Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՂՄՆԱԿԻՑ

Մարտ 17,2005 00:00

«ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ ՆԱՏՕ-ԻՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ» Հարավային Կովկասի ապագայի մասին կարծիք է հայտնում ԵՊՀ արտաքին հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատ Սերգեյ Ավալյանը: Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների եւ իշխանությունների միանշանակ գնահատականն այն է, որ թե՛ իրենց երկրների եւ թե՛ տարածաշրջանի զարգացման կարեւոր նախապայման է կայունությունը, նաեւ ինտեգրումը եվրոպական համայնքում: «Դա, իհարկե, լավ է, բայց մենք հաճախ ենք տեսնում, որ խոսքերն ու կատարվող քայլերը իրար չեն համապատասխանում: Իմ խորին համոզմամբ, տարածաշրջանում կայունության եւ զարգացման ապահովման երաշխիքն այն է, որ բոլոր հարավկովկասյան երկրների քաղաքական վեկտորներն ուղղված լինեն միեւնույն ուղղությամբ: Եվ Հայաստանը, եւ Վրաստանը, եւ Ադրբեջանը պետք է լինեն միեւնույն քաղաքական եւ անվտանգության համակարգերում: Ինքս կողմնակից եմ եվրոպական ընտանիքին եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն»,- այսպիսի կարծիք հայտնեց ԵՊՀ արտաքին հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատ Սերգեյ Ավալյանը: Նա մեկն էր այն հայ երիտասարդներից, ով վերջերս Վրաստանում տեղի ունեցած միջազգային սեմինարի ժամանակ կարծիք հայտնեց, թե միջազգային հանրությունն է Հարավային Կովկասը դիտարկում որպես մեկ միասնական միավոր: Այսօր մեր տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը, ըստ Ս. Ավալյանի, խոչընդոտում են դեռեւս չլուծված աբխազական, հարավօսական եւ ղարաբաղյան հակամարտությունները, եւ կարծիք հայտնեց, թե դրանք հրահրելու խնդրում Ռուսաստանը, մեղմ ասած, անմասն չէ եւ այսօր էլ շահագրգիռ է այդ հակամարտությունները չլուծված պահելու, նաեւ, անհրաժեշտության դեպքում, լարվածություն հրահրելու հարցում: ԵՊՀ ուսանողի համոզմամբ, տարածաշրջանում ապակայունացնող գործոն է նաեւ այն, որ «հարավկովկասյան երկրներից մեկը՝ Վրաստանն իր անվտանգությունը տեսնում է ՆԱՏՕ-ի համակարգում, Ադրբեջանը փորձում է կոմպլեմենտարիզմ խաղալ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա կողմնակից է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացմանը, ԱՊՀ ԿԱՊ-ի անդամ է եւ, ինչպես ՀՀ պաշտոնատարներն են ասում, ՆԱՏՕ մուտք գործելը ՀՀ օրակարգում չկա: Ինչպիսի՞ կայունություն կարելի է ակնկալել մեր տարածաշրջանում, երբ հարավկովկասյան երեք երկրները ստանձնել են խեցգետնի, կարապի եւ գայլաձկան դերերը»: Ընդգծելով, թե մեր տարածաշրջանում կայունություն հաստատելու խնդրում կարեւոր է մասնավորապես նաեւ ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը, Ս. Ավալյանը կարծիք հայտնեց, թե այդ հիմնախնդրի լուծումը, որն, ի դեպ, պետք է բավարարի եւ հայկական կողմերին, եւ Ադրբեջանին, նախ հակամարտող բոլոր կողմերից քաղաքական կամք է պահանջում: Այսօր, սակայն, նրա դիտարկմամբ, այդ հարցի լուծումը կարող է եւս մի քանի տարի ձգձգվել: «Մենք ձեռքներս ծալած չենք նստելու եւ սպասելու, որ հիմնախնդիրը լուծվի եւ նոր միայն սկսենք ինտեգրացիոն պրոցեսները տարածաշրջանային երկրների եւ մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Պետք է հասնել այն բանին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի տարբեր մակարդակի համագործակցությունից շահեն հակամարտող բոլոր կողմերը, ինչը նաեւ երաշխիք կլինի, որ որեւէ կողմ նորից զենքի չդիմի, որ երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները նորմալանան, ինչը իր հերթին կնպաստի նաեւ հակամարտության վերջնական եւ քաղաքական կարգավորմանը: Ի դեպ, դա նաեւ բարերար ազդեցություն կունենա մեր երկրների ներքաղաքական կյանքի վրա: Իսկ այդ համագործակցության տնտեսական օգուտների մասին խոսելն այլեւս ավելորդ է: Ի վերջո, այսպիսի քաղաքականությունը ավելի կսերտացնի ոչ միայն հարավկովկասյան երկրների փոխկապակցվածությունը, այլեւ դյուրին կդարձնի նաեւ մեր երկրների ինտեգրումը եվրոպական ընտանիքում, կնպաստի մեր երկրներում սոցիալական խնդիրների լուծմանն ու հասարակությունների բարեկեցությանը»,- առաջարկեց ԵՊՀ ուսանող Ս. Ավալյանը, որի դիրքորոշումը ողջունեցին նաեւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ներկայացուցիչները: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել