Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՊՏԻՄԱԼԱՑՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԶԱՎԹԵ՞Ն

Մարտ 18,2005 00:00

Կառավարությունն
ու մարզպետարանը «չեն նկատում», որ դպրոցի շենքում գործում էր համալսարան Կառավարության՝
2004 թ. օգոստոսի 5-ի թիվ 1441 եւ 1431 որոշումների համաձայն, Կոտայքի մարզի Հրազդան
քաղաքի 5-րդ բանավանի Դուրյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող «Հրազդանի թիվ 3 միջնակարգ
դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված 1-ին մասնաշենքից 1463 քմ
մակերեսով շենքի մասը անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է ԿԳՆ «Կրթության
ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին, իսկ դպրոցի 2-րդ մասնաշենքից 1703 քմ մակերեսով շենքի
մասը՝ «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին՝ որպես գույքային
ներդրում: Սակայն կառավարությանն այս առաջարկը ներկայացնելիս ԿԳՆ-ն «մոռացել» է նշել,
որ նույն դպրոցի 2-րդ մասնաշենքում նաեւ մի ոչ պետական բուհ է գործում՝ Լեւոն Օրբելու
անվան համալսարանը: 1996 թ. համալսարանի հիմնադիր խմբի եւ Հրազդանի քաղաքային
խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Գարիկ Խաչատրյանի միջեւ կնքված պայմանագրով, դպրոցի
2-րդ մասնաշենքը տրվել է համալսարանին: Ի դեպ, այս առնչությամբ որեւէ առարկություն
չի հայտնել նաեւ ԿԳ նախարարի այն ժամանակվա պաշտոնակատար Վարդգես Գնունին: Համալսարանն
այնուհետեւ սկսել է շինարարական աշխատանքները, որովհետեւ, ռեկտոր Վարդան Զոհրաբյանի
ներկայացմամբ, շենքը պիտանի չէր որեւէ գործունեության համար: «Արթին Էնթերփրայս»
անկախ աուդիտորական ընկերությունը գնահատել է կատարված շինարարական աշխատանքները
եւ եզրակացրել, որ այդ աշխատանքների շուկայական արժեքը կազմել է 47 756 ԱՄՆ դոլար՝
շուրջ 22 մլն դրամ: (Կան վերանորոգումից առաջ եւ հետո արված լուսանկարները): Բացի
այդ, համալսարանը ԿԳՆ-ի կողմից ստացել է անժամկետ լիցենզիա՝ կրթական գործունեություն
ծավալելու համար: Եվ ամենակարեւորը. համալսարանն ունի 1999 թ. 10 տարի ժամանակով
կնքված վարձակալության պայմանագիր, որի գոյությանը երեկ «Առավոտի» հետ զրույցում
չէր հավատում Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը: Պայմանագիրը, սակայն, ստորագրված
է այն ժամանակվա մարզպետ Սամվել Ստեփանյանի կողմից եւ եթե նույնիսկ մարզպետարանում
կրկնօրինակը չի պահպանվում, մենք կարող ենք այն տրամադրել պրն Շահգալդյանին, որովհետեւ
վերջինս մեզ խոստացավ պայմանագրի գոյության պարագայում «որոշումը չիրականացնել»:
Մարզպետը նաեւ չի հավատում, որ բուհն այժմ գործում է եւ այնտեղ վերանորոգման աշխատանքներ
են արվել: Եթե բուհը գոյություն չունի, ապա ինչպես են համալսարանի պատվավոր անդամի
կոչում ստացել նույն պրն Շահգալդյանը, Քերոլայն Քոկսը, Գագիկ Ծառուկյանը եւ այլ հայտնի
մարդիկ: Մարզպետն այս հարցին պատասխանեց այսպես. «Եթե 2001-ին 50 ուսանող է եղել,
մի թղթի կտոր են տվել, էդ նշանակում է, որ բո՞ւհ է»: Իսկ այժմ բուհն ունի 73 ուսանող,
29 աշխատակից, որոնց մի մասը դասերն անցկացնում է բուհի Աբովյանի մասնաճյուղում՝
օգտվելով սակայն Հրազդանի մասնաշենքի լաբորատորիայից, գրադարանից: Մեզ հաջողվեց պարզել,
որ բուհը պետությանը որեւէ պարտք չունի, մուծել է բոլոր հարկերը, կենսաթոշակային
ֆոնդի գումարները, եւ այս ամենը վկայող բոլոր փաստաթղթերը կան: Եթե բուհում ուսանող
չկա, ինչպե՞ս են վերոնշյալ գումարները մուծվում, այն դեպքում, երբ, ռեկտոր Վարդան
Զոհրաբյանի հավաստմամբ, շատ հաճախ Երեւանից ստուգող հանձնաժողովներ են գալիս ու ոչ
մի խախտում երբեք չի հայտնաբերվել: Այս հարցով դիմեցինք նաեւ ԿԳ նախարար Սերգո
Երիցյանին: Նա մեզ հայտնեց, որ վիճարկվող մասնաշենքը ոչ թե հանձնվել է «Եվրոպական
կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին (ինչպես եւ գրված է կառավարության
որոշման մեջ), այլ՝ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին՝ ուսուցիչների համար մարզային
վերապատրաստման կենտրոն բացելու նպատակով: Նախարարը նաեւ շեշտեց, որ հարցի քննարկումն
իր իրավասությունների մեջ չի մտնում, եւ որ պետք է դիմել մարզպետին: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել