Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողները բողոքեցին գրողներից

Մարտ 19,2005 00:00

Գրողները
բողոքեցին գրողներիցՈվ վճարում է, նա էլ պատվիրում է«Դպրոցական
դասագրքերում հայ գրականության վիճակը եւ երեխաների գիտելիքների հստակ պատկերը օրումեջ
ներկայացվում են ԱԼՄ հեռուստատեսությամբ: 11 տարեկան երեխաները ծռված վզով, խեղճ,
տառապած ու մեղք տեսքով, պաթետիկ, թախծոտ արտասանում են: Նրանց նայելով ասում եմ
վա՛յ դպրոց, սատկեմ ես էլ, դու էլ՝ հետս: Էս ինչ օրի ենք»,- երեկ այսպես ասաց բանաստեղծ
Էդուարդ Միլիտոնյանը՝ Գրողների միությունում (ՀԳՄ) տեղի ունեցած «Հայոց լեզուն եւ
ժամանակակից գրականությունը դասագրքերում» թեմայով քննարկման ժամանակ: Մատաղ սերնդի
հայ գրականագիտության խնդրով՝ հատկապես տարրական դասարանների դասագրքերում հայ ժամանակակից
ստեղծագործողների բացակայությամբ մտահոգվածների թիվը, պարզվեց, որ շատ է: Ներկա էին
մանկագիրներ, ԿԳ նախարարության ներկայացուցիչներ եւ ուսուցիչներ: Քննարկման հենց
սկզբում ՀԳՄ քարտուղար Դավիթ Մուրադյանը ներկաներին հիշեցրեց. «Կլոր սեղանը ոչ դատական
նիստ է, ոչ էլ մտքերի փոխանակման վայր: Պետք է հնչեն կառուցողական կոնկրետ առաջարկներ:
Ընդհանուր եզրեր գտնենք: Անենք այնպես, որ երեխան հայ գրողին ճանաչի հիմա, ոչ թե
մեռնելուց հետո»: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն էլ վրդովված էր նրանից, որ դասագրքերը
հրատարակվում են Համաշխարհային բանկի եւ այլ կազմակերպությունների միջոցներով եւ
հենց նրանք էլ հրահանգում են տպագրել իրենց ուզածը: Կրթության ազգային ինստիտուտի
տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանն էլ, ի պատասխան Անանյանի մտահոգությունների, տեղեկացրեց,
որ ոչ մի կազմակերպության, առավել եւս բանկի, չի հետաքրքրում հայկական դասագրքերի
բովանդակությունը: Պարոն Մարտիրոսյանը համաձայնեց, որ ներկայիս ծրագրերը կաշկանդող
են, բայց իրենք աշխատում են հնարավորինս ազատություն ապահովելու ուղղությամբ: Նա
նշեց, որ այսօրվա դպրոցական ծրագիրը աշակերտից պահանջում է դասական գրականության
լուրջ իմացություն: Եվ ծանրաբեռնվածության արդյունքում այդ գրականության ուսուցումը
դառնում է ձեւական. «Երեխան չի կարդում, բայց ստանում է գնահատականներ»: Նա դժգոհեց
նաեւ, որ մանուկների համար տպագրված գրքերի ծավալը քիչ է, գրախանութներում եւ այլ
անհրաժեշտ վայրերում էլ դրանք չկան: Քննարկումը թեժացավ այն պահին, երբ մանկագիր
Երվանդ Պետրոսյանը տարրական դասարանի դասագրքից ընթերցեց մի անհայտ բանաստեղծի ստեղծագործություն.
«Խղճում եմ Շիրազին, որ իր բանաստեղծության կողքին այս թյուրիմացությունն են տպագրել»:
Հետո հնչեցին ռեպլիկներ, թե ինչու պետք է Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» տխուր
«նոտաներով» գործը զետեղված լինի դպրոցական դասագրքերում: Բոլորն այն կարծիքին էին,
որ հայ գրականության դասագրքերը չափից շատ լուրջ են, ուստի երեխաներն ավարտում են
հիվանդ հոգեբանությամբ: Ներկաները որոշեցին ստեղծել ժամանակակից հայ գրողների լավագույն
ստեղծագործությունների այնպիսի քրեստոմատիա, որը հնարավորություն կտա դասագրքի հեղինակներին
կատարել ստեղծագործությունների ընտրություն: Այդ նպատակով՝ կստեղծվի աշխատանքային
խումբ: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել