրը»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել