Նախագահական ամբիցիաներ կոալիցիայում Մեկնաբանում է «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, այսօր կոալիցիոն ուժերը ձգտում են իրենց սահմանազատել նույն Քոչարյանից՝ հասկանալով, որ Ռ. Քոչարյանի հետ իրենց համագործակցությունը բացասական դեր է խաղալու հետագա քաղաքական գործունեության համար. «Ըստ էության, երբ վարչապետը հայտարարեց, որ գործադիր իշխանությունը միայն «Հանրապետականը» չէ, եւ ինքը ողջունում է ինքնաքննադատությունը, դրանով ուզեց ասել, որ գործադիրի համար պատասխանատու են նաեւ ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, Քոչարյանը: Վարչապետը դրանով ասաց, որ եթե նավը խորտակվում է, ուրեմն բոլորը միասին են պատասխանատու եւ միասին են խորտակվելու: Եվ երբ ԱԺ հայտարարությունների ժամին իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները պաթետիկ ոճով խոսում են «ՏԷՑ-ի կրուգի», կոռուպցիայի, սեփականաշնորհման ապօրինության մասին՝ իրենք իրենց են ասում: Այդ նույն կոալիցիան Քոչարյանի հետ մեկ թիմ է, եւ Հայաստանում հանցավոր ռեժիմի համար հավասարաչափ պատասխանատու են ե՛ւ Ռ. Քոչարյանը, ե՛ւ նրան սատարող քաղաքական ուժերը: Դաշնակցությունը, հանրապետականը, օեկականները Քոչարյանի հետ են եւ նրա հետ էլ պատասխանատու են ե՛ւ ապրիլի 12-ի համար, ե՛ւ 2003-ի կեղծված նախագահական ու խորհրդարանական ընտրությունների համար, ամեն ինչի համար: Որեւէ մեկը թող չմտածի, թե ինքը կարող է կիսահղի լինել»: Վիկտոր Դալլաքյանը այն կարծիքին է, որ իշխանական բուրգում տեղավորված կուսակցությունները տարբեր առիթներով իրար «հոշոտում» են, որովհետեւ իշխանական բուրգը փտած է: Ըստ մեր զրուցակցի, այսօր իշխանական ուժերը շատ ավելի լավ են հասկանում, որ «Քոչարյանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը ձախողվել է, եւ այս պարագայում յուրաքանչյուրը փորձում է վերմակն իր կողմը քաշել եւ Քոչարյանին հասկացնել, որ, այսպես կոչված, իրավահաջորդը կարող է լինել ինքը: Հիմա իշխանական բուրգում պայքար է իրավահաջորդի համար: Եվ երբ պաշտպանության նախարարը ծավալուն հարցազրույց է տալիս բոլոր ոլորտների հետ կապված, դա նշանակում է, որ իրեն է առաջարկում իրավահաջորդ, ԱԺ նախագահն իրեն է առաջարկում, վարչապետը՝ իրեն»: Ըստ մեր զրուցակցի, Քոչարյանին շրջապատող քաղաքական ուժերից յուրաքանչյուրը նախագահական ամբիցիաներ ունի. «Հետեւաբար, նրանք այդ նախագահական ամբիցիաները որեւէ մեկին չեն զիջի»: Մենք նկատեցինք, որ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ մարդը նախագահական ամբիցիաներ ունի, նույնը նաեւ ընդդիմության մասին կարելի է ասել, այնպես որ՝ իշխանությունն ու ընդդիմությունը փոխադարձաբար իրար արժեն: Պարոն Դալլաքյանը մեր այս գնահատականին համաձայն չէ այն պատճառով, որ «Ընդդիմությունը ընտրություններ չի կեղծել, կոռուպցիայի մեջ թաթախված չէ, «ՏԷՑ-ի կրուգ» չի արել, ապրիլի 12 չի արել: Ընդդիմության պայքարը անձի եւ համակարգի դեմ է: Մենք պայքարում ենք քոչարյանիզմի եւ այն մարմնավորող անձի դեմ: Ընդդիմության եւ իշխանության միջեւ հավասարություն դնելը այս պատճառով անընդունելի եմ համարում: Այլ հարց է, որ, այո, ընդդիմության մեջ էլ ամբիցիաների պակաս չկա»: Ստեղծված իրավիճակում, ըստ ընդդիմության ներկայացուցչի, ելքն արագ իշխանափոխությունն է, որպեսզի Ռ. Քոչարյանը չհասցնի նախագահ նշանակել իր իրավահաջորդին: «Եթե մինչեւ 2008 թիվը ինքը (Ռ. Քոչարյանը- Մ. Ե.) մնաց, իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ չմնա, կգործի հետեւյալը՝ սահմանադրական փոփոխություններից հետո ինքը կառաջադրվի, եւ նախագահի մյուս թեկնածուները կդիմեն ՍԴ՝ ասելով, որ նա իրավունք չունի երրորդ անգամ առաջադրվել: Իսկ ՍԴ-ն, որը կցորդ է, չկասկածեք՝ կհայտարարի, որ նոր Սահմանադրություն է, եւ առաջադրումը կարելի է: Այ, սա կլինի ամենավտանգավորը»: Վիկտոր Դալլաքյանը նաեւ վստահ է, որ գործող նախագահը կառչած է նախագահական աթոռից, քանի որ մտավախություն ունի, թե իշխանափոխությունից հետո «նրան կարող են «Հոկտեմբերի 27-ի» հարցով կանչել հարցաքննության, դրա համար էլ նա կառչած է այդ աթոռից: Այդ իմաստով ուկրաինական փորձը՝ Կուչմայի օրինակը, խիստ տիպական է»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ