Երեկ
հայ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հրավիրել էր մամուլի ասուլիս՝ «Միսս Եվրոպա» մրցույթի
մասին իր տպավորությունները պատմելու: «Միսս Հայաստան» ազգային գործակալության
տնօրեն Կարեն Արիստակեսյանն ասաց, որ մեր գեղեցկուհին, շահելով «Վիցե միսս Եվոպա»
տիտղոսը, ոչ մի դրամական մրցանակ չի ստացել, իսկ հաղթած գերմանուհին արժանացել է
50 հազար եվրոյի, որից 25 հազարն արդեն ստացել է, մյուս կեսն էլ կստանա տարվա ընթացքում:
Լուսինեն պայմանագրով նույն իրավունքներն ու պարտականություններն ունի, ինչ Գերմանիայի
ներկայացուցիչը: Եվրոպական մի շարք միջոցառումներին վերջինիս բացակայության դեպքում
նրան փոխարինելու է «Վիցե միսսը»: Շուտով Հայաստան կուղարկվի այն միջոցառումների
ցանկը, որոնց Լուսինեն պետք է մասնակցի: Հարցին, թե մրցույթի ժամանակ հայ գեղեցկուհու
դեմքի ինքնավստահությունն արդյո՞ք պայմանավորված էր Շարլ Ազնավուրի ներկայությամբ,
նա պատասխանեց. «Իհարկե, շատ հպարտ էի, որ նա ժյուրիի անդամ էր: Երբ նա մտավ դահլիճ,
հանդիսատեսը շուրջ 20 րոպե ծափահարում էր: Իսկ մրցույթից հետո նա անձամբ մոտեցավ
ինձ ու ջերմ շնորհավորեց: Բայց ինձ բեմ դուրս գալիս առավել ոգեւորում էր այն, որ
դահլիճում նստած էին մայրս եւ քույրս»: Հարցին միջամտեց նաեւ Արիստակեսյանը. «Պարզ
է, որ Շարլ Ազնավուրի ներկայությունը պետք է ոգեւորեր ցանկացած վայրում, բայց անհասկանալի
է, թե այդ փաստն ինչու՞ է այդքան շահարկվում հայկական մամուլում: Մենք ուզում էինք
ավելի շատ խոսել հաղթանակից, որին Լուսյան, անկախ ամեն ինչից, արժանի է»: Կարծիք
կար, որ Լուսինեն իր սիրուն հայկական անունը փոխել է, դարձրել ավելի ժամանակակից,
բայց գեղեցկուհու հավաստմամբ, անձնագրով իր անունը հենց Լուսյա է: Ճիշտ չէ նաեւ այն
տեղեկությունը, թե նրա տատիկն ուկրաինուհի է. «Նա մաքուր հայ է, եւ իմ արյունն էլ
մաքուր հայկական արյուն է»,- հավաստիացրեց գեղեցկուհին: Լուսինեն այս տարի
կարող է մասնակցել գեղեցկության եւ մանեքենության մի շարք մրցույթների, այդ թվում՝
«Թոփ մոդել աշխարհ» մրցույթին: Բայց, ըստ «Միսս Եվրոպա» կազմակերպության կանոնակարգի,
նա մեկ տարի չի կարող մասնակցել «Միսս աշխարհին»: «Վիցե միսսը» կզրկվի իր տիտղոսից
այն դեպքում, եթե առանց կազմակերպության եւ ազգային գործակալության համաձայնության՝
նկարահանվի որեւէ գովազդային տեսահոլովակում կամ հաղորդման մեջ՝ կրելով տիտղոսի ժապավենը:
Լուսինեն նաեւ իրավունք չունի հարբած վիճակում դուրս գալ հասարակություն, ծխել, փոխել
մազերի գույնը կամ դեմքի մասերը, ամուսնանալ կամ ունենալ երեխա: Հարցին, թե այդ իրավունքներից
զրկվելու փաստը չի՞ կաշկանդում գեղեցկուհուն, Կ. Արիստակեսյանը պատասխանեց. «Ոչ,
որովհետեւ նա ամուսնանալու ժամանակ առայժմ չի ունենա, այդ մասին կմտածի ավելի ուշ»:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ