Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտը՝

Մարտ 18,2005 00:00

Առավոտը՝ «գազելներ», գիշերը՝ «թիթեռներ» Երեւանի «Այրարատ» տոնավաճառի ետնամասով՝ Ագաթանգեղոսի փողոցով քայլելիս գրեթե բոլոր երիտասարդ աղջիկներն էլ արդեն գիտեն, որ մայթի երկայնքով «սփռված» (մինչեւ կրկես) տղամարդկանց հայացքները, ցինիկ ռեպլիկները պետք է հանգիստ ընդունեն կամ էլ չլսելու տան: Դրանցից խուսափել, մայթի որեւէ հատվածում, հնարավոր չէ: Խորենացու խաչմերուկից մինչեւ կրկես անանցանելի է «ֆայլաբազարի» պատճառով: «Առավոտը» բազմիցս անդրադարձել է այս խնդրին, սակայն ոչինչ չփոխվեց՝ վարձու աշխատողներին Երեւանի քաղաքապետարանը նոր տեղ չառաջարկեց: «Ֆայլաբազարի» նախկին տարածքում այժմ կանգնում են բեռնատար մեքենաներ, հավանաբար դրանք հատուկ շուք են հաղորդում քաղաքի կենտրոնում, գլխավոր հրապարակից ոչ այնքան հեռու գտնվող այս տարածքին: Անցյալ տարվանից այստեղ հիմնադրվել է «մինի» ավտոկայան, որտեղից երթուղային տաքսիներով մարդիկ մեկնում են մարզեր: Նախկինում «ստարտը» Շահումյանի անվան հրապարակից էր: «Գազելները» կայանվում են հենց մայթին, ինչը առաջացնում է խցանումներ եւ անհարմարություն՝ մարդկանց անցուդարձի համար: Այդտեղով անցնելիս պետք է հագնել երկաթե կոշիկներ, իսկ ձեռքին ունենալ նախնադարից ժառանգած վահան, որպեսզի պաշտպանվել շրջապատողների թքից ու խորխից: Իսկ ականջներն անհրաժեշտ է խցանել բամբակով, որովհետեւ ինչ- որ վարորդ կարող է ականջիդ տակ գոռալ՝ «Գյումրի եկող, քուրո, արի Գյումրի տանենք», ինչն ուղեկցվում է մյուսների ցինիկ ծիծաղով: Պետք չէ սխալվել ու այս տարածքում ժամադրվել. մի քանի րոպե այդտեղ կանգնած կինը վարորդներին մարմնավաճառ է թվում, քանզի մի քանի քայլ հեռու, մութն ընկնելուց հետո, հավաքվում են «գիշերային թիթեռնիկները»: Կապի եւ տրանսպորտի նախարարությունից մեզ տեղեկացրին, որ երբ հայտարարվում է երթուղու մրցույթ, որոշվում է երթուղու սկզբնակետն ու վերջնակետը: Եթե երթուղու սկզբնակետը կամ վերջնակետը նախատեսվում է Երեւանում, հավաքակայանի տեղն առաջարկում է Երեւանի քաղաքապետարանը: Վարորդները երբեք ինքնակամ չեն կարող իրենց համար հավաքատեղի ընտրել: Կապի եւ տրանսպորտի նախարարությունում եւս համաձայն են, որ Գյումրիի երթուղայիններն անհարմար տեղում են կայանվում, սակայն ոչինչ փոխել չեն կարող մինչեւ հաջորդ մրցույթը: Ժամկետը դեռ նախանշված չէ, բայց նախարարությունը խոստացավ, որ հատուկ ուշադրություն կդարձնի նաեւ երթուղու սկզբնակետ եւ վերջնակետ ընտրված տեղերին: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել