Լրահոս
Օրվա լրահոսը

Ճամպրուկները հավաքեք

Մարտ 19,2005 00:00

Ճամպրուկները հավաքեք Իշխանություններին խորհուրդ է տալիս Խորեն Թռչունիչը «Իշխանությունն ավելի շատ եւ շուտ պետք է մտածի իր փոխվելու մասին, քան ընդդիմությունը»,- այս կարծիքին է կոմունիստ Խորեն Սարգսյանը: Սույն թեզը նա հիմնավորում է ղարաբաղյան հակամարտության հնարավոր հայանպաստ կարգավորմամբ՝ նոր իշխանության պարագայում: Սահմաններում վերջին կրակոցներն ու ղարաբաղյան հարցի վերջին սրացումները նա այսպես է բացատրում. «Եթե երկրի ղեկավարները խոստանում են ստորագրել որեւէ փաստաթուղթ, ի վերջո խոստումը կատարելու պահը գալիս է: Հիմա թող իրենք վեր կենան ու ասեն, թե ինչ են խոստացել: Այդ փաստաթղթերը եթե ԼՂՀ նախագահը չի ստորագրում, այլ ՀՀ նախագահն է ստորագրում, ուրեմն խոսքը Հայաստանի տարածքների մասին է: Թող պարզ ասեն: Այսօր պատասխան են պահանջում փարիզյան, քի-ուեսթյան, ստամբուլյան համաձայնությունները»: Իսկ ընդհանրապես, նա կարծում է, որ ղարաբաղյան եւ հետխորհրդային մյուս տարածքներում առկա հակամարտությունների լուծման միակ ճիշտ ճանապարհը՝ իբրեւ առանձին սուբյեկտներ, Ռուսաստանի Դաշնությանը միանալն է: Իսկ որ Ռուսաստանը շուտով ուշքի կգա եւ կսկսի գործել, մեր զրուցակիցը կասկած չունի: «Եթե մեկն ու մեկը մտածում է, որ վերջ, Վրաստանը փրկվեց՝ ռուսական զորքն իր մոտից հանեց, ՆԱՏՕ-ի զորքն էլ եկավ-մտավ… էնտեղ կա Աբխազիա, Օսեթիա, ինչու ոչ՝ Աջարիա, էլ էն մեկի մասին չեմ ասում (հավանաբար, նկատի ունի Ջավախքը- Ն. Գ.), որը վաղը-մյուս օրը նույնպես կարող է դառնալ կռվի առարկա: Վրաստանը կմնա մի հատ Քութաիսի, Ռուսթավի, Թիֆլիս»,- ասում է Խորեն Թռչունիչը: Չնայած, իր խոսքերով՝ «դաշնակցական կուսակցության հետ մի սիրով կապված» չէ, բայց Թռչունիչը խորհուրդ է տալիս ընթերցել Հովհաննես Քաջազնունու բաց նամակը. «24 թվին նա իր նամակում խոսում է այն մասին, ինչը այսօր տեղի է ունենում: Ոչ թե մենք պետք է մնանք, այլ մեզ հետ պահենք Ադրբեջանն ու Վրաստանը, որ Հայաստանը կարողանա գոյատեւի»: Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական իրավիճակին՝ Խ. Սարգսյանը ընդդիմադիր ուժերին հորդորում է միասնության գալ եւ «ժողովրդի առջեւ դնել մի փաստաթուղթ, որ մարդիկ իմանան, թե ուր են գնում եւ ինչով կավարտվի: Անձով չի միայն: Գաղափարին պետք է տեղ տալ: Հա՛, հասկացանք՝ սիրուն ա, բոյով ա, գանգուր մազերով ա, բա գլխի մեջ ի՞նչ կա»: «Մենք մեծ-մեծ ենք խոսում մեր խելքի, գիտելիքի մասին: Էդ գիտելիքը ոչ թե փող հաշվելու մեջ է, այլ տեխնիկայի, գործարան ու մարդկանց աշխատեցնելու մեջ է, նորամուծություն մտցնելն է: Այսօր մեր ակադեմիան մի տեսակ անունն ա մնացել, բա ակադեմիան չֆինանսավորվի՞, գիտես, էս 15 տարում ինչ մեծ գիտություն առաջ կգար: Մեր պետության մատորը գիտությունը պիտի լիներ: Ասում ենք՝ հարուստները կարող են օգնել: Է, հարուստի խելքը պիտի հասնի, որ օգնի»: «Առավոտի» զրուցակիցն ի պատասխան հարցման, նաեւ նկատեց. «Հեղափոխականության մեջ միշտ մեզ՝ կոմունիստներիս էին մեղադրում: Ես ուրախ եմ, որ այսօր բոլորը դարձել են հեղափոխականներ: Տեսնենք՝ ինչով կավարտվի դա: Համենայնդեպս, մենք ձեռքներս ծալած չենք նստի: Տա Ատված, որ այն լինի անարյուն եւ հետը բարիք, սոցիալական ապահովություն բերի: Այսքան խոսում են հոկտեմբերյան հեղափոխության մասին. այն ժամանակ ընդամենը երեք մարդ զոհվեց, որոնցից երկուսը ոտքերի տակ ընկան-մահացան»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել