Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱՏՐՈՆԸ ՍԿՍԵԼ Է ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ»

Մարտ 19,2005 00:00

Հավաստիացնում
է Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը – Վերջին օրերին ձեր
թատրոնում անցկացված մեներգիչների մրցույթը, չգիտես ինչու, դարձել էր «երեւույթ»
հայաստանյան մշակութային կյանքում: Խնդրում ենք ներկայացնել թատրոնի վերջին տարիների
աշխատանքները, մասնավորապես՝ մեներգիչների մրցույթի արդյունքները: – 1991-ից
առայսօր, մեր թատրոնի ստեղծագործական բնականոն աշխատանքը խաթարված էր հասկանալի պատճառով.
ղարաբաղյան հակամարտություն, Ադրբեջանի կողմից շրջափակում: Զրկվելով տարրական պայմաններից
(հիմնականում՝ ջեռուցման բացակայություն), աշխատում էինք ամառվա ամիսներին: Հետեւաբար,
տարիների ընթացքում մեր խաղացանկը հասցվել էր նվազագույնի: Առաջատար մեներգիչներից
ոմանք հեռացան Հայաստանից հասկանալի պատճառով. արտիստը չի կարող բեմ դուրս չգալ:
Ի դեպ, այս երեւույթները կատարվեցին ոչ միայն մշակույթի ոլորտում: Եվ երբ երեք տարի
առաջ օպերային թատրոնի շենքի հիմնական վերանորոգումը ընդգրկվեց Լինսի հիմնադրամի
ծրագրում, մեզ համար դա հեքիաթի նման մի բան էր: Ասեմ, որ այս շենքում վերջին նորոգումը
կատարվել էր անցյալ դարի 80-ականների սկզբին: Ու թեեւ նորոգումը տեւեց մեկուկես տարի,
սակայն թատրոնի ստեղծագործական խմբերը անգործության չմատնվեցին: Այսպես. երգչախումբն
ու նվագախումբը իրենց ամենօրյա փորձերն էին անցկացնում Հանրային ռադիոյի Տերյան-
2 ձայնագրման ստուդիայում, բալետի արտիստները՝ պարարվեստի ուսումնարանում, իսկ մեներգիչների
համար փորձատեղի էր դարձել թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեղամ
Գրիգորյանի բնակարանը: Այդուհանդերձ, 2003-ի հունվարին հյուրախաղերի մեկնեցինք Մոսկվա,
ներկայացրինք Բելինիի «Նորման», մայիսին թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Հունաստանում,
տեղի օպերային թատրոնի երգչական կազմի հետ, ներկայացրեց 8 բեմադրություն, սեպտեմբերին
մեր բալետային խումբը հյուրախաղերով հանդես եկավ Արցախում եւ, ի վերջո, անցյալ տարի
կայացավ այնքան սպասված Արամ Խաչատրյանի «Գայանեն»: Տարիների տաղտուկը հաղթահարելու
համար որոշվեց թատրոնի ստեղծագործական կոլեկտիվներում անցկացնել մրցույթ: Մինչ նշված
արտերկրյա հյուրախաղերը, մրցույթ անցկացվեց թատրոնի սիմֆոնիկ նվագախմբում եւ երգչախմբում:
Մրցույթը նպատակ էր հետապնդում ոչ միայն լրացնել թափուր տեղերը, այլեւ յուրաքանչյուր
արտիստ պետք է վերահաստատվեր իր տեղում: Շենքի շահագործումից հետո ստեղծված են հրաշալի
պայմաններ ստեղծագործական աշխատանքի համար: Ժամանակն էր անցկացնել մեներգիչների մրցույթ:
Այստեղ արտառոց ոչինչ չկա, դա թատրոնի աշխատանքային շարունակական ընթացքն է: Ստեղծվել
էր 15 հոգուց բաղկացած գեղարվեստական խորհուրդ, որտեղ ընդգրկված էին թատրոնի դիրիժորները,
վաստակ ունեցող արտիստները, գլխավոր խմբավարը, բնականաբար՝ գեղարվեստական ղեկավարն
ու գլխավոր դիրիժորը: Տասը բալանոց գնահատման մրցույթի արդյունքում թատրոնն ունեցավ
55 մեներգիչ: Նրանցից ոմանք մինչ մրցույթը ստաժորներ էին, ոմանք էլ բեմ են բարձրացել
Երեւանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում: Օժտված երիտասարդ ձայներին
հարկավոր է ուշադրություն, աջակցություն մեծ բեմ բարձրանալու, հաստատվելու համար:
Նշեմ, որ երեք մենակատար տարբեր երկրներում հյուրախաղերի լինելու պատճառով, չեն մասնակցել
մրցույթին: Նրանց համար առաջիկայում կկազմակերպվի ունկնդրում: Հասկանում եմ, որ ինչպես
յուրաքանչյուր մրցույթ, այնպես էլ սա, կարող է որոշ երգիչների չբավարարել, բայց վստահեցնում
եմ, որ գեղխորհուրդը անաչառ է եղել, ոչ մեկը կախվածություն չի ունեցել ոչ մի բանից,
ու, բնականաբար, գեղխորհրդի այս կամ անդամի սուբյեկտիվ գնահատականը չէր կարող վճռորոշ
լինել: Անձամբ ինձ համար ցավալի էր որոշ երգիչների ելույթը մրցույթին: Դա բացատրում
եմ նրանով, որ կամ լուրջ չէին վերաբերվել մրցույթին, կամ ծրագիրը ճիշտ չէր ընտրված:
Բարձրաձայնեմ, որ իրենց նախկին կարգերը զիջած մենակատարները չեն զրկվելու առաջնային
դերերգեր կատարելու հնարավորությունից եւ չի բացառվում, որ հետագայում նրանց կարգը
վերանայվի: Սկսված է Ռախմանինովի «Ալեկո», Չայկովսկու «Իոլանտա», Ռիմսկի-Կորսակովի
«Մոցարտ եւ Սոլիերի», Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաների փորձերը, իսկ մոտ ժամանակներս
կներկայացվի Տիգրան Լեւոնյանի բեմադրած Դոնիցետիի «Պողիկտոսը»: Տեղեկացնեմ նաեւ,
որ մեներգիչների աշխատավարձը հունվարի 1-ից բարձրացել է 50%-ով: Ըստ կարգերի, այն
տատանվում է 35-63 հազար դրամի սահմաններում: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել