Լրահոս
Օրվա լրահոսը

Կավատները

Մարտ 17,2005 00:00

Կավատները շատացել են Անցած տարի հարուցվել է 35 քրգործ Երեկ Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի քննարկմանն էին դրվել մարդկանց առեւտրի (թրաֆիքինգի) եւ սեռական շահագործման նպատակով ապօրինի տեղափոխման դեպքերը, որոնց վերաբերյալ հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանը: Ըստ զեկուցողի, ՀՀ քաղաքացիները արտագնա կավատության են մեկնում Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Թուրքիա: Միայն 2004թ. արձանագրվել էր 30 դեպք: Քննչական մարմինների վարույթում 2004թ. քննվել է 35 քրեական գործ, որից 19-ը՝ դատախազության մարմիններում, մեկը՝ ԱԱԾ-ում եւ 15-ը՝ ՀՀ ոստիկանության քննչական մարմիններում: 35 քրեական գործից դատարան է ուղարկվել 27 գործ՝ 47 անձի նկատմամբ: Դատարան ուղարկված քրեական գործերով 47 մեղադրյալից 12-ի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը, 35-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Մարսել Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ կարճվել է 1 քրեական գործ՝ Շիրակի մարզում: Ըստ զեկուցողի, կավատությամբ եւ մարմնավաճառությամբ զբաղվող մարդիկ մշտական բնակության վայր էլ չեն ունեցել: Գլխավոր դատախազության վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը վերջերս էր վերադարձել Դուբայից: Ըստ նրա, անօրինական տեղափոխումները լինում են կամավոր եւ հարկադիր ու այդ առումով նախաքննության ժամանակ իրենք բարդությունների առաջ են կանգնում: Նա նկատեց, որ Դուբայում օգտագործվել էր անգամ նախկին ԽՍՀՄ-ի անձնագիրը: Փոխել էին նկարն ու անունը եւ անցել Մոսկվայով եւ Վրաստանով: «Հաջորդ դժվարությունը կապված էր կավատի եւ մարմնավաճառի տարբեր վայրերում գտնվելու հետ: Կավատը գտնվում էր Դուբայում, իսկ մարմնավաճառը՝ այստեղ: Կան կավատներ, որոնք գտնվելով անազատության կամ հետախուզման մեջ, շարունակել են՝ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու միջոցով, սեռական շահագործման նպատակով հավաքագրել եւ Դուբայ տեղափոխել անձանց»,- տեղեկացրեց պրն Միրզոյանը: Ըստ գլխավոր դատախազության ուսումնասիրությունների, դատարան ուղարկված 11 քրեական գործով սեռական շահագործման է ենթարկվել 207 կին, որից 3-ը՝ անչափահաս: Երկու դեպքով 32 հոգի հանդիսացել է այլ երկրի, մասնավորապես՝ Ուզբեկստանի քաղաքացի: 2004թ. 175 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության, համապատասխան ծառայությունների կողմից ստուգման է ենթարկվել 175-ը, որից 22-ը վեներական հիվանդություններով է տառապում: «Կավատ տղամարդկանց «զարհուրելի» փաստեր են հայտնաբերվել»,- Ա. Միրզոյանը դեռ չէր հասցրել ավարտել նախադասությունը, երբ հետեւեց գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի ձայնը՝ «Ինչո՞ւ է զարհուրելի»: Պարզվեց, որ դա մեր ազգային բնավորությանը հարիր չէ: Ի դեպ, Դուբայի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ կավատը հովանավորվում է ոստիկանության եւ հեղինակությունների կողմից: ՀՀ գլխավոր դատախազության, դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության պետ Արմեն Աշրաֆյանը նկատեց, որ նախկինում մարդկանց առեւտրի համար, պոռնկությամբ զբաղվելու ներգրավվելու գործերով թվաքանակ չկար, հետեւաբար չի եղել դատական պրակտիկա: 2004թ., ըստ նրա, դատապարտվել է 36 անձ, տուգանքի ենթարկվել 10-ը: Նշված բնույթի հանցագործությունների համար դատապարտվածների 72,2%-ը կանայք են: Ըստ Ա. Աշրաֆյանի, առանձին քրեական գործերով ակնհայտ մեղմ պատիժ է դատարանը նշանակել, ինչի առնչությամբ գլխավոր դատախազը առաջ քաշեց ծնողական իրավունքներից զրկելու հարցը: Ինչը սակայն օրենսդրորեն դեռ կարգավորված չէ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Դատախազությունը չանդրադարձավ մեր թերթում հրապարակված փաստերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել