Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ԵԿԱՎ ՄՐՑԱՆԱԿԸ

Մարտ 18,2005 00:00

ՆՈՐԻՑ ԵԿԱՎ ՄՐՑԱՆԱԿԸ Այս տարի եւս նախագահական մրցանակի առումով բախտը՝ 2,5 մլն դրամի տեսքով, կժպտա որոշ արվեստագետների: Պետական մրցանակները սահմանված են գրականության եւ արվեստի 5 ոլորտներում՝ գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, թատրոնի ու կինոարվեստի, ճարտարապետության ու քաղաքաշինության: Ստեղծագործությունները մրցանակի կարող են ներկայացվել ինչպես հեղինակների, այնպես էլ ստեղծագործական միությունների կամ գրականության եւ արվեստի այլ կազմակերպությունների կողմից: Օրերս Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) նախագահ Կարեն Աղամյանը դժգոհել էր, որ իրենց միությանը առայժմ պաշտոնապես ոչինչ չի ասվել, իսկ ինքն անձամբ մրցանակաբաշխության մասին տեղեկացել է ռադիոյից: «Անցյալ տարիների փորձը ցույց է տալիս, որ մեր կարծիքի հետ երբեք հաշվի չեն նստում, մինչդեռ դաշտը լավ գիտենք, քանի որ նկարիչների մեծամասնությունը ՆՄ անդամ է: Փոխարենը մշտապես անցնում է լրիվ այլ կազմակերպության առաջարկ: Այդ պատճառով էլ ՀՆՄ-ն այս անգամ զերծ է մնալու որեւէ կարծիք հայտնելուց ու առաջարկներ անելուց»,-ասել էր Աղամյանը, որը լինելով պրոֆեսիոնալ միության ղեկավար, նախորդ մրցանակաբաշխությանը անգամ ընդգրկված չէր համապատասխան հանձնախմբում: Կերպարվեստի հանձնախմբի նախագահ Սարո Սարուխանյանը, հավանաբար շտկելու համար իրավիճակը, ասաց, որ իրենց հանձնախումբը նոր է ձեւավորվում, եւ Կարեն Աղամյանին դեռ չեն հասցրել տեղեկացնել, որ ինքն էլ է «հանձնաժողովական»: Անցյալ մրցանակաբաշխությանը կերպարվեստի ոլորտը զրկվեց նախագահական 2,5 մլն-ից համանուն հանձնաժողովի պատճառով: Բանն այն է, որ անդամներից Հենրիկ Իգիթյանը այդ օրերին բացակայում էր քաղաքից, մի քանիսն էլ, իրենց բնորոշմամբ՝ հարգելի պատճառով ներկա չէին քվեարկությանը: Արդյունքում մյուս արվեստագետների (Արա Շիրազի, Փարավոն Միրզոյանի, Ֆերդինանտ Մանուկյանի, Անատոլի Պապյանի, Նորայր Կարգանյանի) համեմատությամբ ավելի շատ ձայներ ստացած Շահեն Խաչատրյանի՝ Մարտիրոս Սարյանին նվիրված գիրք-ալբոմը զրկվեց մրցանակից, որովհետեւ օրենքով այն պիտի հավաքեր 5 ձայն՝ կեսից ավելին: «Ես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանին մի առիթով հայտնել եմ մտահոգությունս, որ տեսական բնույթի աշխատանքները ճիշտ կլիներ մեկ այլ սկզբունքով գնահատել, որպեսզի նման պատմություններ չլինեն,- ասաց պրն Սարուխանյանը,- մեր գործը շատ դժվար է, բոլորս իրար ճանաչում ենք: Ինչպես էլ վարվենք, միշտ լինում են դժգոհություններ, որովհետեւ արժանավորները շատ են, մրցանակը՝ մեկը»: «Ինչո՞ւ չեք առաջարկում, որ նախորդ մրցույթում կերպարվեստին բաժին չհասած 2,5 միլիոնը այս տարվա պարգեւին հավելվի, եւ միանգամից 2 արվեստագետ պետական մրցանակ ստանա»,- հետաքրքրվեց «Առավոտը»: «Նախանցած տարի նման բան կատակով առաջարկել եմ, սակայն ինձ նախագահի աշխատակազմից ասել են, որ դա օրենքից դուրս է»,- ասաց Կերպարվեստի հանձնախմբի նախագահը: «Իսկ Նկարիչների միությունը դժգոհում է, որովհետեւ պրոֆեսիոնալ միություն է: Ես էլ կուզենայի, որ մրցույթի դրված գործերը նախ քննարկման դրվեին այնտեղ՝ ՆՄԺ-ում, ի վերջո՝ խորհուրդ կա, բան կա, մասնագիտական բաժիններ կան: Բայց եթե օրենքով սահմանված է, որ մարդիկ անձամբ էլ կարող են հայտեր ներկայացնել, մենք ի՞նչ կարող ենք անել»,- նշեց պրն Սարուխանյանը՝ պատասխանելով Կարեն Աղամյանին: Նրա կարծիքով՝ մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ ներկայացրած արվեստագետներից ոմանք հաճախ մեծ ակնկալիքներ են ունենում ու երբ դրանք չեն արդարացվում, նրանք եւ նրանց ներկայացնող կազմակերպությունները բնականաբար դժգոհում են: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել