Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԵՔ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԱՊԱԳԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Մարտ 18,2005 00:00

Ի՞ՆՉ
ԵՔ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԱՊԱԳԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ Այս հարցի պատասխանն էր
ակնկալում ստանալ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը արվեստագետներից։
Երեկ նա հանդիպեց ազգի սերուցքին` Ջիվան Գասպարյան, Ռուբեն Գեւորգյանց, Վիգեն Չալդրանյան,
Լեւոն Չաուշյան, Արա Սաթյան, Հրաչյա Աշուղյան, Թերեզա Միրզոյան եւ այլք։ Վիգեն Չալդրանյանը
Արամ Կարապետյանի «ի՞նչ անել» հարցին պատասխանեց չեխովաբար. «Պետք է գործ անել, պարոնա՛յք»:
Պրն Չալդրանյանը խոսեց մեզանում արժեքային համակարգերի կորստի մասին` իր խոսքը համեմելով
համաշխարհային դասականների ասույթներով։ Այնուհետեւ պատմեց, որ չնայած իր ընտանիքը
գտնվում է ԱՄՆ-ում՝ ինքը բոլոր ցուրտ ձմեռներն այստեղ է անցկացրել։ Իբրեւ եզրահանգում
պրն Չալդրանյանը նախորդներին, ներկաներին, ապագաներին հորդորեց՝ «օգնեք տաղանդավորներին,
միջակությունները իրենք իրենց ճանապարհը կհարթեն (միտքը պատկանում է սովետական կինոռեժիսոր
Միխայիլ Ռոմին)։ Թե չէ` թառամած մեխակները կպած ուզում են ինչ-որ մեկին նվիրել. սա
է մեր մշակույթի դեւիզը»: Ռուբեն Գեւորգյանցը գործնական առաջարկ արեց. «Պետությունը
պետք է հսկի ազգային, ազգայնական գաղափարախոսությունը։ Մենք իրավունք չունենք մեր
փողոցներում թուրքական երաժշտություն լսել։ Մենք երազում ենք, որ պետությունը մեզ
պատվեր տա, նախկինում այդպես էր։ Չեմ ասում կոմունիզմը լավն էր, բայց պետք է հսկողություն
լինի: Թե չէ, ի դեմս մշակույթի, ազգի դեմքն ենք կորցրել»։ Այս կոնտեքստում Լեւոն
Չաուշյանը նկատեց, որ ՍՍՀՄ օրոք ազգային մտածելակերպը շատ ավելի մեծ էր, քան այսօր։
Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել