Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը վերադառնում է քաղաքականություն

Մարտ 18,2005 00:00

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն ասել է, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորումը «շատ հեռու է լուծման փուլից: Չկա այդ լուծումը ներկա փուլում»:

Նրա կարծիքով, ներկա պայմաններում կողմերն ի վիճակի չեն մեծ զիջումների գնալ, քանի որ պատրաստ չեն իրենց վրա վերցնել փոխզիջումների պատասխանատվությունը: Հարցին, թե ԼՂ կողմից ինչ հնարավոր զիջումներ է տեսնում, Սամվել Բաբայանը պատասխանել է. «Որ փոխզիջում պետք է կատարվի, ինչ-որ տարածքներ պետք է հանձնի Ղարաբաղը այն ազատագրած տարածքներից՝ հանուն խաղաղության ոչ միայն Ղարաբաղում, հանուն Կովկասի ապագայի, դա փաստ է: Նայած ինչ չափով եւ թե՝ ինչքանով է անվտանգ լինելու (Ղարաբաղը): Անվտանգությունը եթե ոմանք կապում են զորքի հետ, ես չեմ կապում: Դա հենց այդ տարածքների հետ է կապված»:

Հարցին, թե կողմերի՝ համաձայնության չգալու պայմաններում որքանո՞վ է հավանական պատերազմի վերսկսումը, Բաբայանը պատասխանել է. «Եթե մնա հարցը կողմերին՝ ի վիճակի չեն: Ուրեմն վաղ թե ուշ այդ պատերազմը լինելու է: Եվ այն բոլոր քայլերը, որ այսօր Ադրբեջանը անում է՝ առաջ տանելու իր դիրքերը, խոսում են այն մասին, որ պատրաստվում է պատերազմի»:

Հարցին, թե ինչո՞ւ ԼՂՀ իշխանությունները որոշեցին իրեն ազատ արձակել, Բաբայանը պատասխանել է. «Ես իրոք առողջական խնդիրներ ունեի. դա էր պատճառը: Ես անկեղծ ասում եմ, որ որեւիցե այլ հարցի տեղյակ չեմ»: Նրա պնդմամբ, իր առողջությունը սկսել էր վատանալ դեռեւս 2002-ին, եւ, քանի որ վիճակը գնալով ավելի էր վատանում, իշխանությունները պետք է իրեն տեղափոխեին հիվանդանոց՝ ստացիոնար բուժման, կամ ազատ արձակեին: Այն, որ ԼՂՀ իշխանությունները նախընտրել են վերջինը, Բաբայանի խոսքերով, շատ պարզ բացատրություն ունի. «Կստացվեր, որ իրենք 2-3 տարի անընդհատ ասում էին, թե հիվանդ չէ, եւ հանկարծ՝ հիվանդության պատճառով ազատում են»: Նա միաժամանակ հերքել է ժամանակին շրջանառվող խոսակցությունները, թե իրեն ազատ են արձակել ինչ-ինչ պայմաններով. «Ընդհանրապես ես թույլ չեմ տա ինձ հետ վերջնագրով խոսել կամ պայմաններ թելադրել: Եթե ես պայմաններ ընդունող լինեի՝ 4,5 տարի չէի նստի»:

Սամվել Բաբայանն այժմ բնակվում է Երեւանում եւ ղեկավարում իր ստեղծած «Խաչմերուկ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը: Նա կտրականապես հերքել է, թե իրեն ազատել են Ղարաբաղում չապրելու պայմանով: «Չկա այդ անձնավորությունը, որ իմ առջեւ պայմաններ դնի»,- ասել է նա՝ Երեւանում մնալը պայմանավորելով նրանով, որ ներկա փուլում «խնդիրները լուծվում են Երեւանում», եւ ինքը փորձելու է օգտակար լինել այստեղ:

Սամվել Բաբայանը պատրաստվում է աջակցել կամ համագործակցել հայաստանյան քաղաքական այն ուժերի հետ, որոնք «իսկապես մտածում են այս պետության ապագայի մասին»: Անդրադառնալով ընդդիմության՝ իշխանափոխության պահանջին՝ նա ասել է, թե ընդդիմությունը «գուցեեւ առիթ ունի իշխանափոխություն պահանջելու», սակայն ինքն իրական չի համարում նրանց սցենարները: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությանը՝ Բաբայանի խոսքերով, եթե հասարակությունը պահանջում է դա, ապա ինքը չի կարող «դրան դեմ լինել կամ խանգարել»:

Զրույցի վերջում Սամվել Բաբայանը չի բացառել, որ առաջիկայում Հայաստանում եւ ԼՂՀ անցկացվելիք ընտրություններում կաջակցի որեւէ քաղաքական ուժի կամ գործչի:

«Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել