Լրահոս
Օրվա լրահոսը

Դժգոհ են մաքսայինից

Մարտ 17,2005 00:00

Դժգոհ են մաքսայինից Չնայած նախօրեին բջջային կապի երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմ» ընկերության տնօրենը դժգոհություն էր հայտնել, թե «ԱրմենՏելը» խոչընդոտներ է ստեղծում շուկա մուտք գործելու համար՝ հետաձգելով պայմանագրի ստորագրումը, սակայն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Ղ-Տելեկոմից» այդ առնչությամբ դիմում չի ստացել: Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Տիգրան Խեչոյանը, հավաստիացնելով. «Եթե «Ղ-Տելեկոմը» դիմի, հանձնաժողովը միանշանակ իր դիրքորոշումը կարտահայտի»: Երեկ հանձնաժողովը ներկայացրեց սոցիալական նշանակության լայն սպառման շուկաներից եւս երկուսի՝ սեւ մետաղի եւ թափանցիկ թերթավոր ապակու ուսումնասիրության արդյունքները: Հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանի ներկայացմամբ, նիստի ժամանակ տնտեսվարող սուբյեկտները դժգոհություն են հայտնել ապակու ներկրման ժամանակ մաքսային ձեւակերպումների, մաքսազերծման համար անհրաժեշտ գումարների վճարման վայրի եւ մաքսային վարչարարության այլ խնդիրների առնչությամբ: Տնտեսվարողները խոստացել են խոչընդոտների վերաբերյալ ապացույցներ եւ հիմնավորումներ ներկայացնել: Եվ հանձնաժողովը որոշել է երեքամսյա ժամկետում արձագանքել բարձրացված հարցերին: Շուկայում այս ապրանքատեսակը ներկրող եւ իրացնող 27 ընկերություն կա, որից երկուսը՝ «Շինարար» եւ «Գապէքս» ընկերությունները, գերիշխող դիրք ունեն: Հանձնաժողովի անդամ Սլավա Պետրոսյանի ներկայացմամբ, սեւ մետաղը հիմնականում ներկրվում է Ռուսաստանից, Ուկրաինայից: Հանձնաժողովը պարզել է, որ այս շուկայում եւս գերիշխող դիրք ունեցող ընկերություն կա՝ «Մետեքսը»: Վերջինս իրացման ծավալներով գրավում է շուկայի 1/ 3-ից ավելին: Հանձնաժողովի անդամների խոսքերով, լայն սպառման շուկաների ուսումնասիրությամբ նպատակ ունեն տեղեկատվական բազա հավաքել, հայտնաբերել գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներին, ինչը հնարավորություն կտա մրցակցության սկզբունքների խաթարման դեպքում արագ արձագանքել եւ դրանք վերացնել: Տ. Խեչոյանն անդրադառնալով հանձնաժողովի հայտնաբերած տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումներին, ասաց, որ նախորդ տարի խախտումներ են արձանագրվել մասնավորապես սուրճի, ալկոհոլային խմիչքների, շոկոլադե կոնֆետների շուկաներում: Հանձնաժողովի նշանակած տուգանքների գումարը կազմել է 6, 5 միլիոն դրամ: Ըստ իրավաբանի, հանձնաժողովը վերցրել է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցակցության սահմանափակման մի քանի դեպք. «Արձանագրվել է տնտեսական մրցակցության սահմանափակման 4 դեպք, որոնց վերաբերյալ հանձնաժողովը համապատասխան միջոցներ է ձեռնարկել»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել