Փողո՞վ,
թե՞ կամքով Անցյալ շաբաթ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության
Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների գծով փոխտնօրեն Քենթ Հիլլը հանդես գալով ԱՄՆ Սենատի
կոմիտեի առաջ՝ շարադրել է ԱՄՆ ռազմավարական քաղաքականությունն այդ երկրների նկատմամբ:
Նա ընդգծել է, թե գործակալությունը նպատակ ունի աջակցելու Եվրոպայի եւ Եվրասիայի
նախկին կոմունիստական երկրներում ժողովրդավարությանն ու շուկայական տնտեսության կայացմանը:
Ըստ Ք. Հիլլի, հատկապես 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո Կենտրոնական Ասիայի եւ Անդրկովկասի
երկրների նշանակությունը ԱՄՆ ռազմավարական քաղաքականության տեսանկյունից ավելի վճռորոշ
է դարձել եւ կտրուկ մեծացել, որովհետեւ այդ երկրները տարածաշրջանում ձեւավորում են
կայունության ճակատային գիծ եւ խոցելի են էքստրեմիզմի, թմրաբիզնեսի եւ ահաբեկչության
տեսանկյունից: «Կասպիցի նավթի եւ գազի պաշարները էլ ավելի են ընդգծում այդ
տարածաշրջանի կարեւորությունը ԱՄՆ-ի համար, որովհետեւ կասպյան ավազանի երկու երկրների՝
Ղազախստանի եւ Ադրբեջանի նավթային պաշարները, որոնք մի փոքր են զիջում ԱՄՆ-ի պաշարներին,
կարող են նավթ մշակել դեռ 30 տարի: Հարավային Կովկասում կասպյան էներգետիկ պաշարների
շահագործումը, նաեւ այդ տարածաշրջանում առկա էթնիկ եւ ազգային չլուծված հակամարտությունները,
ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության վտանգը էլ ավելի են ընդգծում ԱՄՆ անվտանգության
եւ աշխարհաքաղաքական շահերի առկայությունն այդ տարածաշրջանում: Եվ Ադրբեջանը, եւ
Վրաստանը այն երկրներն են, որոնց տարածքով է անցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար
խողովակաշարը, իսկ Հարավից՝ Կովկասի գազատարը, որոնք կասպյան ավազանի նավթի եւ գազի
պաշարները կարող են հասցնել համաշխարհային շուկա: Միաժամանակ անհարմար եւ անելանելի՝
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա ղարաբաղյան հակամարտությունը: Վրաստանում Աբխազիայի
եւ Հարավային Օսիայի անջատողական շարժումները սպառնում են այդ երկրի ամբողջականությանը,
միեւնույն ժամանակ հակամարտություն կա նաեւ ՌԴ-ում, որտեղ Չեչնիան է սպառնում տարածաշրջանային
կայունությանը»,- ասված է Ք. Հիլլի ելույթում, որը տեղադրված է ԱՄՆ պետդեպի պաշտոնական
կայքում: Ք. Հիլլը հատկապես կարեւորել է ԱՄՆ կողմից այս տարի հատկացվելիք
եւ արդեն հատկացված աջակցությունը՝ մատնանշելով դրանց հասցեատեր երկրներին՝ Ադրբեջան,
Ղըրղըզստան եւ Մոլդովա: Այդ աջակցությունը պետք է ուղղված լինի նրան, որ այդ երկրներում
ընտրությունները համապատասխանեն ԵԱՀԿ չափանիշներին: Հավելենք միայն, որ ըստ
որոշ աղբյուրների, Եվրոպայի եւ Եվրասիայի նախկին կոմունիստական երկրներում ժողովրդավարական
զարգացումներին աջակցելու նպատակով ԱՄՆ-ը մտադիր է հատկացնել ընդհանուր առմամբ շուրջ
300 մլն դոլար: Նա միաժամանակ հավելել է, թե՝ «ի վերջո, իհարկե, վերջնական հաղթանակը
հնարավոր է ապահովել միայն մարդկանց կամքի առկայության դեպքում, այլ ոչ թե միջազգային
դոնորների աջակցությամբ: Սակայն մենք կարող ենք պատասխանատվություն ստանձնել ազատամիտ
մարդկանց եւ ազատության ձգտողներին ըստ ամենայնի աջակցելու հարցում»: Ն.
Մ.