Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

…ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԿՈՐԴ

Մարտ 18,2005 00:00

Մարզասերներին
տեղեկացրել ենք, որ փետրվարի 28-ից մարտի 6-ը Տալլինում անցկացված հրաձգության Եվրոպայի
առաջնությունում Աթենքի օլիմպիական խաղերում Հայաստանի լավագույն մասնակից Նորայր
Բախտամյանը նվաճեց արծաթե մեդալ՝ միավորների աննշան քանակով զիջելով հաղթող դարձած
ֆրանսիացի մարզիկին: Մեր մարզական մեկնաբանը երեկ զրուցեց Նորայրի անձնական
եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հետ: –
Պարոն Նիկողոսյան, նախ շնորհավորում ենք ձեզ եւ ձեր սանին մրցաշրջան- 2005-ում Հայաստանի
համար առաջին մեդալը նվաճելու առթիվ: Ոսկե մեդալին ընդամենը 0,1 միավոր չբավականացրեց:
Ի՞նչ կասեք այդ մասին: – Պայքարն անչափ սուր էր: Եթե հիշում էք, երրորդ մրցանակակիրն
էլ իր հերթին Նորայրին 0,1 միավորով զիջեց: Եթե ավելի ճշգրիտ ձեւակերպելու լինենք,
չեմպիոնության համար պայքարում ոչ թե Նորայրը պարտվեց (նա շատ լավ հանդես եկավ),
այլ ֆրանսիացին հիանալի կրակեց ու հաղթեց: Բայց մրցաշրջանը նոր է սկսվում, ու ես
հույս ունեմ, որ Նորայրը իր խոսքը դեռ կասի: – Տալլինում Հայաստանից էլի մասնակիցներ
կային, որոնց մրցելույթների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: – Այո: Մեր հանրապետությունը
մրցավայր էր մեկնել հինգ հոգով: Բախտամյանից բացի, հավաքականի կազմում էին Իրինա
Աղաջանյանը, Անի Առաքելյանը, Արամ Սարդարյանը եւ Անդրանիկ Փիլոյանը: Նրանք բոլորն
էլ դեռ երիտասարդ են, սակայն ապագայի հույսեր են ներշնչում: Ես Եվրոպայի առաջնությունում
նրանց հետ առանձնակի հույսեր չէի կապում: Այդ հրաձիգների մասնակցությունն ավելի շատ
փորձի ձեռքբերման նշանակություն ուներ: Նրանք առաջին անգամ էին հանդես գալիս նման
խոշոր մրցումում: Սակայն պիտի ասեմ, որ Տալլինում հանրապետական նշանակության մարզական
արդյունք գրանցվեց: Երիտասարդների մրցակցությունում 19-ամյա Անի Առաքելյանը 10 մետր
օդամղիչ ատրճանակով մրցաձեւում 70 հոգու մեջ գրավեց 15-րդ տեղը՝ վաստակելով 385 միավոր:
Դա Հայաստանի ռեկորդ է, որը երկու միավորով գերազանցում է դեռեւս 1983 թվականին Կարինե
Աշչյանի սահմանած արդեն նախկին բարձրագույն նվաճումը՝ 383 միավոր: Ինչ վերաբերում
է մեր մյուս հրաձիգներին, նրանք զբաղեցրին միջին եւ հետին դիրքեր: Սակայն, կրկնուն
եմ, ես առանձնակի ակնկալիքներ չունեի: – Եվրոպայի առաջնությանը որտե՞ղ եք
նախապատրաստվել: – Լվովում, քանի որ Հայաստանում համապատասխան բազա եւ հնարավորություն
չկա: – Ձեր մարզաձեւում շատ բան կախված է լավորակ զենքից: – Լվովում
մի շատ լավ զինագործ կար, որը նորոգեց, կարգի բերեց մեր զենքերը: Այնպես որ, դժգոհություններ
չունենք: – Ի՞նչ ծրագրեր են կազմված այս տարվա համար: – Հիմա պատրաստվում
ենք ապրիլի 7-10-ը Երեւանում կայանալիք Հայաստանի առաջնությանը: Դրա արդյունքներով
կորոշվի հանրապետության երիտասարդական հավաքականի կազմը, որը հուլիսին կմասնակցի
Մոսկվայում անցկացվելիք ԱՊՀ երկրների երիտասարդական սպարտակիադային: Առջեւում Եվրոպայի
առաջնությունն է բաց հրաձգարաններում, աշխարհի գավաթի խաղարկության փուլերը՝ Գերմանիայում,
Իտալիայում… Դրանք նաեւ 2008թ. Պեկինի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային
մրցումներ են: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել