Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ

Մարտ 19,2005 00:00

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՉՀԻԱՍԹԱՓՎԵՑԻՆ Չնայած՝ Շիրակի միջհամայնքային ճանապարհները քարուքանդ են Այն, որ այլեւս «պատահական» մարդիկ երթուղիների համար հայտարարված մրցույթներին չեն մասնակցում, հպարտությամբ խոստովանում են նաեւ պետական պաշտոնյաները: «Բա ո՞վ պիտի մասնակցի, եթե ոչ՝ խոշոր բիզնեսմենը, հասարակ մարդուն էդքան տրանսպորտային միջոց որտեղի՞ց» մեր դիտարկմանն ի պատասխան՝ հայտարարեց Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության վարչության պետ Մարզպետունի Մարգարյանը: Շիրակի մարզում անգամ կարգերն են փոխվել. երբեմն պաշտոնյան է օլիգարխին տվյալ երթուղու համար հայտարարված մրցույթին մասնակցելու խնդրանքով դիմում: Մարզպետարանի պաշտոնյայի ասելով, Գյումրի-Անիպեմզա գիծը այնքան «անշահույթ» է, որ մարզպետարանը հայտ ներկայացնելու հատուկ խնդրանքով դիմել է շուրջ 60 միավոր տրանսպորտային միջոցների տիրակալ մարմարաշենցի Ասատրյանների ընտանքին, որպեսզի գիծը նախկինի նման չմնա անտեր: Պարզվում է, 13 երթուղիների համար հայտարարված մրցույթներից «ամենաախորժալին» Գյումրի-Արթիկն է. անզիջում պայքարը ծավալվել է հենց այս գծի համար: Ընդ որում՝ մրցութային հանձնաժողովին զարմացրել է մրցակիցների ամենավերջին մոդելի՝ 2005թ. ավտոբուսներով ու գազելներով ներկայանալը: Մրցույթի արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց որ մրցակիցների միջեւ լարվածությունը մեծ է՝ ակնհայտ է նրանց մարզպետարան ներկայանալու, թեժ խոսակցությունների մեջ բռնվելու, գուցեեւ ծանոթ մեջգցելու մտադրությունից: Օլիգարխների պայքարը կավարտվի մոտ մեկ շաբաթից, իսկ ի՞նչ կտա այն ուղեւորին, արդյոք նախատեսված պայմանագրի համաձայն կապահովվի՞ նրա «անվտանգ ու կուլտուրական սպասարկումը»: Ուղեւորների մեծ մասը այս հարցին թերահավատորեն է վերաբերվում: Փաստորեն, սա Շիրակի մարզում անցկացված առաջին մրցույթը չէ, եւ փորձը ցույց է տալիս, որ անկախ կնքված պայմանագրից՝ գիծ շահողը աշխատում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Օրինակ, եթե իր սպասարկած համայնքներից որեւէ մեկը շահութաբեր չէ, տվյալ համայնքը քիչ բնակիչներ ունի, վարորդը իրեն իրավունք է վերապահում այնտեղ ընդհանրապես չմտնելու: «Առավոտը» Շիրակի մարզում արձանագրված նման մի փաստի արդեն անդրադարձել է: Տվյալ դեպքում թեեւ պայմանագրի կոպիտ խախտում է կատարվում, սակայն վերահսկող կառույցը՝ մարզպետարանը, չգիտես ինչու չի արձագանքում: Մեզ դժգոհություններ էին հասել նաեւ այն մասին, որ որոշ երթուղիների տերեր պայմանագրում այլ գին են նշում, սակայն փաստացի թանկ գնով են աշխատում: Նմանատիպ բողոքներ հղվել են նաեւ մարզպետարանին, թեեւ վերջինս իբր թե չի կարողացել դրանք հաստատել, քանի որ գյուղացիները հրաժարվել են խոսելուց, բողոքողն էլ հրաժարվել է բողոքը գրավոր մարզպետարան ներկայացնելուց (հարց է ծագում՝ թերթում տպագրվածը բավականաչափ գրավոր չէ՞): Բացի այս խախտումներից, Շիրակի մարզի գրեթե բոլոր երթուղիներում, հատկապես միկրոավտոբուսներում, ոտնահարվում է անգամ ուղեւորի ազատ շնչելու իրավունքը: Միկրոավտոբուսներն արդեն իսկ գերծանրաբեռնված շարժվում են համայնքներից, ճանապարհին էլ պակասելու փոխարեն կրկնապատկվում ու եռապատկվում են: Նրանք ընդամենը մեկ բառով են բնութագրում իրենց տրանսպորտը՝ «բեզռազմեր»: Որոշ ուղեւորների պատմելով էլ, քիչ չեն այն դեպքերը, երբ ոչ թե միկրոավտոբուսն է իրենց տեղափոխում, այլ իրենք՝ այն հրելով: Սակայն, ըստ ուղեւորների, այս ամենը կարելի է ներել, եթե Շիրակի ներհամայնքային ճանապարհները բառի իսկական իմաստով ավերակ չլինեին, կամուրջներն էլ՝ վթարավտանգ: Օրինակ, Առափիի կամուրջը անցած տարի փլուզվեց: «Առավոտը» պետական վերահսկողություն սահմանող կառույցից՝ մարզպետարանից հետաքրքրվեց, թե ո՞վ է պաշտպանելու ուղեւորների անվտանգությունը եւ նման խախտումների առկայության պայմաններում ո՞րն է «անվտանգ ու կուլտուրական սպասարկման» համար անցկացվող մրցույթի իմաստը: Զավեշտալին այն է, որ հատուկ այս նպատակով մրցույթ հայտարարող կառույցը ուղեւորների անվտանգ երթեւեկության ապահովումը իր խնդիրը չի համարում: Վերջինս գտնում է, որ դա կամ պետավտոտեսչության, կամ էլ տրանսպորտի ու կապի նախարարության՝ Շիրակի մարզը սպասարկող վերահսկողության վարչության աշխատակցի պարտականությունն է, որը, ի դեպ, Գյումրիում է բնակվում: Մարզպետունի Մարգարյանի ասելով, եթե անգամ իրենց կառույցը հետազոտի ու տվյալ երթուղու համար խիստ անհրաժեշտ համարի օրական ոչ թե 2, այլ 3 մեքենայի աշխատանքը, միեւնույն է՝ օրենքով իրենք ստիպելու իրավունք չունեն: Նման պատասխանից պետք է հետեւություն անել, որ մրցույթը անվտանգության առումով ոչ մի լուրջ փոփոխություն չի ենթադրում: Իմիջիայլոց, միակ նորամուծությունն այն է, որ այս անգամ հօգուտ ուղեւորների տարանցիկ կանգառների գնացուցակը վարորդների անուն- ազգանվան հետ մեկտեղ պարտադիր փակցվելու է: Սա, ինչպես մեկնաբանեց ներմարզային երթուղիների անցկացման մրցութային հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մարգարյանը, նպատակ ունի վերացնել վարորդների խարդախությունները: Պաշտոնյայի ասելով, եթե, օրինակ, Գյումրի -Արթիկ երթուղուց օգտվելիս ուղեւորը իջնում է Հոռոմ գյուղում, նա արդեն չի պարտավորվում վճարել վարորդի սրտի ուզածով: Իսկ վարորդի հակաճառելու դեպքում հնարավորություն ունի նրա անուն-ազգանունը վերցնել ու մարզպետարան բողոք ներկայացնել: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել