Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԻԲԱՆԱՆԻ

Մարտ 17,2005 00:00

«ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԿՓՈՇԻԱՆԱ» Լիբանանում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, որ ներկայումս Ազատական առաջադիմական կուսակցության նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականն է՝ մեկնաբանում է Լիբանանում ստեղծված իրավիճակը: – Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո հրապարակումներ եղան, թե դա ՀՅԴ վրիժառության հետեւանքն էր: Արդյոք այս վարկածն արժանի՞ է քննության: – Սա ադրբեջանական քարոզչության կողմից սարքած ապակողմնորոշում է, եւ չի համապատասխանում իրականությանը: Բաքուն պարզապես չի կարողանում ներել, որ հայ համայնքի, մասնավորապես, ՀՅԴ-ի առկայության գործոնն արգելակիչ հանգամանք է Բեյրութում իր դեսպանությունը բացելու համար: – Ինչպե՞ս եք տեսնում լիբանանյան դեպքերի հետագա զարգացումը եւ այդ համատեքստում հայ համայնքի խնդիրները: – ԱՄՆ-ի ակտիվ դիվանագիտական գործողությունների հետեւանքով սկսված՝ սիրիական ռազմական ուժերի դուրսբերումը Լիբանանից հույս է ներշնչում, որ տարածաշրջանում գերլարված մթնոլորտը կլիցքաթափվի, եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, անշուշտ, հարգի իր խոսքը եւ ամբողջացնի այդ գործընթացը մինչեւ լիբանանյան խորհրդարանի ընտրությունները, այսինքն՝ 2005-ի մայիսը: Սակայն սիրիական զինվորականության անգամ լրիվ հեռացումը Լիբանանից՝ դեռեւս չի նշանակում «մեծ եղբոր» խնամակալության վերջ «կրտսեր եղբոր» նկատմամբ: Դամասկոսը «մայրիների երկրում» ունի ռազմաքաղաքական եւ տնտեսական խոր հետաքրքրություններ, եւ Լիբանանը հազիվ թե կարողանա հեշտությամբ ձերբազատվել սիրիական սինդրոմից, որը 14 տարի ներթափանցելով երկրի բոլոր կենսական ոլորտները, փաստորեն որոշում է նրա ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականությունը: Բավական է նշել, որ բացի զինված ուժերից՝ խորհրդային դպրոցն անցած սիրիական հազարավոր գործակալներ իրենց ցանցերն են գցել այդ երկրում: Սակայն Սիրիան կարող է պաշտոնապես հեռանալ Լիբանանից եւ շարունակել «ներկա» գտնվել այնտեղ ոչ միայն շնորհիվ իր լավ լեգալիզացված ռեզիդենտուրայի, այլեւ գլխավորաբար շնորհիվ այն հանգամանքի, որ Լիբանանում գոյություն ունի եւ ակտիվորեն գործում է նրա 5-րդ շարասյունը՝ ի դեմս շիա ռազմաքաղաքական ծայրահեղական «Հըզբոլլա» կազմակերպության: Իզուր չէ ասվում, որ վերջինս պետություն է պետության մեջ: Սա այն կազմակերպությունն է, որն օրերս իր հազարավոր անդամներին դուրս բերելով փողոց՝ պահանջում է թողնել սիրիական զորքերին Լիբանանում, մերժում ճանաչել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1559 բանաձեւը, որը պարտադրում է սիրիացիներին հեռանալ նրանց փաստորեն օկուպացրած երկրից, հանդես է գալիս հակաամերիկյան եւ հակահրեական կոչերով: Հիմնականում «Հըզբոլլայի» շնորհիվ էր, որ մարտի 10-ին սիրիամետ Օմար Քարամեն վերականգնվեց վարչապետի պաշտոնում: Լիբանանում ստեղծվել է շատ բարդ, պայթունավտանգ իրավիճակ, որն ամեն վայրկյան կարող է բերել միջհամայնքային բախումների եւ քաղաքացիական պատերազմի: Կկարողանա՞ արդյոք այդ դեպքում բազմահոծ հայ համայնքը պահել իր չեզոքությունը, ինչպես կարողացավ 16-ամյա պատերազմի ընթացքում՝ դժվար է ասել, բայց որ երբեմնի ծաղկուն համայնքը վերջնականապես կփոշիանա, կասկած լինել չի կարող: Այս իրադրությունում, օրերս, Ջորջ Բուշի վարչակազմն արեց, ըստ իս, փայլուն դիվանագիտական քայլ «ձիով»: ԱՄՆ-ը, որը տարիներ շարունակ «Հըզբոլլան» դասում էր ահաբեկչական խմբավորումների շարքին, հայտարարեց, թե պատրաստ է սկզբունքորեն ճանաչել այն որպես քաղաքական կուսակցություն: Եթե այս «մանյովրը» հասնի իր նպատակակետին եւ նրանց միջեւ սկսվի երկխոսություն, ապա Սիրիան կզրկվի Լիբանանում հուսալի հենարանից, շիա մահմեդականները, ներառյալ Իրանում եւ Իրաքում, բացառված չէ՝ դրական շրջադարձ կատարեն դեպի ամերիկացիները, իսկ Վաշինգթոնը կգրանցի իր աշխարհառազմավարական քաղաքականության նոր հաջողված քայլերից մեկը Մերձավոր Արեւելքում: – Իսկ որքանո՞վ կազդի հայ համայնքի վրա, եթե նախագահ Էմիլ Լահուդը, որի հայկական ծագումը հաճախ է շեշտվում, հեռանա իր պաշտոնից: – Ոչ մի կերպ չի ազդի: Աշխարհի մեծերի ծագումը շրջանառության մեջ դնելը եւ դրա շուրջ առասպելներ հյուսելը, հավանաբար, փոքրաթիվ ժողովուրդների թուլությունն է: Մենք բացառություն չենք կազմում: Այո՛, գեներալ Էմիլ Լահուդի մայրը հայ է, եւ նա երբեք չի թաքցրել իր ծագումը: Բայց նա առաջին հերթին լիբանանցի է եւ պաշտպանում է իր պետության շահերը: Այնպես որ, հայկական կողմից տեղի-անտեղի այդ մասին հիշեցումը արջի ծառայություն է նրան: Իսկ երբ 2001-ին Լահուդի Երեւան այցելության ժամանակ պաշտոնական մամուլն անընդհատ շեշտում էր գեներալի ծագումնաբանությունը՝ ԱԳՆ-ն ստիպված եղավ միջամտել, քանի որ դիվանագիտական էթիկայի նման խախտումը կարող էր քաղաքական խնդիրներ առաջացնել հյուրի համար իր իսկ երկրում, ինչպես նաեւ՝ պատվիրակությունում, որի ոչ բոլոր անդամներն էին նրա, մեղմ ասած, համախոհները: Հարցազրույցը վարեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել