Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ»

Մարտ 18,2005 00:00

ՀՀ
նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը մեկնաբանում է Ադրբեջան-ԼՂՀ շփման գոտում
հրադադարի խախտումները: – Վերջին շրջանում շատացել են սահմաններում հրադադարի
խախտման դեպքերը: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս իրավիճակը ղարաբաղյան հարցի
խաղաղ կարգավորման գործընթացի վրա: – Միանշանակ պետք է շեշտել, որ հայկական
կողմից հրադադարի խախտման որեւէ դեպք արձանագրված չէ: Ինչ վերաբերում է ադրբեջանական
կողմին, ապա, ցավոք, սկսած Իլհամ Ալիեւից, վերջին շրջանում հստակ հայտարարություններ
են արվում, որ եթե խաղաղ բանակցությունները չընթանան այն հունով, ինչպես ակնկալում
է ադրբեջանական կողմը, իրենք կարող են անցնել պատերազմական գործողությունների: Հասկանալի
է, որ սրանք ամպագոռգոռ խոսակցություններ են եւ այսօրվա ուժերի բալանսին՝ անհամապատասխան:
Ադրբեջանցիները շատ լավ գիտեն, որ ուժերի փոխհարաբերակցությունն իրենց օգտին չէ:
Բայց մարտի սկզբից մինչ օրս ադրբեջանական կողմից շարունակվում են սադրանքները. ցավոք,
այդ ընթացքում եղել են զոհեր եւ վիրավորներ երկու կողմից էլ: Սա մեծ ցավ է՝ յուրաքանչյուր
զինվորի կյանքը թանկ է մեզ համար: Մյուս կողմից՝ խնդիրը վերաբերում է հայրենիքի պաշտպանությանը,
որին մենք պատրաստ ենք: Ամեն անգամ ադրբեջանական կողմի հարձակումներին մեր ուժերը
հստակ պատասխան են տվել, որեւէ դիրքային զիջման չեն գնացել: – Ուրեմն ինչո՞վ
են պայմանավորված այդ կոչերը եւ գործողությունները: – Մեր խորին համոզմամբ,
ադրբեջանական իշխանությունները, շատ լավ հասկանալով, որ Մինսկի խմբի շրջանակներում
հարցի լուծման առաջարկվող բոլոր տարբերակները տանում են նրան, որ Լեռնային Ղարաբաղը
դե-ֆակտո արդեն գոյություն ունեցող պետականություն է եւ այդ պետականության գոյության
փաստի հետ հաշվի չնստելը՝ անհնարին, դիմում են այս գործողություններին՝ հարցի լուծման
ընթացքը փոխելու նպատակով: – Այնուամենայնիվ, սահմաններում կրակում են, եւ
զոհեր ու վիրավորներ կան: Սա կարո՞ղ է նշանակել, որ սահմաններում պատերազմական գործողությունները
վերսկսված են: – Միանշանակ՝ ոչ, որովհետեւ մենք համոզված ենք, որ այդ ամենը
դատապարտված է ձախողման: Ցավոք, բոլոր սադրանքները հիմնականում Աղդամի ուղղությամբ
են տարվում: Ադրբեջանական կողմը, ըստ ամենայնի, հետախուզական գործողության է դիմում,
բայց կոչ կանեինք, որպեսզի այս պահին ձեռնպահ մնան, որովհետեւ իրենց իսկ պահանջով
առաքելություն է այցելել ազատագրված շրջաններ, շուտով սպասվում են այդ հարցի շուրջ
զեկույցներ: Եթե իրենք արդեն տեղյակ են այդ զեկույցների նախնական տարբերակին եւ գիտեն,
որ դրանք իրենց համար ձեռնտու չեն, եւ եթե հասկացել են, որ իրենց բոլոր գործողությունները
միջազգային արենայում ձախողվում են, ապա դա իրենց ամենեւին իրավունք չի տալիս այդ
շրջաններում մարտական գործողությունների վերսկսման: Հնարավոր է, իր այս քայլերով
ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ տարածաշրջանում անհանգիստ է եւ հնարավոր
է մարտական գործողությունների վերսկսում, որի հետեւանքով կձգտի հասնել Մինսկի խմբի
ձեւաչափի փոփոխության կամ՝ Մինսկի խմբին պարտադրել, որպեսզի ԼՂ նկատմամբ այլ քաղաքականություն
որդեգրվի: – Սակայն ակնհայտ է, որ բանակցությունները ձախողված են նաեւ հայկական
կողմի ջանքերով: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ պատերազմի վերսկսումը ձեռնտու է երկու
երկրների իշխանություններին: – Կարող եմ միանշանակ ասել, որ հայկական կողմից
որեւէ գործընթացի ձախողման խնդիր չի դրվել: Մենք բոլոր մակարդակներում միշտ պատրաստ
ենք եղել բանակցային գործընթացներին, եւ եթե Ադրբեջանն ինքն է խնդիր տեսնում բանակցային
գործընթացներում, դա իր պրոբլեմն է: – Եթե սահմաններում ռազմական գործողություններն
ակտիվանան, հայկական կողմի քայլերը որո՞նք են լինելու: – Հայկական կողմի դիրքորոշումը
միանշանակ հայտնի է: Դա ԼՂ ինքնորոշման իրավունքի ամրագրումն է: Փաստ է, որ ԼՂ-ն
երբեք չի եղել Ադրբեջանի կազմում եւ չի կարող լինել: Սա հստակ ասվել է, մենք ցույց
ենք տվել նշաձողի այն սահմանը, որից սկսած՝ մենք հնարավոր ենք համարում բանակցությունը
ադրբեջանական կողմի հետ: – Եթե պատերազմական գործողությունները, այնուամենայնիվ,
վերսկսվեն, դա չի՞ նշանակի, որ 98 թվականից ի վեր Ռոբերտ Քոչարյանի կողմից իրականացվող
բանակցություններն անիմաստ էին եւ անարդյունք: Այսինքն՝ վերադառնում ենք այն կետին,
որտեղ ավարտվեց 98-ը: – Չէի ասի, որ այդպես է, որովհետեւ 98-ից հստակ որդեգրվել
է այն քաղաքականությունը, որի մասին ես քիչ առաջ ասացի, որ ԼՂ-ն անկախ պետություն
է, որի հետ պետք է հաշվի նստել: Հայաստանի իշխանությունները 98-ից հետո որեւէ բանակցային
գործընթաց չեն տարել փակուղի, չեն փորձել դրանք արհամարհել եւ չմասնակցել: Մենք իրավունք
չունենք մինչեւ 94 թվականն առկա իրավիճակի հետ հաշվի չնստել: Եվ Հայաստանից ուղղակի
միակողմանի զիջումներ պահանջելը չեմ կարծում, որ միջազգային հանրության կամ Ադրբեջանի
իշխանության կողմից ճիշտ է: Առավել եւս՝ Հայաստանի իշխանության կողմից նման զիջումների
գնալու ցանկություն չկա եւ չի եղել: Մենք համաձայն չենք զիջումների՝ առանց Լեռնային
Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հստակ երաշխիքների, ԼՂ անկախության եւ ինքնորոշման
ճանաչման: Կրկնում եմ, ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, եւ սա լինելու է մեր
կողմից իրականացվող քաղաքականության հիմնական գիծը: Հարցազրույցը՝
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել