Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐԸ ՏՊՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Մարտ 18,2005 00:00

ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունում եւ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետաքննության բաժնից ստացված վիճակագրական տվյալների եւ նյութերի հիման վրա ուսումնասիրություններ էին արվել ակցիզային դրոշմանիշերը կեղծելու եւ իրացնելու դեպքերով: 2004թ. ընթացքում, ինչպես տեղեկացրել էր գլխավոր դատախազության վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանը, արձանագրվել էր 39 դեպք: Կեղծ ակցիզային դրոշմանիշերի 95%-ը օղունն է, իսկ 5%-ը՝ կոնյակինը: 2003-ին գրանցվել է նույն հանցագործության ընդամենը 6 դեպք:

Այս տարվա երկու ամիսների ընթացքում ձեռք բերված պատկերը հետեւյալն է. հայտնաբերվել եւ բացահայտվել է 45000 հատ օղու եւ 7000 հատ կոնյակի կեղծ ակցիզային դրոշմանիշեր իրացնելու երկու դեպք: Մեկը՝ 2004թ. հոկտեմբերի 17-ին, Արտավազդ Կտրացյանի կողմից Թբիլիսիում Զվիադ անունով անձից վերոքանակ օղու եւ կոնյակի ներկրումն էր, դրանց մի մասը Գեղամ Հովսեփյանին հանձնելը: Այդ գործով էլ պարզվել էր, որ դրոշմանիշերը տպագրվել են օֆսեթ եղանակով, սակայն դատախազությունը չէր պարզել տպագրողների կամ կեղծիք կատարողների ինքնությունը:

Ստեփանավան քաղաքի բնակիչ Սամվել Մարգարյանը իր ծանոթների՝ նույն քաղաքի բնակիչ Գագիկ Սարգսյանի եւ Վրաստանի քաղաքացիներ Վլադիմիր Զարանդիայի եւ Կախա Ղարաքիշվիլու օժանդակությամբ պատվիրել էր օղու եւ սպիրտի համար 2003 թվագրմամբ 115.000 հատ ՀՀ կեղծ ակիզային դրոշմանիշեր, հատը 4 ԱՄՆ ցենտով: Դրանք տպագրվել են Թուրքիայում եւ Վրաստանի տարածքով ներկրվել Հայաստան, փոխանցվել ՓԲԸ-ի տնօրեններից մեկին՝ 7,5 ԱՄՆ ցենտ հաշվարկով: Ընդ որում, «Սուրմալու-1» ՍԸ-ի տնօրենը ստացած 80000 հատ կեղծ ակցիզային դրոշմանիշից 6.389-ը իր աշխատակիցներին էր տվել՝ պատրաստի արտադրանքը դրոշմավորելու համար: 912 շիշ օղին եւ 576 շիշ սպիրտը վաճառվել էր Երեւանի բնակիչ Արսեն Շալջյանին:

Մեկ այլ գործ էլ կապված էր Վրաստանի քաղաքացի Սուրեն Ռեստեւանյայի հետ: Վերջինս հայտնել էր, որ ազգությամբ ադրբեջանցի, Ղաչաղան շրջանի բնակիչ ոմն Ջեբրահիլին ինքը 4000 դոլար գումար է տվել, որպեսզի նա իր համար «Նիվա» մակնիշի ավտոմեքենա բերի: Ջեբրահիլը չի կարողացել բերել, փոխարենն առաջարկել է Հայաստանի 80000 հատ կեղծ ակցիզային դրոշմանիշ, որը մեքենայով տեղափոխվել է Հայաստան, պահվել Ջեբրահիլի ազգական Զավեն Մարգարյանի տանը՝ Մասիսի Նորաբաց գյուղում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել