ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿԻՍԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԼՂ խնդրի շուրջ լսումներն այսպես է գնահատում «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: – «Ազգային միաբանությունը» հայտարարությամբ «անպտուղ» է որակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ ԱԺ-ում կազմակերպվելիք լսումները եւ նշել, թե դրանք ուշադրությունը շեղելու միջոցներ են: Մինչդեռ նման լսումների անհրաժեշտությունը կարեւորվում էր մինչեւ Դեյվիդ Աթկինսոնի զեկույցի ԵԽԽՎ-ում քննարկումը: Արդյոք դրանք ուշացա՞ծ են այսօր, երբ Գորան Լենմարկերի՝ ԼՂ հարցի շուրջ զեկույցը քննարկվելու է ամռանը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, որի մի պատվիրակն էլ Դուք եք: – Այնպիսի հույժ կարեւոր հարցի շուրջ խորհրդարանական լսումները, ինչպիսին է ԼՂ-ի հիմնահարցի հնարավոր լուծումը, պետք է բխեին Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգից: Պետք է վերջապես ասենք՝ Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքական կողմնորոշումներում եւ արժեքային համակարգով ի՞նչ մոդել է ընտրել, որտե՞ղ ենք ուզում տեսնել մեր երկիրը 2010-ին, քաղաքակրթական ո՞ր մոտեցումներն են դառնալու գերիշխող: Այդ ամենը պետք է համադրենք տարածաշրջանային հնարավոր զարգացումների, Ադրբեջանի որդեգրած քաղաքականության հետ, որ պայմանավորված է այն խոշորածավալ տնտեսական ծրագրերով, որ իրականացվելու են այդ երկրում: Այս համատեքստում՝ պետք է կարողանանք տեսնել, թե ինչ քաղաքականություն են որդեգրելու աշխարհի հզորները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ Եվրամիությունը, եւ հասկանանք, թե ինչը չի հակադրվում մեր երկրի պետական շահերին: Այս ամենը եթե չի արվում՝ ցանկացած լսում կարող է հիշեցնել միայն եւ միայն ոչ պրոֆեսիոնալ մարդկանց «աչքերին թոզ փչել»: – Ազդարարվել է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղիների շուրջ լսումների ընթացքում անդրադարձ է արվելու «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» եւ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» մոտեցումների առավելություններին ու թերություններին, գնահատական է տրվելու արված առաջարկություններին եւ միջնորդական առաքելությունների արդյունավետությանը: Անդրադարձ է արվելու կարգավորման երկարաձգման հնարավոր հետեւանքներին եւ պատերազմի վերսկսման հավանականությանը: Արդյոք այս ամենը պակա՞ս կարեւոր եք համարում, քան այն խնդիրները, որ մատնանշեցիք: – Անշուշտ, այդ բոլոր խնդիրները կարեւոր են: Սակայն նրանք առնվազն 11 տարի ուշացումով են քննարկման առարկա դարձնում այս ամենը: Ուստի պատահական չէ, որ մեր հայտարարության մեջ առանձնահատուկ շեշտել ենք, թե փորձում ենք հայի հետին խելքով առաջնորդվել, երբ հասկանում ենք, թե չորս կողմից վտանգված է ԼՂ հիմնահարցի լուծումը: Այս բոլոր խնդիրները պիտի բաղկացուցիչը դառնային հայեցակարգային այն մոտեցումների, որոնք պետք է մատնանշված լինեին ազգային անվտանգության հայեցակարգում: Այլ հարց է, որ անցած 11 տարիների ընթացքում այդ հայեցակարգը կարող էր ենթարկվել փոփոխությունների: – Լսումները կարող էին արդյունավետ լինել, եթե դրանց բոլոր մասնակիցները տիրապետեին բանակցությունների մանրամասներին: Սակայն այն պայմաններում, երբ բնավ այդպես չէ՝ արդյոք այդ քննարկումները չե՞ն վերածվի «պարկի մեջ գտնվող կատվի» մասին դատողությունների, երբ բոլորը կխոսեն մի բանի մասին՝ չիմանալով, թե իրականում ինչ է դա: – Տեղեկատվական ներկա միջոցների պայմաններում Աստվածաշնչյան հայտնի խոսքն առավել քան արդիական է, եւ իրոք չկա որեւէ գաղտնի բան, որ հայտնի չդառնա: Եթե մեր իշխանավորները որդեգրել են իրենց հոգեհարազատ՝ ոչ այն է՝ կենդանի, ոչ այն է՝ թռչուն, ջայլամի քաղաքականությունը եւ գլուխներն ավազի մեջ են մտցրել՝ ենթադրելով, թե հետույքը չի երեւում հանրությանը՝ սխալվում են չարաչա՛ր: ԼՂ հարցում իշխանության ձախողումներն ակնհայտ են, եւ դրանք, ավաղ, ամրագրվում են հատկապես վերջին տարվա ընթացքում միջազգային ամենատարբեր կազմակերպությունների, ցավոք, շատ դեպքերում՝ միաձայն ընդունվող որոշումներում: Բազմաթիվ օրինակներից մեկն էլ ԵԽԽՎ բանաձեւն է: Եվ ինչքան էլ ցանկանում են դիակին գեղեցկուհու տեղ անցկացնել, միեւնույն է՝ չի ստացվում, քանի որ չափազանց ոչ հայանպաստ փաստաթուղթ է: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի գործիչները՝ սկսած Իլհամ Ալիեւից, արդեն իսկ անընդհատ մատնանշում են այդ բանաձեւը: Ու երբ ի հայտ է եկել այն ամենը, ինչ իշխանությունը փորձում էր 7 տարի շարունակ թաքցնել հանրությունից՝ հիմա արդեն հարկադրված են հետին թվով համոզել ոչ թե միջազգային հանրությանը, այլ սեփական ժողովրդին, թե իբր մենք արդար ենք, բայց մեզ չեն հասկանում դրսում: Այս լսումների բուն նպատակն այդ է՝ իշխանություններն ուզում են սեփական ժողովրդին, որ բանակցային ամբողջ գործընթացի ընթացքում անտեսված ու արհամարհված էր, հիմա ոգեկոչել լինելու դատապաշտպանն իրենց ձախողումների: Եվ հետն էլ, որ ամենաճիզվիտականն է, փորձում են պատասխանատվությունը կիսել ԼՂ խնդրի հանգուցալուծման այն վտանգավոր զարգացումների համար, որոնց պատճառը հենց իրենց մեջ է: Նրանք հիշեցնում են կկվի պատմությունը, որն անվերջ բունն է փոխում, քանի որ՝ ուր գնում է, տարածվում է գարշահոտություն: Քաղաքական նման խորամանկ հնարքները, որ գործադրում է իշխանությունը՝ ինչպես ամենահին մասնագիտությունը, արդեն չարչրկված ու մաշված են, ուստի՝ չեն գործի: – «Ազգային միաբանությունը» չի մասնակցելու նաեւ «Ի պաշտպանություն ԼՂՀ»-ի այսօր կայանալիք համաժողովի՞ն: – Մեր կուսակցությունն այդ կազմկոմիտեի անդամ չէ: Խնդիրն այն է, թե բավակա՛ն է ինքներս մեզ համոզենք, թե հայ քրիստոնյաներ ենք ու մենք ճիշտ ենք: Բավակա՛ն է ինքներս մեզ համոզենք, թե ԼՂ հարցն արդարացի, ազգի ինքնորոշման եւ ազատագրական պայքարի գագաթնակետ ու պսակ հանդիսացող խնդիր է: Մենք դա պիտի համոզեինք միջազգային հանրությանը, եւ ոչ թե միայն այժմ՝ խուճապահար վիճակում, երբ արդեն մեր դռանն է չոքել անբարենպաստ հանգուցալուծումը: Թող ոչ թե «Ընտանեկան զառ»-ը կամ «Ընտանեկան լոտոն» գովերգող հոլովակներ նկարահանեին, այլ ազատագրական պայքարի արդարացիությունը ցուցադրող վավերագրական, գոնե կարճամետրաժ կինոնկարներ: Փոխանակ ճոխ քեֆեր անեին Սարդարապատում, այժմ էլ միլիոններ ծախսեն Արագածի շուրջը «Բերդ» պար կազմակերպելու համար՝ այդ միջոցները թող տրամադրեին, որ, ասենք, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը 2001-ին Եվրախորհրդին անդամակցությունից ի վեր 54 երկրների պատվիրակներին հեղեղեր մեր ճշմարտացիությունն ապացուցող փաստարկներով: Հարցազրույցը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ