Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՉՀԻԱՍԹԱՓՎԵՑԻՆ

Մարտ 19,2005 00:00

Չնայած՝
Շիրակի միջհամայնքային ճանապարհները քարուքանդ են Այն, որ այլեւս «պատահական»
մարդիկ երթուղիների համար հայտարարված մրցույթներին չեն մասնակցում, հպարտությամբ
խոստովանում են նաեւ պետական պաշտոնյաները: «Բա ո՞վ պիտի մասնակցի, եթե ոչ՝ խոշոր
բիզնեսմենը, հասարակ մարդուն էդքան տրանսպորտային միջոց որտեղի՞ց» մեր դիտարկմանն
ի պատասխան՝ հայտարարեց Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության վարչության
պետ Մարզպետունի Մարգարյանը: Շիրակի մարզում անգամ կարգերն են փոխվել. երբեմն պաշտոնյան
է օլիգարխին տվյալ երթուղու համար հայտարարված մրցույթին մասնակցելու խնդրանքով դիմում:
Մարզպետարանի պաշտոնյայի ասելով, Գյումրի-Անիպեմզա գիծը այնքան «անշահույթ» է, որ
մարզպետարանը հայտ ներկայացնելու հատուկ խնդրանքով դիմել է շուրջ 60 միավոր տրանսպորտային
միջոցների տիրակալ մարմարաշենցի Ասատրյանների ընտանքին, որպեսզի գիծը նախկինի նման
չմնա անտեր: Պարզվում է, 13 երթուղիների համար հայտարարված մրցույթներից «ամենաախորժալին»
Գյումրի-Արթիկն է. անզիջում պայքարը ծավալվել է հենց այս գծի համար: Ընդ որում՝ մրցութային
հանձնաժողովին զարմացրել է մրցակիցների ամենավերջին մոդելի՝ 2005թ. ավտոբուսներով
ու գազելներով ներկայանալը: Մրցույթի արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց որ մրցակիցների
միջեւ լարվածությունը մեծ է՝ ակնհայտ է նրանց մարզպետարան ներկայանալու, թեժ խոսակցությունների
մեջ բռնվելու, գուցեեւ ծանոթ մեջգցելու մտադրությունից: Օլիգարխների պայքարը
կավարտվի մոտ մեկ շաբաթից, իսկ ի՞նչ կտա այն ուղեւորին, արդյոք նախատեսված պայմանագրի
համաձայն կապահովվի՞ նրա «անվտանգ ու կուլտուրական սպասարկումը»: Ուղեւորների մեծ
մասը այս հարցին թերահավատորեն է վերաբերվում: Փաստորեն, սա Շիրակի մարզում անցկացված
առաջին մրցույթը չէ, եւ փորձը ցույց է տալիս, որ անկախ կնքված պայմանագրից՝ գիծ շահողը
աշխատում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Օրինակ, եթե իր սպասարկած համայնքներից
որեւէ մեկը շահութաբեր չէ, տվյալ համայնքը քիչ բնակիչներ ունի, վարորդը իրեն իրավունք
է վերապահում այնտեղ ընդհանրապես չմտնելու: «Առավոտը» Շիրակի մարզում արձանագրված
նման մի փաստի արդեն անդրադարձել է: Տվյալ դեպքում թեեւ պայմանագրի կոպիտ խախտում
է կատարվում, սակայն վերահսկող կառույցը՝ մարզպետարանը, չգիտես ինչու չի արձագանքում:
Մեզ դժգոհություններ էին հասել նաեւ այն մասին, որ որոշ երթուղիների տերեր պայմանագրում
այլ գին են նշում, սակայն փաստացի թանկ գնով են աշխատում: Նմանատիպ բողոքներ հղվել
են նաեւ մարզպետարանին, թեեւ վերջինս իբր թե չի կարողացել դրանք հաստատել, քանի որ
գյուղացիները հրաժարվել են խոսելուց, բողոքողն էլ հրաժարվել է բողոքը գրավոր մարզպետարան
ներկայացնելուց (հարց է ծագում՝ թերթում տպագրվածը բավականաչափ գրավոր չէ՞): Բացի
այս խախտումներից, Շիրակի մարզի գրեթե բոլոր երթուղիներում, հատկապես միկրոավտոբուսներում,
ոտնահարվում է անգամ ուղեւորի ազատ շնչելու իրավունքը: Միկրոավտոբուսներն արդեն իսկ
գերծանրաբեռնված շարժվում են համայնքներից, ճանապարհին էլ պակասելու փոխարեն կրկնապատկվում
ու եռապատկվում են: Նրանք ընդամենը մեկ բառով են բնութագրում իրենց տրանսպորտը՝ «բեզռազմեր»:
Որոշ ուղեւորների պատմելով էլ, քիչ չեն այն դեպքերը, երբ ոչ թե միկրոավտոբուսն է
իրենց տեղափոխում, այլ իրենք՝ այն հրելով: Սակայն, ըստ ուղեւորների, այս ամենը կարելի
է ներել, եթե Շիրակի ներհամայնքային ճանապարհները բառի իսկական իմաստով ավերակ չլինեին,
կամուրջներն էլ՝ վթարավտանգ: Օրինակ, Առափիի կամուրջը անցած տարի փլուզվեց: «Առավոտը»
պետական վերահսկողություն սահմանող կառույցից՝ մարզպետարանից հետաքրքրվեց, թե ո՞վ
է պաշտպանելու ուղեւորների անվտանգությունը եւ նման խախտումների առկայության պայմաններում
ո՞րն է «անվտանգ ու կուլտուրական սպասարկման» համար անցկացվող մրցույթի իմաստը: Զավեշտալին
այն է, որ հատուկ այս նպատակով մրցույթ հայտարարող կառույցը ուղեւորների անվտանգ
երթեւեկության ապահովումը իր խնդիրը չի համարում: Վերջինս գտնում է, որ դա կամ պետավտոտեսչության,
կամ էլ տրանսպորտի ու կապի նախարարության՝ Շիրակի մարզը սպասարկող վերահսկողության
վարչության աշխատակցի պարտականությունն է, որը, ի դեպ, Գյումրիում է բնակվում: Մարզպետունի
Մարգարյանի ասելով, եթե անգամ իրենց կառույցը հետազոտի ու տվյալ երթուղու համար խիստ
անհրաժեշտ համարի օրական ոչ թե 2, այլ 3 մեքենայի աշխատանքը, միեւնույն է՝ օրենքով
իրենք ստիպելու իրավունք չունեն: Նման պատասխանից պետք է հետեւություն անել, որ մրցույթը
անվտանգության առումով ոչ մի լուրջ փոփոխություն չի ենթադրում: Իմիջիայլոց,
միակ նորամուծությունն այն է, որ այս անգամ հօգուտ ուղեւորների տարանցիկ կանգառների
գնացուցակը վարորդների անուն- ազգանվան հետ մեկտեղ պարտադիր փակցվելու է: Սա, ինչպես
մեկնաբանեց ներմարզային երթուղիների անցկացման մրցութային հանձնաժողովի նախագահ Մարզպետունի
Մարգարյանը, նպատակ ունի վերացնել վարորդների խարդախությունները: Պաշտոնյայի ասելով,
եթե, օրինակ, Գյումրի -Արթիկ երթուղուց օգտվելիս ուղեւորը իջնում է Հոռոմ գյուղում,
նա արդեն չի պարտավորվում վճարել վարորդի սրտի ուզածով: Իսկ վարորդի հակաճառելու
դեպքում հնարավորություն ունի նրա անուն-ազգանունը վերցնել ու մարզպետարան բողոք
ներկայացնել: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել