Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ

Մարտ 17,2005 00:00

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼՈ՞Ւ ԵՆ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահն ընդունում է, որ եթերը գերբեռնված է: Երեւանի մամուլի ակումբի բյուլետենի վերջին համարում հրապարակվել է «Դավադրություն խոսքի ազատության դեմ կամ եթերի նախընտրական «օպտիմալացում» հոդվածը, որում մասնավորապես նշվում է, թե համապետական ընտրությունների շեմին իշխող շրջանակները մտադիր են առավել ուժեղացնել վերահսկողությունը էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ: Իսկ քանի որ 40-ից ավելի TV-ները վերահսկելը բարդ խնդիր է՝ «ահա եւ պետական այն գործիչների ուղեղներում, ովքեր պատասխանատու են քարոզչության համար, հասունացել է թարմ գաղափար՝ պետք է կրճատել հեռուստաալիքների քանակը: Բնականաբար, այս նախաձեռնությունը պետք է հիմնավորվի սպառողի շահերով, իբր մի քանի տասնյակ հեռուստաալիքների համար երկրում չեն հերիքում ո՛չ մասնագետները, ո՛չ նյութական ռեսուրսները: Եվ մեդիա-արտադրանքի որակի բարձրացման համար հարկ է կենտրոնացնել երկրում առկա ներուժը»: Որպես «դավադիրների» առաջին քայլ է մատուցվում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում 2003-ի դեկտեմբերին կատարված այն փոփոխությունը, որը ՀՌԱՀ-ին հնարավորություն է ընձեռում ըստ իր հայեցողության չհայտարարել մրցույթներ ազատ հաճախությունների համար. «Վերացնելով օրենսդրական խոչընդոտը՝ «դավադիրներն» անցան «բացատրական աշխատանքի»՝ հեռուստաալիքների կրճատման քանակի օգտակարության շուրջ, եւ այս թեման նրանք արծարծում են ավելի եւ ավելի ինտենսիվորեն»: ԵՄԱ-ն նաեւ նշում է. «Սկզբունքորեն, բավական ողջամիտ փաստարկներ են բերվում հօգուտ առկա մասնագիտական եւ շուկայական ռեսուրսների կենտրոնացման: Սակայն դրանց ընկալմանը խանգարում է մի, առավել քան էական, հանգամանք՝ հեռարձակման ոլորտում հայեցակարգային բարեփոխումների մշակումը եւ իրականացումը, այդ թվում նաեւ՝ եթերի օպտիմալացումը կարելի է վստահել այն մարմնին, որն իրապես է նվիրված ազատ եւ մասնագիտական ԶԼՄ-ների կայացման գաղափարին: Իսկ մեր ՀՌԱՀ-ն առաջին հերթին մտահոգված է անկախ, իշխանությունների կողմից չվերահսկվող «տարրերին» եթերից զերծ պահելով եւ մեդիա-շուկան «մերոնքականների» նեղ շրջանակի շահերով վերաձեւելով»: Հեղինակները նշում են, թե հեռուստաալիքների կրճատման գաղափարը ողջունում է նաեւ հեռարձակող ընկերությունների ղեկավարների մեծամասնությունը. «Ժամանակին նրանք նետվեցին հեռուստաալիքներ բացելու եւ առնելու՝ ոմանք, որ դրանք օգտագործեն իբրեւ ամբիոն քաղաքական սեփական ծրագրերի համար, ոմանք, որ եթերի միջոցով տեղեկատվական ծառայություններ մատուցեն երկրի բարձրագույն ղեկավարությանը եւ պատասխան բարեհաճության արժանանան այլ գործերում, ոմանք էլ, որ «Ա1+»-ի արտոնագրի ճանապարհը փակեն եւ էլի արժանանան վերեւների երախտագիտությանը»: Եթերի ներկայիս տերերից քչերն իրականում հույս ունեին փող աշխատել հեռուստատեսության միջոցով՝ «մանավանդ Հայաստանի սահմանափակ գովազդային շուկան հաշվի առնելով: Հակառակը՝ նրանք պատրաստ էին այս պատասխանատու գործին զոհել իրենց հիմնական բիզնեսի շահույթի մի մասը: Բայց այդ բեռը գնալով ավելի է ծանր դառնում որոշ հեռուստաընկերությունների տերերի համար. բավական չէ, որ սա թանկ հաճույք է՝ դեռ գլխացավի առարկա է՝ հանկարծ եթեր չսպրդի որեւէ անցանկալի բան: Իսկ խնդրահարույց հեռուստաբիզնեսից ազատվելը հեշտ չէ: Այն վաճառել կամ փոխանցել կարելի է միայն նույնքան վստահելիներին եւ բացառապես վերեւների «օրհնությամբ»: Այս եւ այլ գործոններ հաշվի առնելով՝ բոլոր թափուր կապուղիներն անպայմանորեն հատկացնելու ոչ պարտադիր լինելը, փաստորեն, փրկում է իրավիճակը՝ ճանապարհ հարթելով հեռուստաալիքների փակման կամ միավորման համար: «Առավոտը» մեկնաբանություններ խնդրեց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանից, թե հնարավո՞ր է նման նախաձեռնության իրականացումը, երբ գործող հեռուստաընկերություններն ունեն հեռարձակման 7 տարվա արտոնագրեր. «Եթե պետությունն ամենամեծ ցանկությունն էլ ունենար գործող հեռուստաընկերությունները նվազեցնել՝ դա անհնար կլիներ, եթե մարդիկ աշխատեին բարեխղճորեն, օրենքի դաշտում (իսկ դա այդպես չէ՝ մեծ մասամբ.- Ա. Ի.): Ինչի՞ հիման վրա պիտի դադարեցվեին նրանց արտոնագրերը, եթե պահպանվում են արտոնագրի եւ օրենսդրության պայմանները: Նաեւ կառաջանար նրանց հատուցելու հարցը, եւ պարզ չէր դառնա, թե ի՛նչ սկզբունքով եւ ո՛ւմ կրճատել, հանել եթերից»: Նկատենք, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ արտոնագիրը կարող է չեղյալ համարվել նաեւ արտոնագրատիրոջ դիմումի հիման վրա: Եվ պրն Ամալյանը նշեց. «Այլ բան է՝ եթե որոշում կայացվի, որ երբ որեւէ մեկը դադարեցնի կամ կորցնի արտոնագիրը՝ դրանից հետո չհայտարարվի մրցույթ: Ինքս համաձայն եմ, որ եթերը գերբեռնված է, եւ նախնական մոտեցումն այդքան էլ հաջող չի եղել. շուկայական առկա ունակությունների պարագայում գործող ալիքների թիվն ավելի շատ է: Բայց հանձնաժողովը չի ներկայացրել դրանց քանակն այժմ պակասեցնելու նախաձեռնություն»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել