Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԳԱՅԻՆ

Մարտ 17,2005 00:00

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԺ «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Հայտարարում են 1998թ. Լ. Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ական իշխանությունների ռազմատենչ թեւը իրականացրեց ներպալատական հեղաշրջում: Առիթը, իբր, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման տերպետրոսյանական իշխանությունների որդեգրած փուլային տարբերակն էր: Անցած յոթ տարիներն ակներեւ դարձրին հեղաշրջման բուն նպատակները՝ թալանչիական սեփականաշնորհման արդյունքում ժողովրդից կեղեքված հարստության վերաբաշխում իշխանությունը զավթած վերնախավի դրածոների միջեւ, ազգությամբ հայ (հատկապես՝ Ռուսաստանի Դաշնությունից) ներդրողների ունեցվածքի եւ բիզնեսի անօրեն օտարում (ռեկետ), իրենց նկատմամբ պետության կողմից իրականացվող քաղաքաքրեական հետապնդումների իրականացում, նախկինում կատարված սահմռկեցուցիչ հանցագործությունների բացահայտման սառեցում, կենսապահովման ոլորտների մենաշնորհային իշխանական կլանային համակարգի հիմնում… Այս ամենի հետեւանքը ժողովրդավարության առկա ծիլերի ոչնչացումն էր, իշխանությունների եւ կրիմինալի սերտաճումը, արտաքին քաղաքական մեկուսացումը, տարածաշրջանային տնտեսական հեռանկարային ծրագրերից Հայաստանի դուրս մղումը, ազգաբնակչության ճնշող մեծամասնության սոցիալական ծանր դրությունը, համատարած հուսահատությունը, թերահավատությունը վաղվա օրվա, ապագայի նկատմամբ, չդադարող արտագաղթը: Նման պայմաններում Քոչարյանի հենարանը հանդիսացող քաղաքական կոալիցիան որդեգրել է երկրում կատարվող անօրինական գործողությունների հրապարակումներ, որոնք ուղեկցվում են փոխադարձ աննախադեպ մեղադրանքներով եւ մերկացումներով: Պատահական չէ, որ գործող իշխանությունների համար կատարված հանցագործությունների մատնանշումներն այդպես էլ չեն դառնում իրավապահ պատկան մարմինների հետաքննության առարկան, վկայելով, որ կոալիցիա կազմող քաղաքական կուսակցությունները Ռ. Քոչարյանի հետ անզոր են օրինականություն հաստատել երկրում, կամ էլ ապացուցում են, որ դրա խոչընդոտը ոչ լեգիտիմ նախագահն է: Հայոց պետականության համար ստեղծված վտանգավոր իրավիճակը հանգեցրել է հանցագործությունների աննախադեպ աճի. այսպես, 2004թ. արձանագրվել է ծանր հանցագործությունների 3492 դեպք՝ 1243-ով ավելի, քան 2003թ., իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 177 դեպք՝ 2003թ. 127-ի դիմաց: Մինչդեռ ամենաթողության հիմնական պատասխանատուները՝ գլխավոր դատախազության ղեկավարությամբ, զբաղված են Արագած լեռան շուրջ կռապաշտներին հատուկ շուրջպարերի՝ «խորովոդների» կազմակերպմամբ: Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ծանր իրավիճակի գնահատականը վերջերս տվել են թե՛ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, թե՛ ԱՄՆ պետական դեպարտամենտը: Իշխանություններն էլ, փոխանակ միջազգային հանրության արձագանքներից լրջագույն հետեւություններ անեն, ժողովրդի ուշադրությունը շեղելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում իրենց ձախողումները քողարկում են 11 տարի ուշացումով Ազգային ժողովում անպտուղ լսումների կազմակերպմամբ: Մենք գտնում ենք, որ այսօր իշխանությունների կողմից ի պաշտպանություն ԼՂՀ-ի կազմակերպվող հասարակական լսումները կդառնան ոչ այլ ինչ, քան հասարակության եւ միջազգային հանրության ուշադրությունը շեղող գործընթացներ: «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահությունը եւ պատգամավորական խմբակցությունը հերթական անգամ հայտարարում են, որ ԼՂՀ-ի հիմնահարցի արդարացի լուծման միակ երաշխավորը ի զորու են դառնալ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձեւավորված նախագահական եւ խորհրդարանական իշխանությունները: «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել