Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԵ՜, ԱԺ, ՕԼԵ՜~

Մարտ 19,2005 00:00

Մեր պատգամավորները գերադասում են հարձակողական ոճի ֆուտբոլ

Մեր խորհրդարանը հասցրել է ապացուցել, որ օրինաստեղծ աշխատանքը այս գումարման ԱԺ-ում տաժանակրության հավասար գործ է: Պատգամավորները շատ ավելի պրոֆեսիոնալ են դրսեւորվում թաղային կռիվներում, «գծային» ռազբորկաներում եւ շուրջպարային նախագծերում։ Սակայն արդարացի չէ մեր պատգամավորներին մեղադրել, թե միայն ստամոքսների մասին են մտածում: Ճիշտ է, նրանցից Սպինոզա դուրս չի գա, սակայն նրանք ապրում են «ոչ միայն հացիվ»: Եվ քանի որ ազգի ընտրյալները վաղուց արդեն մարզել են ուղեղները, մնում է զբաղվել ոտքերով։

Երեկվանից խորհրդարանական խումբ-խմբակցություններին բաժանվել է Արթուր Բաղդասարյանի խորհրդականի նամակը, որով նա խնդրում է լավ ֆուտբոլ խաղացողներին ցուցակագրվել. «ԱԺ-ում ձեւավորվում է պատգամավորներից բաղկացած ֆուտբոլի թիմ: Խնդրում եմ տրամադրել ձեր խմբակցության այն անդամների ցուցակը, ովքեր ցանկություն ունեն ընդգրկվել վերոհիշյալ թիմի կազմում»: Ֆուտբոլիստ պատգամավորները երեկվա դրությամբ դեռեւս ամբողջովին չէին բացահայտվել, բայց նրանց աչքերն արդեն փայլում էին ապագա ֆուտբոլային կրքերի հեռանկարից:

Ինչպես պարզվեց, մեր պատգամավորների զգալի մասի բախտը չի բերել, որ Բրազիլիայի փոխարեն Հայաստանում են ծնվել. նրանք դեռ վեցերորդ դասարանից ֆուտբոլ են խաղացել եւ պատգամավոր դառնալով՝ իրենց մեջ սպանել են մեծ ֆուտբոլիստին: Ֆուտբոլի անունը լսելուն պես ակտիվացել էր ՀՅԴ խմբակցությունը: Հրայր Կարապետյանն ասում էր, որ ինքը ժամանակին կառավարության առաջ հարց է դրել. օլիմպիական խաղերում հայերի անփառունակ պարտության պատճառները քննարկելիս այդ համատեքստում ուսումնասիրել նաեւ հայկական ֆուտբոլի խնդիրները. «Որովհետեւ վաղուց ֆուտբոլը դարձել է քաղաքականություն»: Ու քանի որ քաղաքականություն ասելիս մերոնք հասկանում են «իշխանություն տալ-վերցնելը», սկսեցին կատակել. «Ընդդիմությունն ու դիմությունը խաղալու են, ով հաղթեց՝ իշխանությունը վերցնելու է»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն ասաց, որ ֆուտբոլ խաղալու համար իրենք ներկայացրել են «Ընկեր Հրայրի եւ ընկեր Արմենի անունները»: Հրայր Կարապետյանը մտադիր է խաղալ հարձակման գծում, իսկ Արմեն Ռուստամյանը, որպես ֆուտբոլի գծով թիվ մեկ դաշնակցական, ասաց, որ ինքը սովորաբար կենտրոնական հարձակվող է խաղում, բայց կարող է նաեւ դարպասապահ լինել. «եթե դարպասին կանգնող չլինի, կարող եմ նաեւ դարպասը պաշտպանել»:

«Ժողպատգամավոր» խմբից Լյովա Խաչատրյանն ասաց, որ իրենք դեռ չեն որոշել, թե ով է ֆուտբոլ խաղալու. «Էս նշանակովի խաղ չէ, պետք է խաղալ իմանաս, այս դեպքում «լցնելը» չի օգնի»:

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որն իր ասելով ոչ թե խաղացող է, այլ խաղացնող, ֆուտբոլ խաղալու է ուղարկելու նժդեհյան ոգով տոգորված ֆուտբոլիստների մի մեծ բանակ՝ Աշոտ Աղաբաբյանի գլխավորությամբ: Վարչապետի թիմում ֆուտբոլ են խաղալու Գագիկ Մելիքյանը, Արմեն Աշոտյանը, Արմեն Դանիելյանը, Սուքիաս Ավետիսյանը, Վահե Հակոբյանը: «Եթե խաղ է, ուրեմն առանց մեզ գլուխ չեն կարող հանել»,- ասում է Գալուստ Սահակյանը: Նկատեցինք, որ ամենից շատ ֆուտբոլիստ ներկայացրել է ՀՀԿ-ն, ի՞նչն է այս «առատաձեռնության» պատճառը. «Միշտ էլ մեր ունեցվածքն ամենաշատն է»,- հպարտացավ պարոն Սահակյանը:

Ընդդիմությունից ֆուտբոլ է խաղալու Վիկտոր Դալլաքյանը, որը միայն բարի հուշեր ուներ ֆուտբոլից: Նա երանությամբ հիշում էր, որ ինքը ԱԺ-ի կազմում ֆուտբոլ է խաղացել նաեւ տարբեր տարիների՝ Բաբկեն Արարքցյանի, Խոսրով Հարությունյանի օրոք եւ այլն: Հատկապես երանությամբ էր հիշում 97 թվականի խաղը, երբ ԱՊՀ երկրների խորհրդարանական թիմերի հետ հայերը նույնպես ֆուտբոլ են խաղացել եւ հաղթել են. «Սոչիում խաղում էինք Պետդումայի թիմի հետ, ամբողջ ստադիոնը գոռում էր՝ «Արարատ, հուպ տուր», մենք էլ 1:0 հաղթեցինք: Մեր թիմի պաշտպանները ես եւ Սմբատ Այվազյանն էինք: Հերոյանն էլ մեզ համար մարզական հագուստ էր գնել, լավ կերակրում էր, իսկ հովանավորը Վազգեն Սարգսյանն էր»: Վիկտոր Դալլաքյանը հիշում է նաեւ, որ հայ ֆուտբոլիստ-պատգամավորները այդ ժամանակ ապրել են Ստալինի ամառանոցում:

ՕԵԿ խմբակցությունից ֆուտբոլ կխաղան Հովհաննես Մարգարյանը, Սամվել Շահգալդյանը եւ Գագիկ Ավետյանը: Վերջինս ասաց, որ ինքը ֆուտբոլ վատ է խաղում, բայց ուզում է խաղալ, քանի որ. «Ցանկություն կա հարձակողական գծում խաղալ, դա ավելի լավ է ստացվում, քան՝ պաշտպանվելը»: Ինչպես նկատեցինք, ՕԵԿ-ում ավելի շատ են բասկետբոլի սիրահարները, ֆուտբոլը նրանց հոգեհարազատ չէ: Այս առիթով Վիկտոր Դալլաքյանը իր սեփական մոտեցումն ունի. «Հաշվի առնելով, որ ԱԺ-ն նախագահականի կցորդն է, ուրեմն տրամաբանական կլիներ, որ պատգամավորները բասկետբոլի թիմ ունենային, որովհետեւ բասկետբոլի թիմ չունենալը կարող է դառնալ այս ԱԺ-ն լուծարելու պատրվակ»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել