Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ

Մարտ 17,2005 00:00

ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԸ ԽԱՂԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԳԱՎԱԹԸ Շաբաթ օրը մայրաքաղաքի «Կիլիկիա» մարզադահլիճում մեկնարկեց մինի ֆուտբոլի սիրողական թիմերի Հայաստանի գավաթի երկրորդ խաղարկությունը: Այն հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական անձնակազմի աջակցությամբ կազմակերպել է «Տիգրանպրես» ՍՊԸ-ն: Հանդիպումներն անցկացվում են միայն հանգստյան օրերին, որին մասնակցում են ութ թիմեր: Դրանք բաժանվել են երկու խմբի: Երկուական հաղթողները պայքարը կշարունակեն կիսաեզրափակիչ փուլում, իսկ եզրափակիչը կկայանա մարտի 27-ին, որից հետո՝ նաեւ պարգեւատրման արարողությունը: Մրցաշարի նպատակը հիմնարկների եւ ձեռնարկությունների աշխատողների շրջանում առողջ ապրելակերպ տարածելն է, նրանց մասսայական սպորտին հաղորդակից դարձնելը: Առաջին տուրում «A» խմբում Երեւանի գարեջրի գործարանը համառ պայքարում 3:2 հաշվով առավելության հասավ Աբովյանի «Նախշ» (նախկին «Շողակն») թիմի նկատմամբ, իսկ «Զիգզագ» ընկերության թիմը 12:1 հաշվով ջախջախեց արդշինինվեստբանկցիներին: Երկրորդ՝ «B» խմբում, «Կենտրոն» եւ «Թալգրիգ» թիմերի մրցակցությունն ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4 հաշվով: Հարկ է նշել, որ «Թալգրիգ» ՍՊԸ-ն հովանավորում է ոչ միայն համանուն պրոֆեսիոնալ թիմը, որը ներկայումս մինի ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջատարն է, այլեւ ունի սիրողական թիմ, որի կազմում այս մրցաշարում իր աշխատակիցների հետ միասին հանդես է գալիս ընկերության տնօրեն, ֆուտբոլի մեծ սիրահար Թովմաս Գրիգորյանը: Խմբի մյուս զույգի՝ «Ավերս Վեստ» եւ «Իմպուլս» հանդիպումն ավարտվեց առաջինի հաղթանակով՝ 6:3: Պետք է ասել, որ սիրողական ֆուտբոլը մեծապես խթանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացումը հանրապետությունում: Բավական է հիշել, որ ժամանակին սիրողական մրցաշարերում հանդես եկող երկու թիմեր՝ «Թալգրիգն» ու «Սպիտակ տնակը» հետագայում տեղափոխվեցին մինի ֆուտբոլի Հայաստանի պրոֆեսիոնալ առաջնություն: Տեղեկացնենք նաեւ, որ սիրողական մինի ֆուտբոլի Հայաստանի գավաթի անդրանիկ խաղարկությունը եղել է 2003 թվականին: Այն ժամանակ պատվավոր մրցանակը նվաճել է «Պենտա» թիմը: ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Տիգրանպրես» ՍՊԸ-ի տնօրեն, մրցաշարի կազմկոմիտեի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել