Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվար

Մարտ 18,2005 00:00

Դժվար է գեղեցկուհի լինելը Երեկ հայ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հրավիրել էր մամուլի ասուլիս՝ «Միսս Եվրոպա» մրցույթի մասին իր տպավորությունները պատմելու: «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանն ասաց, որ մեր գեղեցկուհին, շահելով «Վիցե միսս Եվոպա» տիտղոսը, ոչ մի դրամական մրցանակ չի ստացել, իսկ հաղթած գերմանուհին արժանացել է 50 հազար եվրոյի, որից 25 հազարն արդեն ստացել է, մյուս կեսն էլ կստանա տարվա ընթացքում: Լուսինեն պայմանագրով նույն իրավունքներն ու պարտականություններն ունի, ինչ Գերմանիայի ներկայացուցիչը: Եվրոպական մի շարք միջոցառումներին վերջինիս բացակայության դեպքում նրան փոխարինելու է «Վիցե միսսը»: Շուտով Հայաստան կուղարկվի այն միջոցառումների ցանկը, որոնց Լուսինեն պետք է մասնակցի: Հարցին, թե մրցույթի ժամանակ հայ գեղեցկուհու դեմքի ինքնավստահությունն արդյո՞ք պայմանավորված էր Շարլ Ազնավուրի ներկայությամբ, նա պատասխանեց. «Իհարկե, շատ հպարտ էի, որ նա ժյուրիի անդամ էր: Երբ նա մտավ դահլիճ, հանդիսատեսը շուրջ 20 րոպե ծափահարում էր: Իսկ մրցույթից հետո նա անձամբ մոտեցավ ինձ ու ջերմ շնորհավորեց: Բայց ինձ բեմ դուրս գալիս առավել ոգեւորում էր այն, որ դահլիճում նստած էին մայրս եւ քույրս»: Հարցին միջամտեց նաեւ Արիստակեսյանը. «Պարզ է, որ Շարլ Ազնավուրի ներկայությունը պետք է ոգեւորեր ցանկացած վայրում, բայց անհասկանալի է, թե այդ փաստն ինչու՞ է այդքան շահարկվում հայկական մամուլում: Մենք ուզում էինք ավելի շատ խոսել հաղթանակից, որին Լուսյան, անկախ ամեն ինչից, արժանի է»: Կարծիք կար, որ Լուսինեն իր սիրուն հայկական անունը փոխել է, դարձրել ավելի ժամանակակից, բայց գեղեցկուհու հավաստմամբ, անձնագրով իր անունը հենց Լուսյա է: Ճիշտ չէ նաեւ այն տեղեկությունը, թե նրա տատիկն ուկրաինուհի է. «Նա մաքուր հայ է, եւ իմ արյունն էլ մաքուր հայկական արյուն է»,- հավաստիացրեց գեղեցկուհին: Լուսինեն այս տարի կարող է մասնակցել գեղեցկության եւ մանեքենության մի շարք մրցույթների, այդ թվում՝ «Թոփ մոդել աշխարհ» մրցույթին: Բայց, ըստ «Միսս Եվրոպա» կազմակերպության կանոնակարգի, նա մեկ տարի չի կարող մասնակցել «Միսս աշխարհին»: «Վիցե միսսը» կզրկվի իր տիտղոսից այն դեպքում, եթե առանց կազմակերպության եւ ազգային գործակալության համաձայնության՝ նկարահանվի որեւէ գովազդային տեսահոլովակում կամ հաղորդման մեջ՝ կրելով տիտղոսի ժապավենը: Լուսինեն նաեւ իրավունք չունի հարբած վիճակում դուրս գալ հասարակություն, ծխել, փոխել մազերի գույնը կամ դեմքի մասերը, ամուսնանալ կամ ունենալ երեխա: Հարցին, թե այդ իրավունքներից զրկվելու փաստը չի՞ կաշկանդում գեղեցկուհուն, Կ. Արիստակեսյանը պատասխանեց. «Ոչ, որովհետեւ նա ամուսնանալու ժամանակ առայժմ չի ունենա, այդ մասին կմտածի ավելի ուշ»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել