ՕՊՏԻՄԱԼԱՑՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԶԱՎԹԵ՞Ն Կառավարությունն ու մարզպետարանը «չեն նկատում», որ դպրոցի շենքում գործում էր համալսարան Կառավարության՝ 2004 թ. օգոստոսի 5-ի թիվ 1441 եւ 1431 որոշումների համաձայն, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 5-րդ բանավանի Դուրյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող «Հրազդանի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված 1-ին մասնաշենքից 1463 քմ մակերեսով շենքի մասը անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին, իսկ դպրոցի 2-րդ մասնաշենքից 1703 քմ մակերեսով շենքի մասը՝ «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին՝ որպես գույքային ներդրում: Սակայն կառավարությանն այս առաջարկը ներկայացնելիս ԿԳՆ-ն «մոռացել» է նշել, որ նույն դպրոցի 2-րդ մասնաշենքում նաեւ մի ոչ պետական բուհ է գործում՝ Լեւոն Օրբելու անվան համալսարանը: 1996 թ. համալսարանի հիմնադիր խմբի եւ Հրազդանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Գարիկ Խաչատրյանի միջեւ կնքված պայմանագրով, դպրոցի 2-րդ մասնաշենքը տրվել է համալսարանին: Ի դեպ, այս առնչությամբ որեւէ առարկություն չի հայտնել նաեւ ԿԳ նախարարի այն ժամանակվա պաշտոնակատար Վարդգես Գնունին: Համալսարանն այնուհետեւ սկսել է շինարարական աշխատանքները, որովհետեւ, ռեկտոր Վարդան Զոհրաբյանի ներկայացմամբ, շենքը պիտանի չէր որեւէ գործունեության համար: «Արթին Էնթերփրայս» անկախ աուդիտորական ընկերությունը գնահատել է կատարված շինարարական աշխատանքները եւ եզրակացրել, որ այդ աշխատանքների շուկայական արժեքը կազմել է 47?756 ԱՄՆ դոլար՝ շուրջ 22 մլն դրամ: (Կան վերանորոգումից առաջ եւ հետո արված լուսանկարները): Բացի այդ, համալսարանը ԿԳՆ-ի կողմից ստացել է անժամկետ լիցենզիա՝ կրթական գործունեություն ծավալելու համար: Եվ ամենակարեւորը. համալսարանն ունի 1999 թ. 10 տարի ժամանակով կնքված վարձակալության պայմանագիր, որի գոյությանը երեկ «Առավոտի» հետ զրույցում չէր հավատում Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը: Պայմանագիրը, սակայն, ստորագրված է այն ժամանակվա մարզպետ Սամվել Ստեփանյանի կողմից եւ եթե նույնիսկ մարզպետարանում կրկնօրինակը չի պահպանվում, մենք կարող ենք այն տրամադրել պրն Շահգալդյանին, որովհետեւ վերջինս մեզ խոստացավ պայմանագրի գոյության պարագայում «որոշումը չիրականացնել»: Մարզպետը նաեւ չի հավատում, որ բուհն այժմ գործում է եւ այնտեղ վերանորոգման աշխատանքներ են արվել: Եթե բուհը գոյություն չունի, ապա ինչպես են համալսարանի պատվավոր անդամի կոչում ստացել նույն պրն Շահգալդյանը, Քերոլայն Քոկսը, Գագիկ Ծառուկյանը եւ այլ հայտնի մարդիկ: Մարզպետն այս հարցին պատասխանեց այսպես. «Եթե 2001-ին 50 ուսանող է եղել, մի թղթի կտոր են տվել, էդ նշանակում է, որ բո՞ւհ է»: Իսկ այժմ բուհն ունի 73 ուսանող, 29 աշխատակից, որոնց մի մասը դասերն անցկացնում է բուհի Աբովյանի մասնաճյուղում՝ օգտվելով սակայն Հրազդանի մասնաշենքի լաբորատորիայից, գրադարանից: Մեզ հաջողվեց պարզել, որ բուհը պետությանը որեւէ պարտք չունի, մուծել է բոլոր հարկերը, կենսաթոշակային ֆոնդի գումարները, եւ այս ամենը վկայող բոլոր փաստաթղթերը կան: Եթե բուհում ուսանող չկա, ինչպե՞ս են վերոնշյալ գումարները մուծվում, այն դեպքում, երբ, ռեկտոր Վարդան Զոհրաբյանի հավաստմամբ, շատ հաճախ Երեւանից ստուգող հանձնաժողովներ են գալիս ու ոչ մի խախտում երբեք չի հայտնաբերվել: Այս հարցով դիմեցինք նաեւ ԿԳ նախարար Սերգո Երիցյանին: Նա մեզ հայտնեց, որ վիճարկվող մասնաշենքը ոչ թե հանձնվել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին (ինչպես եւ գրված է կառավարության որոշման մեջ), այլ՝ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին՝ ուսուցիչների համար մարզային վերապատրաստման կենտրոն բացելու նպատակով: Նախարարը նաեւ շեշտեց, որ հարցի քննարկումն իր իրավասությունների մեջ չի մտնում, եւ որ պետք է դիմել մարզպետին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ