Լրահոս
Օրվա լրահոսը

Բացարձակ մաքուր ջուր

Մարտ 19,2005 00:00

«Նոյ»-ն
այսուհետ զտում կանցնի այնպիսի սարքավորումների միջոցով, որոնցով մշակվում են աշխարհում
հայտնի հանքային եւ խմելու ջրերը: Խոսքը «PALL corporation» ընկերության զտիչ
սարքավորումների մասին է: Սա բավական հայտնի ընկերություն է, որն ունի ոլորտի առաջատար
ձեռնարկություններին զտիչ տեխնիկա մատակարարելու երկարատեւ փորձառություն: «PALL
corporation»-ի ծառայություններից են օգտվում այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք
են «Նեսթլե»-ն, «Դանոն»-ը, «Էվիան»-ը, «Պերիե»-ն, «Վիթթել»-ը, «Սանպելեգրինո»-ն,
«Պեպսի կոլա»-ն եւ «Կոկա կոլա»-ն: «PALL corporation»-ի ներկայացուցիչը «Բջնի» հանքային
ջրերի գործարանում մարտի 2-ին անցկացրեց սեմինար՝ հանքային եւ աղբյուրի ջրերի զտման
տեխնիկական, տեխնոլոգիական, տնտեսական հարցերի շուրջ: Գործարանը «PALL corporation»-ից
ձեռք է բերել համալիր սարքավորում՝ մեմբրանային զտիչներով, որոնք կիրառվում են հանքային
ջրի զտման համար: Գործարանի լաբորատորիայի վարիչ եւ «Բջնի»-ի ու «Նոյ»-ի արտադրանքի
որակի պատասխանատու Միխայիլ Գեւորգյանն այս առնչությամբ «Առավոտին» հայտնեց. «Միակ
խնդիրը, որ կարող է առաջանալ խմելու, աղբյուրի ջրի շշալցման ժամանակ՝ միկրոբիոլոգիական
աղտոտվածությունն է՝ զանազան բակտերիաներ, վիրուսներ, պարազիտներ եւ, Աստված մի արասցե՝
պաթոգեն միկրոֆլորա: Այս ամենի ախտահանման հետեւյալ տարբերակներն են կիրառվում՝ ջուրը
քլորացվում է, օզոնացվում կամ ենթարկվում ուլտրամանուշակագույն ճառագայթման: Սակայն
ախտահարման այս տարբերակները ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ Ամերիկայում լիովին անկիրառելի
են համարվում սեղանի ջրերի շշալցման համար: Քլորացման հետեւանքով առաջանում են կոնցեռոգեն
զանազան նյութեր, օզոնացման պարագայում՝ նույնն է եւ ամբողջովին հնարավոր չի լինում
մաքրել ջուրը: Ճառագայթահարման դեպքում էլ է միկրոֆլորան փոխվում միայն 50 տոկոսով:
Հայկական ջրերի քիմիական բաղադրությունը հիանալի է, եւ այդ առումով ոչինչ
չենք փոխելու: Իսկ այս զտիչները որեւէ կերպ չեն փոխում ֆիզիկաքիմիական բաղադրությունը,
ուստի ե՛ւ աղբյուրում, ե՛ւ շշում նույն ջուրն է: Սակայն աղբյուրում կարող են լինել
միկրոբիոլոգիական զանազան աղտոտվածություններ: Եվ հենց այդ նպատակով էլ «PALL corporation»-ից
ձեռք ենք բերել այս սարքավորումը՝ մեմբրանային զտիչներով: Դրանք ամբողջությամբ՝ 100
%-ով միկրոբիոլոգիապես մաքրում են ջուրը»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել