Ի՞ՆՉ ԵՔ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԱՊԱԳԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ Այս հարցի պատասխանն էր ակնկալում ստանալ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը արվեստագետներից։ Երեկ նա հանդիպեց ազգի սերուցքին` Ջիվան Գասպարյան, Ռուբեն Գեւորգյանց, Վիգեն Չալդրանյան, Լեւոն Չաուշյան, Արա Սաթյան, Հրաչյա Աշուղյան, Թերեզա Միրզոյան եւ այլք։ Վիգեն Չալդրանյանը Արամ Կարապետյանի «ի՞նչ անել» հարցին պատասխանեց չեխովաբար. «Պետք է գործ անել, պարոնա՛յք»: Պրն Չալդրանյանը խոսեց մեզանում արժեքային համակարգերի կորստի մասին` իր խոսքը համեմելով համաշխարհային դասականների ասույթներով։ Այնուհետեւ պատմեց, որ չնայած իր ընտանիքը գտնվում է ԱՄՆ-ում՝ ինքը բոլոր ցուրտ ձմեռներն այստեղ է անցկացրել։ Իբրեւ եզրահանգում պրն Չալդրանյանը նախորդներին, ներկաներին, ապագաներին հորդորեց՝ «օգնեք տաղանդավորներին, միջակությունները իրենք իրենց ճանապարհը կհարթեն (միտքը պատկանում է սովետական կինոռեժիսոր Միխայիլ Ռոմին)։ Թե չէ` թառամած մեխակները կպած ուզում են ինչ-որ մեկին նվիրել. սա է մեր մշակույթի դեւիզը»: Ռուբեն Գեւորգյանցը գործնական առաջարկ արեց. «Պետությունը պետք է հսկի ազգային, ազգայնական գաղափարախոսությունը։ Մենք իրավունք չունենք մեր փողոցներում թուրքական երաժշտություն լսել։ Մենք երազում ենք, որ պետությունը մեզ պատվեր տա, նախկինում այդպես էր։ Չեմ ասում կոմունիզմը լավն էր, բայց պետք է հսկողություն լինի: Թե չէ, ի դեմս մշակույթի, ազգի դեմքն ենք կորցրել»։ Այս կոնտեքստում Լեւոն Չաուշյանը նկատեց, որ ՍՍՀՄ օրոք ազգային մտածելակերպը շատ ավելի մեծ էր, քան այսօր։ Ն. Գ.