Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 19,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ յոթերորդ

ՄԻ՛ ՎՇՏԱՆԱ

Ինչպես երեւի դուք էլ արդեն վերջնականապես համոզվեցիք, ինձանից ոչ մի կերպ ինքնակենսագրական վեպ գրող չի ստացվում, որովհետեւ, ինչպես եւս մեկ անգամ տեսաք ու համոզվեցիք, ես, առանց որեւէ լուրջ հիմնավորման, երեսուն տարիներիս վրայով արխեյին թռա ու հասա անկախության մեր գործընթացի էս վերջերին, այսինքն՝ վեցի «ա»-ի Բենիամինից թռա ու հասա իմ սեփական տելեպուզիկ Բոբոշիկին, ու վեցի «ա»-ի Բենիամինի անհեթեթություններն ու իմաստություններն էլ ձեր առաջ շաղ չտվեցի էն պարզ պատճառով, որ, կրկնում եմ, իր էդ իմաստությունները ես ռեգուլյար ու հետեւողականորեն շաղ եմ տվել միմիայն «Հեքիաթն է կանչում» հաղորդման փոքրիկ հեռուստադիտողների առաջ եւ էդ ձեւով, փաստորեն, որոշակի հոնորարի տեր եմ դարձել, բայց, այդուհանդերձ, ես չեմ կարող էստեղ ու էս պահին չհիշել ու ձեզ համար չպատմել Լենուղու դպրոցի ու անձամբ Բենիամինի հետ կապված պատմություններից մեկը, մանավանդ որ՝ էդ պատմությունը փոքրիկ հեռուստադիտողների վրա նաղդելու հնարավորություն չեմ ունեցել ու չեմ էլ ունենալու:

Էդ հեռավոր, ուրեմն, յոթանասունչորսի ապրիլի վերջերին, երբ դեռեւս Լենուղու միջնակարգի վեցի «ա»-ի դասղեկն էի, շրջկենտրոնից՝ Հոկտեմբերյանի ժողկրթբաժնից մեր դպրոց ու իմ դասղեկական դասարան այցելեց գերմաքուր գրական հայերենով ճամարտակող մի ֆիզկուլտ հրահանգիչ, ում հանձնարարված էր ֆիզիկական կուլտուրան հնարավորինս պրոպագանդել ու տարածել շրջանի գյուղերում ու սովխոզներում, ու էդ հրահանգիչը կամ, միգուցե, տեսուչը, որ ֆիզկուլտուրայի գաղափարները գյուղեգյուղ տարածելով՝ եկել հասել էր Լենուղի ու իմ դասղեկական վեցի «ա», իմ վեցի «ա»-ում առ ֆիզիկական կուլտուրա մի երկարաշունչ ու ոսկեղենիկ ճառ ասելուց հետո ինձանից թուղթ ուզեց ու սկսեց վեցի «ա»-ի իմ աշակերտներին հարցուփորձ անել ու պարզել, թե աշակերտներից ով ինչ մարզաձեւով է ցանկանում զբաղվել: Ֆիզկուլտուրայի էդ, ուրեմն, տեսուչը, ում անունն ու ազգանունը միանգամայն հարգելի պատճառներով մոռացել եմ, վեցի «ա»-ի իմ աշակերտներին հինգ որոշակի ֆիզկուլտ-խմբակ էր առաջարկում՝ բասկետբոլի, ֆուտբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի ու բռնցքամարտության, եւ էդ «բռնցքամարտությունը» հենց իրենից լսածս բառն է, ու ինքը մի քանի անգամ էդ օրն էդ բառը շեշտված արտասանեց, քանի որ էդ օրերին Տերմինաբանական կոմիտեն համապատասխան որոշումով «բռնցքամարտ» բառը փոխարինել էր «բռնցքամարտություն» բառով, ու մեր էդ ֆիզկուլտուրայի չափազանց հայեցի տեսուչն էլ՝ միանգամայն փութաջանորեն տուրք տալով Տերմինաբանական կոմիտեի փուչ ու ժամանակավոր նախաձեռնությանը, էդ բառը վրա-վրա մի քանի անգամ արտասանեց ու դրանից հետո միայն սկսեց հարցուփորձ անել ձեռքերն օդի մեջ թափահարող աշակերտներիս, թե՝ ով ինչ խմբակում է ցանկանում ընդգրկվել:

Առաջին ձեռք բարձրացնողը Բենիամինն էր, եւ ամենից զիլ հենց ի՛ր ձեռքն էր օդում թափահարվում, բայց ես Բենիամինին ձայն չէի տալիս ո՛չ այն պատճառով, որ Բենիամինի համար ֆիզկուլտուրայով զբաղվելն արդեն չափազանց ուշ էր, եւ ոչ էլ այն պատճառով, որ ինքը, որեւէ խմբակ հաճախելով, եւս չորս տարի նույն դասարանում կմնար, այլ միայն ու ընդամենն էն պարզ պատճառով, որ համոզված էի՝ հենց Բենիամինին ձայն տամ, վեր է կենալու ու մի անկապություն է դուրս տալու: Այսինքն՝ ես, որպեսզի լրիվ անմասն չմնամ հանրապետության գյուղական վայրերում ֆիզկուլտուրայի ու սպորտի տարածման ու զարգացման գործընթացից, ի՛նքս էի ձեռքերն օդի մեջ թափահարող աշակերտներիս ձայն տալիս, որ տեղներից վեր կենան ու շրջկենտրոնից ժամանած ֆիզկուլտուրայի տեսուչին ասեն, թե ի՞նչ խմբակում կցանկանային ընդգրկվել՝ սեղանի թենիսի՞, ֆուտբոլի՞, բասկետբոլի՞, վոլեյբոլի՞, թե՞, տեսուչի ասածի պես, բռնցքամարտության: Ու տեսուչը, տեսնելով, որ բոլորին ձայն տվի, բացառությամբ, ուրեմն, Բենիամինի, ու նաեւ նկատելով, որ հենց Բենիամինն է ձեռքն օդում ամենից զիլ թափահարում, փաստորեն ինձ դիտողություն անելով՝ ասաց. «Ինչո՞ւ երիտասարդին ձայն չեք տալիս»,- ու ես, չիմանալով ինչ ասեմ, ճարահատյալ ձայն տվի Բենիամինին՝ ասելով. «Ասա՛, Բենիամի՛ն. ի՞նչ խմբակ ես ուզում հաճախել»,- եւ տեսուչն իր ներկայությունն ու գոյությունը շեշտելով ու հիշեցնելով՝ ավելացրեց. «Ո՞ր խմբակում եք որոշել ընդգրկվել, երիտասա՛րդ»: Բենիամինը, որ հենց մեր թույլտվությանն ու հարցին էր սպասում, անմիջապես պատասխանեց ու ասաց. «Բռնաբարությա՛ն»:

Ես ու ֆիզկուլտուրայի չափազանց լուրջ տեսուչը, բնականաբար, չդիմացանք ու փռթկացրինք, եւ աշակերտներն ու մանավանդ Բենիամինը զարմացած ու ապշած մեզ էին նայում՝ չհասկանալով իմ ու տեսուչի շարունակվող փռթկոցների բուն պատճառը, եւ բնական էր, որ պիտի զարմանային ու ապշեին, որովհետեւ առանձին վերցրած էդ դպրոցի ու էդ սովխոզի աղջկերքը յոթերորդից հետո էին միայն սկսում հասունանալ, իսկ տղերքը՝ շատ ավելի ուշ:

Ես Լենուղիում մնացի ընդհուպ յոթանասունչորսի մայիսի վերջերը, այսինքն՝ մինչեւ դույն թվականի ուսումնական տարվա ավարտը, այսինքն՝ մինչեւ բանասիրականի պետական քննություններս, որոնց բարեհաջող հանձնումից հետո մայրս հույս ուներ, որ կվերադառնամ Լենուղի, ու չնայած ամենասկզբում հենց մայրս էր դեմ Լենուղի մեկնելուս, բայց հետո հենց ի՛նքն էր պնդում, որ Լենուղիում մանկավարժությունս շարունակեմ, որովհետեւ, ըստ էդ տարիների օրենքի, գյուղական վայրում մանկավարժությունս շարունակելու դեպքում ես բանակից լրիվ ազատվում էի, ավելի ճիշտ՝ եթե ես եւս վեց տարի Լենուղիում մանկավարժությունս շարունակեի, քսանյոթ տարեկանում բանակից լրիվ ազատվում էի, ու մայրս հենց էդ տարբերակին էր կողմ, որովհետեւ մայրս բանակ գնալս ոչ մի կերպ չէր պատկերացնում եւ առավել եւս չէր պատկերացնում բանակից ողջ-առողջ վերադառնալս: Ինչ վերաբերում է ինձ, ես բանակից բացի այլ տարբերակ չէի պատկերացնում. չէի պատկերացնում Հայաստանում մնալս եւ Աստղիկի ու իր նշանածի հետ միեւնույն հանրապետության օդը շնչելս, որովհետեւ նոյեմբերին նշանածն արդեն բանակից վերադառնալու էր, ու էն ժամանակ դեռեւս չգիտեի, որ բանակից վերադառնալուն պես նշանը հետ է տալու:

Ու ես, չանսալով մորս աղաչանքներին, որոշեցի բանակ գնալ, եւ իմ որոշումը վերջնական էր:

Հազար ինը հարյուր յոթանասունչորս թվականի հոկտեմբերի տասնհինգին ես միանգամայն կամավոր ներկայացա Մյասնիկյանի զինկոմիսարիատ ու նոյեմբերի երեսունի ամենավերջին էշելոնով Երեւանի երկաթուղային կայարանից գնացքով մեկնեցի բանակ, եւ էդ օրն ինձ բանակ ճանապարհողները հայրս ու մայրս էին, հորեղբայրս ու հորաքույրս էին, մեծուփոքր բոլոր քեռիներս էին ու էլի ուրիշ ազգականներ, ինչպես նաեւ՝ մեր կուրսի Սաքոն ու մեր դասարանի Գագոն: Ու ես, գնացքի պատուհանից իմ միջնեկ քեռի Ֆրեդին նայելով, հիշում էի՝ ինչպես իրեն տարիներ առաջ բանակ՝ Մուրմանսկ ճանապարհեցինք, ու գնացքի պատուհանից նայելով՝ մորս արցունքակալած աչքերի մեջ պարզորոշ կարդացի իմ իսկ մտքինը՝ հանկարծ բանակում գլխացավերս չվերսկսվեն, ու ես, մորս արցունքախառն հայացքից հայացքս փախցնելով, գնացքի պատուհանի իմ բաժին արանքից հայտնաբերեցի Աստղիկի ջրակալած աչքերը, որ ուղիղ գնացքի պատուհանի իմ բաժին արանքին էին ուղղված, ու ինքը Սաքոյի կողքին էր մոլորված ու շփոթված կանգնած, ու միայն տարիներ անց իմացա, որ էդ պահի դրությամբ նշանն արդեն հետ ստացած էր, ու երբ գնացքը շարժվեց, ես հաջողացրի հայացքիս մեջ ընդգրկել բոլոր ինձ ճանապարհողներին, էդ թվում նաեւ Աստղիկին՝ վերջին անգամ:

Մինչեւ գնացք նստելս կայարանում հավաքված ժողովուրդն արդեն քչփչում էր, որ մեր էշելոնն Ադրբեջան կամ Վրաստան է ուղղություն վերցնելու, եւ երբ մեր գնացքն արդեն «Մասիս» կայարանի մոտերքում էր, Ադրբեջանն արդեն զինակոչիկների բերաններում ավելի ու ավելի էր հոլովվում, ու ես շատ դժգոհ էի, որովհետեւ իմ սրտի ու իմ մտքի ցանկությունն էդ պահին Հայաստանից հնարավորինս հեռու գտնվելն էր, մանավանդ որ, եթե Մոսկվա կամ ավելի հեռու մի տեղ գնալու լինեինք, մեր էդ երկար ու ձիգ ճանապարհն իմ անորոշ ու մշուշապատ ծառայության հաշվին էր լինելու ու տեւելու:

Բայց մեր գնացքը, իմ մտքից ու իմ սրտից անտեղյակ, գնալով ավելի ու ավելի էր որոշակիացնում դեպի Ադրբեջան իր անցանկալի ընթացքը, ու «Մասիսի» մատույցներում արդեն մեզ ուղեկցող սպաներն ավելի ու ավելի բարձրաձայն ու որոշակի էին արտասանում Ադրբեջան, Բաքու եւ մեզ համար դեռեւս անհասկանալի Նասոսնի բառերը, եւ աշնան վերջին օրվա վրա ու «Մասիս» կայարանի էլեկտրասյուներին ծանրացած արագիլների դափդատարկ բներն է՛լ ավելի էին շեշտում ու խտացնում մեջս կուտակվող աննախադեպ կսկիծը, մանավանդ որ՝ ես կյանքում առաջին անգամ էի արագիլի դատարկ ու լքված բույն տեսնում, եւ էդ նույն բներին ու նույն էդ կայարանին միշտ սրտի թրթիռով ու բերկրանքով էի մոտեցել դեռեւս էն տարիներին, երբ ամռանն ընտանիքով ծովափ էինք գնում, ու էդ «Մասիս» կայարանի արագիլներն ինձ բացառիկ ուրախություն ու ցնծություն էին պարգեւում, ու հիմա, առաջին անգամ նրանց նույն էդ բները թափուր ու լքված տեսնելով, սկսեցի մտածել, որ էդ ամենի մեջ չարագուշակ ինչ-որ բան կա, ու հետզհետե էդ չարագուշակն ամբողջովին լցվեց ու գրավեց իմ ներսը, որովհետեւ «Մասիս» կայարանից ու արագիլների դափդատարկ բներից հետո զինակոչիկներն ու սպաներն արդեն Վրաստան ու Թիֆլիս բառերն այլեւս չէին հոլովում, այլ միայն՝ Ադրբեջանը, Բաքուն եւ որոշակի ու անորոշ Նասոսնին:

Վրաստանն ու Թիֆլիսն ինձ համար ցանկալի էին առաջին հերթին այն պատճառով, որ Վրաստանն ու Թիֆլիսն իմ կյանքում արդեն եղել էին եւ կային ու հիմա, երբ «Մասիսն» անցանք, առավել եւս շարունակվում էին, ու արդեն տարիուկես էր՝ իմ մտապատկերում ու հիշողությանս մեջ շողշողուն ու լիքը լցված կային, եւ ես շատ կուզեի, որ իմ ծառայությունն ու իմ զորամասը մերձ լինեին հենց էն վայրերին, ուր տարիուկես առաջ բանասիրականի մեր կուրսով եղել ու մասնակցություններս էինք տարել Սայաթնովյան ամենամյա Վարդատոնին, ու, չնայած էդ Թիֆլիսն ու էդ Վրաստանն իմ ու Բեյլերյան Հրաչի քթից եկան, բայց, այդուհանդերձ, Թիֆլիսն իմ մեջ գույնզգույն ու շողշողուն էր, եւ, ըստ ամենայնի, նաեւ Հրաչի մեջ էր միանգամայն շողշողուն, չնայած, էլի եմ կրկնում, Թիֆլիսի մեր էդ մի քանի օրերն իմ ու Հրաչի մեջ պիտի որ միանգամայն տհաճ նստվածք թողած լինեին, բայց մեր երեսուն տարիներն անկանխատեսելի արագությամբ թռան, ու հիմա, երբ ես ու Հրաչն իրար տեսնում ենք, իրար հետ ո՛չ գրականությունից ու պոեզիայից ենք առանձնապես խոսում եւ ոչ էլ նույնիսկ մեր ուսանողական անցած-գնացած օրերից, այլ միայն՝ Թիֆլիսի մեր էդ մի քանի օրերից, Թիֆլիսի մեր էդ մի քանի օրվա կյանքից, որը դժվար է ասել՝ ինչով էր առանձնապես հիշարժան, ու եթե հիշարժան էլ է, հիշարժան է զուտ իր անհեթեթությամբ ու զավեշտով, ու էդ զավեշտ ասածս էլ էն ժամանակ Հրաչի ու ինձ համար ոչ թե զավեշտ էր, այլ՝ մաքուր ողբերգություն, եւ հիմա վերհիշելով ու մտածելով՝ նաեւ հասկանում եմ, որ ողբերգությունն ու զավեշտն իրարից ընդամենը ժամանակով են սահմանազատված եւ իրականում ու մեր պատկերացումներից դուրս նույն բանն են կամ գրեթե նույն բանն են եւ իրարից առանձին պարզապես գոյություն չունեն:

Իմ ու Հրաչի թիֆլիսյան էդ մի քանի օրերի ողբերգության համառոտ բովանդակությունը հետեւյալն է: Երբ հենց առաջին օրը ողջ կուրսով ներխուժեցինք «Իվերիա» հյուրանոց, եւ երբ ես ու Հրաչը տեղավորվեցինք մեր երկտեղանոց համարում, անմիջապես մեր պայուսակներից հանեցինք մեր կոստյումները, որ նախատեսված էին հաջորդ օրը Թիֆլիսի հայկական թատրոնում կայանալիք հանդիպման համար, ու մեր էդ կոստյումները կախ տվինք մեր երկտեղանոց համարի զգեստապահարանի կախիչներից, որպեսզի հարթվեն, ու էդպես, հապճեպ կախ տալով եւ, ինչպես հետո պարզվեց, զգեստապահարանի ու համարի դռները կրնկի վրա բաց թողնելով՝ իջանք քաղաք եւ երբ մոտեցանք շուկայի մոտի խինկալիանոցին ու ձեռքներս տարանք գրպաններս, հասկացանք, որ պիտի հյուրանոց վերադառնանք, որովհետեւ, եթե քո հայրենի քաղաքում ես դատարկ գրպանով ֆռֆռում, դա մի կերպ պատկերացնելի ու հասկանալի է, բայց Թիֆլիսի պես օտար ու Թիֆլիսի պես հարազատ մի քաղաքում դատարկ կամ կիսադատարկ գրպանով ֆռֆռալն ու թրեւ գալն առնվազն անմտություն է, մանավանդ որ՝ խինկալիանոցում նստելու ազատ տեղեր կային, ու ախորժակներս էլ տեղն էր, ու նաեւ՝ օրը դեմներս էր, իսկ իմ ու Հրաչի գրպաններն իսկապես կիսադատարկ էին, որովհետեւ մենք մեր քսանհինգանոցները թողել էինք համարի զգեստապահարանի կախիչներից կախ տված մեր կոստյումների գրպաններում, ու էդ պահին, այսինքն՝ էն պահին, երբ ուզում էինք խինկալիանոց մտնել, ես ու Հրաչը երկուսով միասին հինգ ռուբլի էլ չունեինք, ավելի ճիշտ՝ երկու ռուբլի ու մի քիչ ես ունեի, իսկ Հրաչը՝ երկու ռուբլուց էլ քիչ, ու էդ պահին, երբ մեր գրպանների կիսադատարկ լինելն ի հայտ բերինք, անմիջապես որոշեցինք վերադառնալ հյուրանոց ու փող վերցնել, որովհետեւ Թիֆլիսի էդ գարնանային ցերեկը տաք ու շողշողուն էր, ու Թիֆլիսի էդ գարնանային օրվա թավշյա իրիկունն արդեն միանգամայն պատկերացնելի էր, ու մենք, հյուրանոց վերադառնալով, մեր երկտեղանոց համարի ու մեր զգեստապահարանի դռները կրնկի վրա բաց գտանք, եւ մեր կոստյումների բոլոր գրպանները՝ դափդատարկ, եւ դա ընդամենը մեր ողբերգության սկիզբն էր, որովհետեւ երբ կանչեցինք հարկի հերթապահ տիկին Սոֆիկոյին, Սոֆիկոն մի էնպիսի ողբ ու վայնասուն դրեց, որ քիչ հետո արդեն ես ու Հրաչն էինք փորձում իրեն սփոփել, ու էդ ողջ ընթացքում մեր համարի դուռն արդեն պինդ փակել էինք, որպեսզի մեր ու Սոֆիկոյի ընդհանուր խայտառակությունն աշխարհով մեկ չլիներ, ու էդ ողջ ընթացքում Սոֆիկոն իր ընդգծված ակցենտով զարմանազան երդումներ էր ուտում, որ հանկարծ էդ գործում իրեն չկասկածեինք, եւ, ռուսերեն ու վրացերեն բազմազան երդումներ ուտելով հանդերձ, զուգահեռաբար նաեւ խստագույնս նախատում էր մեզ, որ էդպես անփութորեն մեր դուռն, ուրեմն, կրնկի վրա բաց ենք թողել, եւ, խստագույնս մեզ նախատելով, զուգահեռաբար մտմտում ու ենթադրություններ էր անում, թե էդ ընթացքում ո՞վ կարող էր մեր համարը մտած լինել, ու հարեւան երկու ադրբեջանցիներից բացի այլ կասկածյալներ չէր կարողանում պատկերացնել, եւ ես ու Հրաչը շարունակում էինք սփոփել տիկին Սոֆիկոյին, իսկ Սոֆիկոյի ուզածը ոչ թե ընդամենը սփոփվելն էր, այլ որ՝ մեր էդ գողության պատմությունը հյուրանոցի ղեկավարության ականջը չընկնի, ու էդպես էլ եղավ, եւ էդ մասին ոչ միայն հյուրանոցի ղեկավարությունը չիմացավ, այլեւ՝ մեր խմբի էրեխեքն ու մեր խմբի ղեկավար Դանիելյան Ռոբերտը, որ նաեւ մեր ռուս գրականության դասախոսն էր ու մեր բախտից գնացքում մեզանից արդեն հավաքել էր հետդարձի տոմսերի փողերը, այսինքն՝ ես ու Հրաչը Երեւան վերադառնալու հետ կապված որեւէ խնդիր չունեինք, դրան գումարած՝ մեզ մոտ եղած մեր համընդհանուր չորսուկես ռուբլին, ու դրան էլ գումարած՝ տիկին Սոֆիկոյի հաջորդ իսկ առավոտ բերած կարագն ու մի լիքը բանկա մեղրը, դրան էլ գումարած՝ Սոֆիկոյի առավոտյան տանձերն ու նարինջները, եւ երբ ես ու Հրաչը փորձեցինք հրաժարվել իր հյուրասիրությունից, Սոֆիկոն խստագույնս սպառնաց, որ ստիպված կլինի պարտք անել եւ, ուրեմն, վերադարձնել մեր կորցրած քսանհինգական ռուբլիները, եւ դա մեզ համար միանգամայն լուրջ սպառնալիք էր, որովհետեւ մենք ո՛չ միայն հավատում էինք Սոֆիկոյին, այլեւ, կարելի է ասել, արդեն սիրում էլ էինք էդ վրացուհի սիրունատես տիկնոջը, եւ առանձնապես ու հատկապես իր անունն էինք սիրում, որովհետեւ յոթանասուներեք թվականի գարունն էր, ու մեր մտապատկերում դեռեւս շողշողուն ու թարմ էին «Նռան գույնն» ու Սոֆիկո Ճիաուրելին:

Ես յոթանասուներեք թվականի թիֆլիսյան մեր էս պատմությունը հիշեցի միանգամայն պատահաբար՝ զինակոչիկների մեր էշելոնի ոչ թե Թիֆլիս, այլ, ընդհակառակը, Բաքու ուղղություն վերցնելու առիթով, ու թեպետ հասկանում եմ, որ ժամանակների վրայով էս հետուառաջ թռչելս կարող է լուրջ խոչընդոտներ հարուցել էս գրեթե ինքնակենսագրական վեպիս առաջընթացի ու առաջխաղացման առումով, բայց, այդուհանդերձ, չեմ կարող էլի մի քանի դրվագներ ու մանրամասներ չհիշել իմ ու Հրաչի թիֆլիսյան էդ, ուրեմն, ոդիսականից, որովհետեւ եթե հիմա՝ հենց էս պահին չհիշեմ, երեւի ուրիշ հարմար առիթ չպատահի, այսինքն՝ ես վերստին տրամադրված եմ վերադառնալ յոթանասուներեք թվականի իմ ու Հրաչի Թիֆլիս, մանավանդ որ՝ գրողի ու մանավանդ արձակագրի կյանքում երբեւ գալիս է մի պահ, երբ գրողն ու մանավանդ արձակագիրն սկսում է մտածել, որ եթե իր կյանքից որեւէ կարեւոր մանրամասն բաց թողնի ու չգրի, կնշանակի՝ երբեւէ չի ապրել իր կյանքի էդ, ուրեմն, կարեւոր հատվածը, այսինքն՝ շատ թե քիչ լուրջ գրողի ու մանավանդ արձակագրի կյանքում վաղ թե ուշ գալիս է մի պահ, երբ շատ թե քիչ լուրջ գրողի ու մանավանդ արձակագրի ապրածն ու գրածը մի երերուն կետում նույնանում են, եւ շատ թե քիչ լուրջ գրողին ու մանավանդ արձակագրին սկսում է թվալ, որ ոչ թե իր ապրածն է իր կյանքում տեղի ունեցել, այլ միայն՝ իր գրածը, եւ ես, քանի որ շատից-քչից լուրջ գրող ու մանավանդ արձակագիր եմ, հիմա պարտավոր եմ ինձ ու ձեզ յոթանասունչորս թվականի նոյեմբերի երեսունի զինակոչիկների մեր էշելոնից վերստին ու ժամանակավորապես տեղափոխել յոթանասուներեք թվականի մայիսյան Թիֆլիս, ուր երեք օրվա ընթացքում իմ ու Հրաչի հետ ուրիշ տարօրինակ բաներ էլ պատահեցին, եւ դա միանգամայն բնական էր, որովհետեւ ես ու Հրաչն ամբողջ էդ երեք օրերի ընթացքում մեր խմբից ու մեր համակուրսեցիներից ընդհանրապես կտրված էինք, քանի որ մեր դատարկ գրպաններով մեր կուրսեցիների ու մանավանդ մեր կուրսի աղջկերքի հետ շողշողուն ու առատ Թիֆլիսում ֆռֆռալն ավելի քան անպատկերացնելի էր, եւ ես ու Հրաչը մեր կուրսեցիների ու անձամբ խմբի ղեկավար Դանիելյան Ռոբերտի համար ճարահատյալ հորինեցինք մեր փառահեղ սուտը, այն է՝ Հրաչը Թիֆլիսում հորոխպեր ու հորոխպոր տղերք ունի, եւ ես ու ինքը առավոտից իրիկուն իր հորոխպոր տղերքի հետ զանազան պատիվների մեջ ենք, ու էդ բոլոր երեք օրերի ընթացքում մեր իսկ հորինվածքի պատճառով ես ու Հրաչը մեր կուրսեցիների ու անձամբ Դանիելյան Ռոբերտի աչքի փուշն էինք, եւ մեր խմբի ղեկավարն ու ռուս գրականության մեր դասախոսն էդ երեք օրերի ընթացքում ինձ ու Հրաչին խեթ-խեթ էր նայում, որովհետեւ կարծում էր, որ Հրաչի հորոխպոր տղերքի հետ առավոտից իրիկուն քեֆերի մեջ ենք ու իրենց էդ Վարդատոնին ու մյուս միջոցառումներին էլ մատների արանքով ենք նայում, եւ, եթե անկեղծ լինեմ, միանգամայն ճիշտ էր կարծում, քանի որ ես ու Հրաչը մեզ հենց էդպես էլ պահում էինք, հենց էդպես՝ կերած ու խմած, աղքատ ու հպարտ, ու մեր աղքատությունը միայն մեզ էր հայտնի, իսկ մեր կերածխմածությունն ու մեր փուչ հպարտությունն ափաշկարա էին ու աչք էին ծակում, ու մեզ խեթ-խեթ նայողներն էդ օրերին իմ ու Հրաչի համեմատ ակնհայտորեն նվաստացած վիճակում էին, ու ես էլ իրենց ու հատկապես Դանիելյան Ռոբերտին էի խեթ-խեթ նայում, որովհետեւ դեռեւս յոթանասուներեք թվականն էր, ու ես միանգամայն անտեղյակ էի, որ թիֆլիսյան մեր էդ օրերից ուղիղ վեց տարի անց Դանիելյան Ռոբերտն ու ես քրոջս գծով խնամիներ էինք դառնալու, այսինքն՝ քրոջս խոսքկապի առաջին իսկ վայրկյանից պարզ էր դառնալու, որ Դանիելյան Ռոբերտն իմ փեսա Մանվելի հորաքրոջ որդին է, ու ես, մեր էդ հետագային ամենեւին անտեղյակ, շարունակ իր խեթ հայացքին իմ առավել խեթ հայացքով էի պատասխանում եւ դա անում էի միանգամայն անկաշկանդ, որովհետեւ դեռեւս նաեւ չգիտեի, որ մեզ խնամի դառնալուց ընդամենը մի քանի ամիս անց Դանիելյան Ռոբերտը, որ ինստիտուտում, շրջապատում, իր ազգուտակի մեջ ու անգամ Հրանտ Մաթեւոսյանի կողմից չափազանց սիրված ու հարգված անձնավորություն էր, չափազանց անհասկանալի ու խորհրդավոր հանգամանքներում սպանվելու է «Երեւան» հյուրանոցի մատույցներում:

Մինչ այդ լուսահոգին ու ես իրար խեթ-խեթ էինք նայում, ու հիմա կոնկրետ չեմ կարող ասել, թե մեր խեթ-խեթ նայելն ինչքան տեւեց, բայց որ Թիֆլիսի էդ երեք օրերին տեւում էր, հաստատ կարող եմ ասել, ու չէր էլ կարող չտեւել, որովհետեւ ես ու Հրաչը՝ աղքատ ու հպարտ, սոված ու ծարավ, դափդատարկ փորներս ցից ցցած՝ երեք օր շարունակ մեր համակուրսեցիների ու անձամբ Դանիելյան Ռոբերտի հայացքների մեջ հայտնվելով ու մխրճվելով՝ ուտող-խմողի ու կերած-խմածի մեր փուչ դերն էինք անբռնազբոս կատարում ու էնքան էինք ներշնչված մեր էդ փուչ դերով, որ արդեն-արդեն ինքներս էինք սկսում հավատալ մեր իսկ խաղին, ու, էս ամենը վերհիշելով ու գրի առնելով, ինձ-ինձ մտածում եմ, որ էս հիշողություններս ու գրառումներս հատկապես իմաստ կունենային էն դեպքում, եթե Դանիելյան Ռոբերտը յոթանասունիննի օգոստոսի էդ չարաբաստիկ իրիկուն «Երեւան» ռեստորան ոտք դրած չլիներ, մինչ օրս ողջ լիներ ու կարդար էս խոստովանությունս, իսկ որ կկարդար՝ դրանում հեչ կասկած չունեմ, որովհետեւ, չնայած ինքն առանձնապես արտահայտվող ու գովեստներ շռայլող չէր, բայց, զգում էի, հեչ էլ անտարբեր չէր վերաբերվում գրական առաջին փորձերիս:

Ինչեւէ. Թիֆլիսում ոչ միայն իմ ու Հրաչի փողերը գողացան, այլեւ մեր կուրսեցիների աչքը մեզ կպավ, ու երեւի էդ երկու հանգամանքներն էին պատճառը, որ իմ ու Հրաչի թիֆլիսյան անհաջողությունը չափազանց բովանդակալից շարունակություն ունեցավ, ու էդ շարունակությանն անպայման եմ անդրադառնալու, որովհետեւ այն, ինչ պատմելու եմ, ձեզ հետ հաստատ պատահած չի լինի, ու ես էլ, ինչպես ուրիշ շատ գրողներ, սովորություն ունեմ կյանքիցս վերցնել ու գրի առնել հատկապես էն դրվագները, որոնք, համոզված եմ, ուրիշների հետ երբեւէ չեն պատահել, այսինքն՝ երբեւէ որեւէ մեկի հետ չպատահած բան է հենց թեկուզեւ այն, որ ես ու Հրաչը, զրկվելով մեր քսանհինգական ռուբլիներից, հենց նույն էդ իրիկուն մտանք «Իվերիա» հյուրանոցի դիմացի մթերային, մոտներս եղած փողի գրեթե կեսով երեք հատ պուրի ու կիլոուկես կիլկի առանք, ու էդ երեք պուրիներն ու կիլոուկես կիլկիները, Սոֆիկոյի մրգերից ու կարագմեղրից բացի, թիֆլիսյան մեր երեք օրերի ողջ կերն էին, ու էդ երեք օրերի մեր շարունակվող ու չվերջացող կիլկիներից էնքան հագեցա ու զզվեցի, որ էդ օրվանից առ էսօր բերանս կիլկի չեմ դրել:

Բայց կիլկիների մասին չէր, որ պատրաստվում էի պատմել, այլ միայն ու միայն իմ ու Հրաչի թիֆլիսյան երկրորդ օրվա մասին ու մեր թենիսի, ավելի ճիշտ՝ սեղանի թենիսի մասին, որ տեղի ունեցավ մեր երկրորդ օրը վերեւում՝ ֆունիկուլյորի այգում, ու էդ դեպքի իմ նկարագրությունից հետո, ճիշտ է, միգուցե փոքր-ինչ սասանվի հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության, հասկանում եք, կաղնին, բայցեւ իմ շարադրանքից անմիջապես հետո շոշափելիորեն կհամալրվեն ու էականորեն կթարմանան հայ ժողովրդի հերոսական անցյալին վերաբերող էջերը:

Հաջորդ իսկ առավոտ ես ու Հրաչը պուրիներից ու կիլկիներից հետո մեր գրպաններում մնացած շուրջ երկուսուկես ռուբլուց ամբողջ քառասուն կոպեկ շռայլորեն տվինք ֆունիկուլյորի տոմս վաճառող կնոջն ու ֆունիկուլյորով բարձրացանք ամենավերեւ, ուր, ամեն ինչից բացի, բացօթյա սրճարան ու թենիսի սեղաններ կային, բայց սուրճ խմողներ ու թենիս խաղացողներ դեռեւս չկային, որովհետեւ դեռեւս առավոտվա տասնմեկից մի քիչ էր անց, եւ զբոսայգին նոր-նոր էր իր աշխատանքային օրն սկսում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել