ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍԵՐ՝ ՀԻՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՈՎ Երեւանում պետական նշանակության տարածքների իրացումն ուղեկցվում է մարդկանց իրավունքների խախտումներով: Կամ այդ տարածքներում գտնվող բնակարանների տերերի իրավունքների պահպանության հարցն առնվազն վիճելի է: Հյուսիսային պողոտայի, Փավստոս Բուզանդի փողոցի տների նախկին սեփականատերերի հետ կապված դեպքերը դրա վկայությունն են: Երեք տարի է, ինչ մայրաքաղաքում «պետության կարիքների համար» մարդկանց վտարում են իրենց տներից, սակայն դեռեւս չի գտնվել «համարժեք փոխհատուցման» բանաձեւը. պետության առաջարկածն, իրոք, բավարար չէ քաղաքի կենտրոնում բնակարան գնելու համար, եղած տներն էլ պետությունը ճիշտ չի համարում ավելին գնահատել: Այստեղից էլ ծագում է հակազդեցություն նման ծրագրերի նկատմամբ: Իհարկե, քննարկման ենթակա չէ, որ մայրաքաղաքում նոր, այդ թվում էլիտար թաղամասեր պետք է կառուցվեն: Սակայն պարզվում է, որ կառուցվածն այնքան էլ էլիտար չէ: Այսինքն, քաղաքաշինության ոլորտի մասնագետները նշում են, որ թաղամասի կամ կառույցի «էլիտար» լինելը պայմանավորված չէ եվրոպատուհաններով, շենքի տեսքով, ջեռուցման եւ մշտական ջրամատակարարման առկայությամբ: Սրանք ընդամենը պարտադիր պայմաններ են: Էլիտար շինարարությունը սկսվում է լայն բակերից, ավարտվում նյութերի որակով, որոնցով պատրաստված են ջրամատակարարումն ապահովող խողովակները: Իսկ, օրինակ, Երեւանի գլխավոր պողոտայի շենքերը շատ խիտ են կառուցված: Դա նկատելի է ոչ միայն տանիքներից: Մինչդեռ քաղաքաշինության ոլորտի մասնագետների պնդմամբ, անթույլատրելի է Հայաստանում այդ խտությամբ շինություններ կառուցելը: Վերջին տարիներին լայն թափ ստացած ապօրինի շինությունների, այգիների հաշվին սրճարանների ու զվարճանքի այլ օբյեկտների կառուցման արդյունքում Երեւանում էվակուացման գոտիներ չմնացին: Եվ մասնագետներն անհանգստացած են, որ երկրաշարժերի կամ հրդեհների ժամանակ մեծ խնդիր կլինի: Ազատ գոտիների առումով նոր էլիտար թաղամասերն էլ աչքի չեն ընկնում: Իհարկե, կարելի է ասել՝ Նյու Յորքում անհամեմատ խիտ են կառուցված շենքերը (ավելին՝ երկնաքերները), սակայն ի տարբերություն Նյու Յորքի, Երեւանը սեյսմավտանգ գոտում է գտնվում: Անսպասելի չէր, որ էլիտար անվանը հավակնող նոր թաղամասերը թերություններով են կառուցվում: Խնդիրն այն է, որ սովետական ժամանակներից ի վեր Հայաստանում քաղաքաշինական ոչ մի նորմատիվ չի վերանայվել (չհաշված վերջին ամիսներին ընդունված մեկ-երկուսը): Եվ այդ թաղամասերը կառուցվում են ըստ հին նորմատիվների, որոնք շուկայական տնտեսության պայմաններին հարմարեցված չեն: Իհարկե, բոլոր երկրներում էլ ժամանակի ընթացքում տարածքների իրացման անհրաժեշտություն է ի հայտ գալիս, սակայն հատկապես զարգացող երկրներում են իրավունքների ոտնահարման հետ կապված խնդիրներ եւ տարածքների իրացման նկատմամբ հակազդեցություններ առաջանում: Սա, թերեւս, պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր երկրում տարածքների իրացումը այս պահին ամենաշահավետ բիզնեսն է: Սա բիզնեսի այն տեսակներից է, որ ներդրված գումարի մի քանի տասնապատիկի վերադարձը երաշխավորված է գրեթե անվերապահորեն, այն էլ երբեմն գործը սկսելու պահից: Պարզ հաշվարկ. իրացնողը սիմվոլիկ գնով ձեռք է բերում տարածքը, կատարում որոշակի ներդրումներ, այնուհետեւ այդ միեւնույն տարածքի միեւնույն մակերեսը (ըստ հարկերի) մի քանի անգամ վաճառում՝ ստանալով այս տարիների համար «գազազած» փողեր: Եվ մեծ մասամբ ներդրումներն իրականացվում են հենց տների, օֆիսների ապագա սեփականատերերի միջոցներով, որովհետեւ մարդիկ շտապում են նախօրոք վճարել դրանց համար: Ընդ որում, Հայաստանում այս բիզնեսով զբաղվում են ամենաազդեցիկ մարդիկ, որոնց անուններն, ի դեպ, շատ բան չեն ասում մեր երկրի հանրության լայն շրջանակներին: Նրանք պարզապես հանրապետության առաջին դեմքերի վրա մեծ ազդեցություն ունեցող մարդիկ են, ինչով էլ պայմանավորված են թե՛ դատարանների վճիռները, թե՛ հարկադիր կատարողների ջերմեռանդությունը: Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկայում խնդիրներ ծագեն նաեւ Արամի, Եզնիկ Կողբացու, Սարյան փողոցների բնակիչների հետ, որովհետեւ այս փողոցները եւս ընդգրկված են պետության կարիքների համար օգտագործվելիք ծրագրերում: ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ