Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԵՑՐԵ՛Ք ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Մարտ 19,2005 00:00

«Ի
պաշտպանություն ԼՂՀ»-ի կազմկոմիտեի կազմակերպած երեկվա համաժողովի ընթացքում ընդունվեց
բանաձեւ, որով Հայաստանի խորհրդարանից պահանջվում է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Համաժողովի
մասնակիցներն այս բանաձեւով պահանջեցին միջազգային հանրությանը ներկայացնել հիմնահարցի
էությունը բովանդակող, պետական դիրքորոշումն արտահայտող փաստաթուղթ՝ «դիվանագիտական
նոտա, որում հատկապես նշված լինեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ ԼՂՀ-ի
կազմավորմանը եւ Ադրբեջանից նրա անկախությունը հաստատող պատմաիրավական առկա հիմնավորումներն
ու անվերապահ փաստարկները»: Բանաձեւում նաեւ անհրաժեշտ է համարվում, որ մշակվի միասնական
հայեցակարգ եւ գործողությունների ծրագիր. «Այդ նպատակով ստեղծել ծրագրի իրականացումը
համակարգող կենտրոն»: Համաժողովի մասնակիցներն այս փաստաթղթով նաեւ պահանջում են,
որ հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգ ներառվի «Ադրբեջանի կողմից հրահրված
պատերազմի հետեւանքների եւ ադրբեջանահայության տարածքային եւ նյութական կորուստների
փոխհատուցման հարցը: Բանակցային նույն փաթեթում բարձրացնել առայսօր Ադրբեջանի կազմում
Նախիջեւանի անօրեն գտնվելու հարցը»: Դեռ 1996-ին ձեւավորված «Ի պաշտպանություն
ԼՂՀ»-ի կազմկոմիտեի ղեկավար, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
ԱԺ նույն հարցի շուրջ լսումներից առաջ այս համաժողովի անցկացումը պայմանավորեց անհրաժեշտությամբ,
որ լսումների մասնակիցները նախապես իմանան նաեւ հասարակության լայն շերտերի կարծիքը:
Հնչած կարծիքները բավական տարաբեւեռ էին: Ասենք, առաջին նախագահի ընդդիմախոս
Արամ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածին համահունչ
պնդումներ արեց. «Եվս մեկ տարի, եւ եթե իսկապես բանակցային գործընթացում որեւէ հաջողություն
չլինի՝ մեծ տերությունները, որոնց մենք դիմել, միջազգայնացրել ենք հարցը, քաղաքականացրել
խնդիրը, կհոգնեն այդ իրավիճակից, եւ չեմ բացառում այն հանգամանքը, որ թույլ տան,
որպեսզի կողմերը սկսեն պատերազմական գործողություններ»: Նաեւ պնդեց, որ զուտ հոխորտանքներ
են, թե մենք պատրաստ ենք պատերազմի. «Դա ընդամենը ներքին օգտագործման համար է: Մեծ
տերությունների միջամտության դեպքում մեր բոլոր այդ հոխորտանքները չունեն ո՛չ մի
նշանակություն»: Մինչդեռ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, որը նույնպես ԼՂ հարցի
կարգավորման առումով ստեղծված վիճակը համարում էր «ամենալուրջը մինչ այժմ ստեղծված
վիճակներից»՝ հնարավոր էր համարում ձգձգել կարգավորումը՝ պայմանով, որ այդ ընթացքում
վերաբնակեցվեն ազատագրված տարածքները: «Ասում են՝ գումար չկա տարածքները բնակեցնելու
համար»,- դժգոհեց արցախցի ակադեմիկոսը եւ առաջարկեց, թե գնված ամեն մի «Ջիփի» փոխարեն
կարելի էր բնակեցնել որեւէ գյուղ: Անգամ ընդունելի համարեց, թե նման զոհողության
դիմաց նորօրյա «ցար» մեծահարուստներն «այդ գյուղերն անվանեն իրենց անուններով»: Ներկաներն
անմիջապես մտաբերեցին Պարույր Հայրիկյանի Աիմավան-1, Աիմավան-2 եւ այլ գյուղերը:
Լենսեր Աղալովյանը գիտակցում էր, թե նման գործելակերպը թերեւս հանգեցնի պատերազմի.
«Ադրբեջանն այսօր հոխորտում է, որ կարող է սկսել պատերազմ: Բայց կարող եմ ասել, թե
փոքր երկրներն ինչքան էլ հոխորտան՝ եթե իրենց թիկունքում չունեն մի հզոր ուժ, նրանցից
ոչ մեկը չի սկսի պատերազմ»: Տեղից դարձյալ ռեպլիկ հնչեց՝ «Բա Թուրքիան Ադրբեջանի
թիկունքո՞ւմ չէ»: Ընդհանրապես, այս համաժողովի մասնակիցները շատ ակտիվ էին եւ ռեպլիկներով
կամ ծափերով ընդհատում էին այն հռետորներին, որոնք բոլորին հայտնի ճշմարտություններ
էին ասում կամ խորանում պատմության մեջ: Այդպես եղավ, ասենք, ԱԺ նախագահի խորհրդական,
«Գարդման» միության նախագահ Բորիս Շահնազարյանի ելույթի ընթացքում: ՀԺԿ փոխնախագահ
Գրիգոր Հարությունյանը նույնպես քննադատեց իշխանությանը՝ տարածքները չյուրացնելու
համար. «Ոգեւորությա՜մբ, իբրեւ դիվանագիտական մե՜ծ հաղթանակ են ներկայացնում, թե
փաստահավաք խումբը ոչինչ չի հայտնաբերել, տարածքները չեն բնակեցվում… Այն կարծիքին
եմ, որ հենց այդ փաստի համար այս իշխանությունները պետք է հեռանա՛ն»: Դահլիճը ծափերով
հավանություն տվեց դիտարկմանը: «Ի սեր Աստծո՝ մի՛ խոսեք, ոչինչ մի՛ արեք, բայց գործե՛ք»,-
ասաց Գրիգոր Հարությունյանը եւ անհրաժեշտ համարեց, որ ֆերմերների կամ գորգագործների
հետ հանդիպել-զրուցելուց բացի՝ Ռոբերտ Քոչարյանը խոսի հակամարտության կարգավորման
առկա վիճակի մասին, ասենք՝ մասնակցի ԼՂ հարցի շուրջ խորհրդարանական լսումներին եւ
պատասխանի պատգամավորների հարցադրումներին: Պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը
դժգոհեց, թե ԼՂ հարցը պիտի գիտական նյութ լինի եւ ոչ թե միջկուսակցական գզվռտոցի
առարկա: Ինքը՝ պրն Մանասյանն էլ դեմ չէր քննադատությանը: Սակայն քննադատության սլաքն
ուղղեց միայն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության վրա, թե ի տարբերություն ադրբեջանցի
պատվիրակների՝ նրանք չեն աշխատել. «Ոչ մի անգամ հարցը չեն քննարկել մասնագետների
հետ: Ովքե՞ր են գնում այնտեղ որպես իրենց փորձագետներ, ո՞ւմ են տանում իրենց հետ»:
… ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որ ներկա էր այս քննարկմանը,
լրագրողներին իր տպավորությունը հայտնեց. «Հակասական արտահայտություններ արվեցին՝
կար ե՛ւ լավը, ե՛ւ վատը: Շատ բարձր եմ գնահատում Ալբերտ Բազեյանի ելույթը: Կարծում
եմ, քաջ մարդ է ինքը, որ չտրվեց ամբոխավարությանը եւ ճիշտը խոսեց»: «Հանրապետություն»
քաղխորհրդի նախագահն այդ ելույթում հայտարարել էր, թե բանակցությունների արդյունքում
պետք է լինի փոխզիջում, սակայն թող արցախցիները որոշեն՝ ի՛նչ են զիջելու: Եվ դահլիճից
հնչել էր այս արձագանքը. «Իսկ եթե որոշեն, որ Հայաստանի տարածքից են զիջելո՞ւ»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Արամ Սարգսյանը երեկ առանց անունը տալու հակադարձեց
նաեւ «Ազգային միաբանության» նախագահի հայտարարությանը, թե նման քննարկումները հնարավորություն
են տալիս իշխանությանը որոշ չափով ձերբազատվել պատասխանատվությունից. «ՀԴԿ-ն այդպիսի
խնդիր չունի: ԼՂ հարցը եթե տապալվի եւ հանկարծ, Աստված մի արասցե, մի կտոր հող կորցնենք
հենց այնպես՝ մեղավորներ փնտրելն ու պատժելն անիմաստ է լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել